21/10/2026

EU – Armenia

Միրզոյանը հստակ ասաց՝ ինչու Բաքուն չի ստորագրում խաղաղության համաձայնագիրը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում շարունակում են տարաձայնություններ մնալ։ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ Բաքուն համաձայնագրի ստորագրումը պայմանավորում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ, մինչդեռ Երևանը նման պահանջի համար հիմքեր չի տեսնում։

ԱԺ-ում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկման ժամանակ Միրզոյանը հաստատել է, որ ադրբեջանական կողմը բարձրացնում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցը։ Նրա փոխանցմամբ՝ Բաքվի դիրքորոշումն այն է, որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելուց հետո այն չի կարող վերջնականապես ստորագրել, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունն ունի ներկայիս բովանդակությունը։

Հայկական կողմը, նախարարի խոսքով, համաձայն չէ ադրբեջանական այդ գնահատականին և պնդում է, որ Սահմանադրության մեջ մտահոգության տեղիք տվող դրույթներ չկան։ Միրզոյանը նաև նշել է, որ կողմերից յուրաքանչյուրը շարունակում է հավատարիմ մնալ սեփական դիրքորոշմանը՝ չընդունելով մյուսի մոտեցումները։

Միևնույն ժամանակ, նախարարի հավաստմամբ, այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև ՀՀ Սահմանադրության հարցով բանակցություններ չեն ընթանում։

Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրն ու ժամանակը։ Նրա խոսքով՝ Երևանի այս առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ։