29/10/2026

EU – Armenia

Ի՞նչ է սպասվում. պասպորտ–սեղանները փակվում են

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի տրամադրման գործընթացը, որի շրջանակում փաստաթուղթ ստանալու համար քաղաքացիները պետք է անցնեն նոր ընթացակարգ։

Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա ներկայացմամբ՝ կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին նախ պետք է նախնական գրանցում անցնի։ Դրանից հետո նրա էլեկտրոնային հասցեին կուղարկվի QR կոդ, որն անհրաժեշտ կլինի հետագա գործընթացի համար։

Փաստաթղթի համար նախատեսված վճարումը պետք է կատարվի նախապես՝ առցանց եղանակով և անկանխիկ։ Սպասարկման գրասենյակ այցելելիս քաղաքացին արդեն պետք է հանձնի մատնահետքերը և լուսանկարվի։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ նոր համակարգը հնարավորություն կտա ամբողջ գործընթացն անցնել ինքնասպասարկման հատուկ սարքերի միջոցով՝ առանց աշխատակիցների անմիջական օգնության։ Դրանցով քաղաքացիները կկարողանան ինքնուրույն լուսանկարվել և հանձնել մատնահետքերը։

Սարգսյանի խոսքով՝ նման սարքեր կտեղադրվեն Երևանի «Մեգամոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում, ինչպես նաև Հայաստանի այլ վայրերի ևս 12 կետերում։ Կենսաչափական փաստաթուղթը քաղաքացիները կստանան 14 աշխատանքային օրվա ընթացքում։

Կառավարության նիստի ընթացքում նախարարներն արդեն ուսումնասիրում էին նոր նմուշի կենսաչափական անձնագրերը։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր համակարգի ներդրմանը, հայտարարեց, որ վատ լուր ունի քաղաքացիների համար․ տասնամյակներ շարունակ գործող անձնագրային սեղանները փակվելու են։