21/10/2026

EU – Armenia

Ռազմիկ Աբրահամյանը դիմեց` ՍԷԿՏ-ս բացեք, առողջական հարցով մեկնեմ, թույլ չտվեցին․ Լուսանկար

Երեխաների ապօրինի որդեգրման սկանդալը պայթեց 2019 թվականին, երբ կառավարության նիստում վարչապետն ու կառավարության անդամները հայտարարեցին, որ երեխաներ են վաճառվել արտասահման, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ ապօրինի սխեմաներով տասնյակ երեխաներ են որդեգրվել Իտալիայից։

Հրապարակ թերթը գրել է․ Քրեական գործով նկարագրված էր մի քանի սխեմա։ Ըստ մեղադրանքի՝ ծննդատներում մայրերին ստիպել են հրաժարվել իրենց երեխաներից։ Արտերկիր որդեգրման են ուղարկվել նաեւ առողջ երեխաներ՝ նրանց առողջական վիճակի վերաբերյալ կեղծ փաստաթղթերով։ Այս պատմությունը մեծ աղմուկ բարձրացրեց։ Խոսքը երեխաների ճակատագրերի, ծնողների իրավունքների եւ պետական համակարգի աշխատանքի մասին էր։ Այս սկանդալին ավելացավ նաեւ այն, որ Արարատ Միրզոյանը կառավարության նիստում հայտարարեց, որ ավելի սարսափելի բաներ էլ են կատարվել` գուցե երեխաներին օրգանների համար են վաճառել: Հասարակությունը ցնցված էր, ակնկալում էր, որ գործը կքննվի արագ, կպարզվեն բոլոր հանգամանքները, պատասխանատուները կարժանանան իրավական գնահատականի եւ դաժան պատիժների կենթարկվեն։

«Հրապարակ». Ռազմիկ Աբրահամյանը դիմեց` ՍԷԿՏ-ս բացեք, առողջական հարցով մեկնեմ, թույլ չտվեցին

Սակայն 2019-ից անցել են տարիներ, իսկ գործը դեռ հանգուցալուծման չի հասել, մեղադրանքների մի մասն ակնհայտորեն հերքվել է, խափանման միջոցները փոխվել են, մեղադրյալների շրջանակը կրճատվել է, բայց դատաքննությունը շարունակվում է, ու դատարանը չի կարողանում դատավճիռ արձակել։

Գործով մեղադրյալների թվում են սոցիալական հարցերի, արդարադատության նախարարությունների, քաղաքապետարանի նախկին աշխատակիցներ, Հանրապետական ծննդատան ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը՝ մի քանի բժիշկների հետ, «Մանկան տան» նախկին տնօրենը, ինչպես նաեւ Իտալիայում որդեգրման գործընթացներով զբաղվող հավատարմագրված կազմակերպությունների ներկայացուցիչը` Անուշ Գարսանցյանը։

Գործը տարիներ շարունակ քննվում էր ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատարանը վերջնական ակտ չի կայացրել, բայց գործն ընթացքում տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այժմ քննվում է դատավոր Սարգիս Դադոյանի վարույթում՝ դռնփակ դատական նիստերով։

Ինչու է գործի քննությունն այսքան ձգձգվում։ Եթե մեղադրանքներն այնքան լուրջ են, որ տարիներ առաջ մեծ աղմուկ բարձրացրին, ապա ինչո՞ւ մինչ օրս չկա վերջնական դատական ակտ։ Իսկ եթե մեղադրանքը չի հաստատվում, ապա նշանակում է, որ մեղադրյալների իրավունքներն են ոտնահարվում, եւ նրանք իրավունք ունեն իրենց գործի քննությունը ողջամիտ ժամկետում ավարտված տեսնելու։ Դատարանի խնդիրն է, որ գործը քննվի օրենքով սահմանված կարգով եւ առանց անհարկի ձգձգումների։

Այս երկարատեւ գործընթացը հետեւանքներ ունի նաեւ մեղադրյալների համար։ Նրանց նկատմամբ կիրառված է բացակայելու արգելք։ Այսինքն՝ նրանք տարիներ շարունակ չեն կարողանում դուրս գալ Հայաստանից, իսկ մեղադրյալների թվում կա մարդ, որը պարբերաբար բուժման է մեկնում արտերկիր, կամ հարազատներ ունեն արտերկրում, չեն կարողանում նրանց այցելել։ Էլ չենք խոսում վատնված ժամանակի, նյարդերի, առողջության եւ արդարադատության հաղթանակի կարեւորության մասին: Մեղադրյալները երկար տարիներ ստիպված են ապրել սահմանափակումների պայմաններում, լարվածության մեջ։

Քրեական գործի քննությունը տարիներով ձգվում է, հիմա դատական նիստերը չեն կայանում։ Անուշ Գարսանցյանի շահերի պաշտպանությամբ ի սկզբանե զբաղվել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ «Հրապարակ»-ի հետ զրույցում փաստաբանը քննադատեց թե՛ մեղադրանքը, թե՛ գործի քննության ընթացքը։ «Որեւէ բան չկա, չի էլ կարող լինել` ամենադատարկ, ամենաանհիմն գործի վառ օրինակն է, ինչքան իրավունք կա՝ խախտվել է այս գործով։ Այն պետության ստեղծած փուչիկն էր, որը պայթել է: Շոու արեցին։ Չկա տուժող, եւ բարոյական ու իրավական առումով խայտառակություն է»։ Փաստաբանի գնահատմամբ՝ գործը հիմնավոր չէ, եւ դրա շրջանակներում իր պաշտպանյալի իրավունքները խախտվել են։ Ինչ վերաբերում է գործը Հակակոռուպցիոն դատարան ուղարկելու հանգամանքին, Մարտիրոսյանի խոսքով՝ այս գործը ենթակա չէ Հակակոռուպցիոն դատարանում քննվելու, հատկապես իր պաշտպանյալի հետ կապված, քանի որ Անուշ Գարսանցյանը պաշտոնատար անձ չի եղել։

Զրուցեցինք նաեւ Անուշ Գարսանցյանի հետ։ «Գործը գտնվում է Դադոյան Սարգիսի վարույթում, 4-րդ տարին է՝ մեր գործն այնտեղ է, դատախազը դեռ մեր մեղադրանքները չի կարդացել, նախնական դատալսումների փուլում ենք դեռ։ Վերջին 6 ամիսը Դադոյանն ամեն ամիս նիստ է անում, դատախազը գալիս է, մի փոքր հատվածներ կարդում է, գնում է, այդպես առաջ ենք գնում։ Դատական նիստերն առավոտյան 11։30-ից մինչեւ ճաշի ժամն են տեւում, կարծում եմ՝ մի 10 տարի կտեւի` չգիտեմ։ Մեր դատավորը մի օր եկավ նիստի, ասաց՝ գործն ուզում եմ բաժանել, որոշեք՝ ոնց եք ուզում, որ բաժանվի, ես անձամբ իմ կարծիքն ասացի, որ իմ գործունեությունը կախված է արդարադատության նախարարությունից, դատավորը որոշեց, որ` չէ, արդարադատության նախարարությունը պետք է առանձին գնա, ես եւ թարգմանիչը մնանք բժիշկների հետ։ Ես, թարգմանիչը, Ռազմիկ Աբրահամյանը, Արշակ Ջերջերյանը եւ Արամ Շահբազն առանձին մասով ենք, իսկ մնացածը Հակակոռուպցիոնում քննվում է, մյուսների մասով արագ-արագ քննում են, երեւի մինչեւ տարվա վերջ կավարտեն։ Ես դատավորին ասել եմ՝ մեր մասով դուք չեք կարող լսել, քանի որ մենք նախկին պաշտոնյաներ չենք, ասաց` ոչ, ես պիտի լսեմ։

Ավելին ասեմ․ վերջերս Ռազմիկ Աբրահամյանը դիմել էր, թե ՍէԿՏ-ս բացեք մի քանի օրով, գնամ Անգլիա, ստուգումներս անեմ՝ առողջական։ Ասաց՝ ոչ ու երկրորդ խափանման միջոց կիրառեց»,- նշեց նա։