17/11/2026

EU – Armenia

Գրիգորյանը մեզ պատկերացնում է որպես ծայրագավառ. պետք է բանակցել ՌԴ-ի հետ՝ վտանգավոր իրավիճակ կստեղծվի

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի խոսքով՝ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները մտել են տրանսֆորմացիայի փուլ. տարբեր քննարկումներ պետք է տեղի ունենան:

«ՌԴ-ից շարունակվում են տնտեսական ճնշումները, ուլտիմատումները, որոնք մեծանում են: Պետք է բանակցել, հակառակ դեպքում ավելի վտանգավոր իրավիճակ կստեղծվի»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա՝ անդրադառնալով դեկտեմբերին նախատեսված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ այցերին:

Խոսելով ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու մասին՝ Մարգարյանը նկատում է. «ՀԱՊԿ-ում մեզ ձայնից զրկելը իրավիճակին չի վնասում: Մենք փաստացի դուրս ենք եկել ՀԱՊԿ-ից»:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, որին դեմ է արտահայտվում ընդդիմությունը, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավարն ասում է՝ ընդդիմությունն է Ադրբեջանի պահանջները բերում դարձնում ներքաղաքական օրակարգ, Ադրբեջանը ոչինչ չի անում. «Էական չէ՝ Ադրբեջանն ինչ է խոսում, էականն այն է, թե մենք ինչ կարևորություն ենք դնում հիմքում: Ընդդիմությունը խեղում է սահմանադրական բարեփոխումները»:

Զրուցակիցը միաժամանակ ասում է, որ դեմ է արտահերթ ընտրություններին. «Այս վիճակը կարողանալու ենք հաղթահարել»:

Արմինե Մարգարյանը Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները՝ կապված ՌԴ-ի և ԵՄ-ի հետ, այսպես է մեկնաբանում. «Արմեն Գրիգորյանը մեզ պատկերացնում է ծայրագավառի կարգավիճակում: Արմեն Գրիգորյանի իդեալական աշխարհում մենք միշտ կախված պետք է մնանք ՌԴ-ից»: