Վերջերս ինչ-որ հարցով ինձ էր դիմել Տավուշի մարզի սննդի օբյեկտներից մեկում աշխատող միջինից բարձր տարիքի կին։ Ասում էր, որ գրանցված աշխատող չէ, սննդի օբյեկտում ամաններ է լվանում, հավաքարարություն անում, սակայն դրա դիմաց օրական մի քանի հազար դրամ՝ չնչին գումար է ստանում։
Հրապարակ թերթը գրել է․ Տավուշի մարզում գործող մի ռեստորանի մատուցողուհիներին էլ ռեստորանատերը չի վճարում՝ ասելով, որ նրանց ռոճիկը հաճախորդների տված թեյավճարներն են։
Դիլիջանից մեզ պատմեցին, որ քաղաքի շատ օբյեկտներում աշխատողներին շատ աշխատեցնելն ու քիչ վարձատրելը սովորական բան է։ Այդ օբյեկտների տերերը Երեւանից, Հայաստանի այլ վայրերից Դիլիջանում բիզնես գործարկած կամ Դիլիջանում աշխատող պաշտոնյաներ են, որոնք համատարած ոտնահարում են աշխատողների իրավունքները։ Շինարարության մեջ, սննդի, սպասարկման շատ օբյեկտներում աշխատողներին չեն գրանցում, որպեսզի գործատուն նրանց համար հարկեր չվճարի, եւ գրոշներ են վճարում։
1886 թվականի մայիսի 1-ին Չիկագոյի հազարավոր բանվորներ գործադուլ եւ խաղաղ ցույցեր սկսեցին՝ պահանջելով սահմանել 8-ժամյա աշխատանքային օր։ Այդ գործադուլի, ցույցերի եւ դրանց հաջորդած բախումների կապակցությամբ հետագայում մայիսի 1-ը հռչակվեց Աշխատավորների միջազգային օր։ Իսկ 21-րդ դարի երկրորդ տասնամյակի Հայաստանում շատ աշխատողների աշխատանքային օրը գերազանցում է 8 ժամը, շատ դեպքերում արտաժամյա աշխատանքի համար չեն վարձատրվում։ Աշխատողներին շահագործում են նաեւ մեծ ծանրաբեռնվածությամբ՝ քիչ վճարելով։
Դիլիջանի բնակչուհի Լուսինե Գրիգորյանը Ֆեյսբուքի «Իմ Դիլիջանը» խմբում գրել է․ «Երեք աշխատանք՝ մեկ աշխատավարձո՞վ։ Որոշ գործատուներ մարդուն աշխատանքի են հրավիրում կոնկրետ պարտականությամբ, օրինակ՝ որպես աման լվացող, բայց աշխատանքի անցնելուց հետո պարզվում է, որ նա պետք է նաեւ հավաքարար լինի, խոհարարի օգնական եւ կատարի մի շարք այլ աշխատանքներ։ Օրական 12 ժամ ծանրաբեռնված աշխատանք, բայց վարձատրությունը՝ չնչին, ընդամենը մեկ հաստիքի համար։ Ստացվում է՝ մեկ աշխատողը կատարում է երեք մարդու գործ, բայց վճարվում է միայն մեկի դիմաց։ Հարգելի՛ գործատուներ, եթե ձեր բիզնեսին երեք աշխատողի աշխատանք է անհրաժեշտ, ապա երեք աշխատող պահեք։ Մի՛ փորձեք մեկ մարդու հաշվին խնայել՝ նրա ժամանակի, առողջության եւ արժանապատվության հաշվին։ Աշխատողը շահագործման միջոց չէ, իսկ ազնիվ աշխատանքն արժանի է արդար վարձատրության։ Մեկնաբանություններում գրեք, եթե նման փորձ ունեցել եք»։
Լ․ Գրիգորյանի գրառմանը շատերն են արձագանքել։ Նվարդ Մելյանը գրել է․ «Իհարկե, ունեցել ենք, ու դա կոչվում է ունիվերսալ աշխատող»։ Լուսինե Ալթունյանն էլ արձագանքել է. «Ես ձեզ՝ վառ օրինակ»։ Գենիկ Մելիքյան․ «Սիրում են, որ շահագործեն կոպեկներով»։ Մարիամ Սահակյանը եւս հավաստել է․ «Համարյա բոլոր տեղերում նույն պատկերն է»։ Դիլիջանի բնակչուհի Անուշ Ֆրանգուլյանը հարց է տվել․ «Ամենուր նույն շահագործումը, է, հիմա հարց`ինչպե՞ս լուծում գտնել այս իրավիճակի դեմ»։ Հասմիկ Եղիազարյանն էլ պատկան մարմիններին է վկայակոչել. «Շատ ճիշտ եք։ Պետք է պատկան մարմինները լինեն ուշադիր»։ Լիանա Հովսեփյանը հավելել է․ «Վանաձորում նույն վիճակն է»։
Լիանա Նուբարյանն արտահայտվել է աշխատողների կողմից այդ իրավիճակին ոչ համարժեք վարքի մասին․ «Շատ ճիշտ է։ Եթե բոլոր աշխատողները պայքարեն իրենց իրավունքների համար (պարտականությունները չմոռանալով, իհարկե), միգուցե պատկեր փոխվի։ Բայց լիքը-լիքը աշխատողներ էլ իրենց ճղում են մեջտեղից, ինչ է թե շեֆի տուտուզը մտնեն։ Դա իրենց դուր է գալիս (օճառվեն, էլի)։ Արդյունքում մրցակցություն է սկսվում, թե ում օճառն է ավելի պլստան։ Գործատուին էլ ի՞նչ կա․ մեկ-երկու տեսնում է՝ մի հոգին 3 պազիցիա պահում է, ոտը ոտին է քցում՝ փողերը հաշվում։ Ու դա ջանասիրաբար աշխատելու հետ կապ կունենար, եթե աշխատավարձն էլ գոնե ջանասիրաբար տրամադրվեր, ոչ թե 100 հազար թուլափայ։ Հայի խասյաթ է․․․մտնելը կամ էլ խեղճանալը։ Դրա համար էլ էդ պատկերն է ամեն տեղ հիմնականում»։
Գործազրկության բարձր մակարդակ է, շատ անգործներ ստիպված համաձայնում են մի քանի գործ անել, սակայն վարձատրվել մեկ աշխատանքի դիմաց։ Գործատուին ձեռնտու է դա, նա ոչ թե աշխատանքային լավ որակներով աշխատակից է ընտրում, այլ նրան, որը պատրաստ է մի քանի աշխատանք կատարել։ Հայաստանում արհմիությունների աշխատանքը ձեւական բնույթ է կրում, նրանք աշխատողների իրավունքները չեն պաշտպանում, գործազրկությունից տառապողներն էլ հազիվ գործ գտնելով՝ համակերպվում, լռում են իրենց իրավունքների ոտնահարման, աշխատանքային շահագործման դեպքերում։ Աշխատանքի տեսչական մարմինն էլ թերանում է աշխատանքի մեջ, եւ ունենք այս պատկերը։


Բաց մի թողեք
ՌԻԴ-ի ծրագիրը մնացել է թղթի վրա
2 ամբիոնի վարիչ՝ 1 ուսանողի ցուցմունքով
Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել