16/08/2026

EU – Armenia

Եվ ամենից առաջ՝ թող օրհնված լինի սերը․ Որքա՜ն գեղեցիկ խորհուրդներ կան այսօր

Օգոստոսի 16-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցում պարզապես ևս մեկ տոնական օր չէ։ Սա այն սրբազան օրերից է, երբ երկինքն ու երկիրը կարծես մի պահ ավելի մոտ են դառնում իրար, իսկ մարդու սիրտը՝ Աստծուն։

Այսօր Հայ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ իր հինգ տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Եկեղեցու խորաններում այսօր առանձնահատուկ կերպով հնչում է Աստվածամոր անունը՝ Մարիամի, այն կնոջ, որի մեջ մարդկությունը տեսնում է մայրական սիրո, խոնարհության, մաքրության և անսահման նվիրումի ամենաբարձր կերպարներից մեկը։

Եվ գուցե պատահական չէ, որ այս տոնը հայ ժողովուրդը դարերով կապել է խաղողի հետ։

Այսօր Խաղողօրհնեքի օրն է

Խաղողը պարզապես պտուղ չէ։ Այն հայ մարդու հիշողության մեջ ունի գրեթե խորհրդավոր նշանակություն։ Այն արևի, հողի, աշխատանքի և սպասումի պտուղն է։ Խաղողի յուրաքանչյուր ողկույզ իր մեջ կարծես պահում է մի ամբողջ տարվա պատմություն՝ գարնան անձրևները, ամառվա արևը, հողի լռությունը, մարդու ձեռքերի աշխատանքը և այն հավատը, որ ամեն սերմ, եթե սիրով խնամվի, մի օր պտուղ է դառնալու։ Եվ այսօր այդ պտուղը տարվում է եկեղեցի՝ օրհնության։

Որքա՜ն գեղեցիկ խորհուրդ կա այս պարզ գործողության մեջ

Մարդը Աստծուն է վերադարձնում իր ստացածի առաջին ու լավագույն բաժինը՝ ասես ասելով․ «Տե՛ր, այն ամենը, ինչ ունեմ, միայն իմ ուժերով չէ ստեղծվել։ Այս պտղի մեջ կա Քո տված արևը, Քո տված անձրևը, Քո տված հողը, Քո տված կյանքը»։

Օրհնված խաղողը տուն վերադառնալիս կարծես իր հետ բերում է ոչ միայն եկեղեցու օրհնությունը, այլև մի շատ կարևոր հիշեցում․ մարդը երբեք միայնակ չէ իր ճանապարհին։

Սուրբ Աստվածածնի Վերափոխման խորհուրդն էլ հենց այդ անսահման սիրո մեջ է

Մարիամը՝ Տիրամայրը, մայրության այն խորհրդանիշն է, որի առաջ մարդկային բառերը հաճախ աղքատ են դառնում։ Մայրը նա է, ով իր սրտում տեղավորում է մի ամբողջ աշխարհ։ Նա կարող է լռել, բայց նրա լռության մեջ աղոթք կա։ Նա կարող է ցավ կրել, բայց այդ ցավի մեջ էլ սեր կա։ Նա կարող է հրաժարվել իրենից՝ հանուն իր զավակի, և այդ հրաժարման մեջ էլ մեծագույն ուժ կա։

Մայրական սերը երբեմն ամենալուռ աղոթքն է

Եվ գուցե հենց դրա համար այսօր Աստվածածնի տոնը մեզ բոլորիս հիշեցնում է սիրո ամենաբարձր ճշմարտություններից մեկը․ սիրել նշանակում է ոչ միայն ունենալ, այլև տալ, ոչ միայն պահանջել, այլև նվիրել, ոչ միայն խոսել, այլև հավատարմորեն մնալ։

Այսօր եկեղեցու բակում, խաչերի ու զանգերի ներքո, խաղողի ողկույզները դառնում են մարդու և Աստծո միջև մի փոքրիկ, բայց գեղեցիկ խորհրդանիշ։

Մարդը վերցնում է հողի պտուղը և բարձրացնում դեպի երկինք։ Իսկ երկինքը կարծես պատասխանում է՝ օրհնությամբ։ Այդ պահին խաղողի յուրաքանչյուր հատիկ կարող է հիշեցնել մեզ մեր կյանքի մասին։ Մենք էլ ենք երբեմն նման ողկույզների՝ կապված մեր արմատներին, բայց ձգտող դեպի լույսը։ Մենք էլ ունենք մեր չորացած ճյուղերը, մեր չիրականացած սպասումները, մեր կորուստները, մեր ցավերը։ Բայց եթե մեր մեջ դեռ սեր կա, եթե կարողանում ենք ներել, հավատալ, սպասել և նորից սիրել, ուրեմն մեր կյանքի որթատունկը դեռ պտուղ է տալիս։

Այս օրը հատկապես ուզում եմ մտածել սիրո մասին

Ոչ միայն այն սիրո, որի մասին բանաստեղծություններ են գրվում։ Այլ այն սիրո, որը մնում է, երբ բանաստեղծությունն ավարտվում է։ Սիրո, որը հիվանդության ժամանակ նստում է կողքիդ։
Սիրո, որը չի հեռանում դժվարության առաջին պահին։ Սիրո, որը հիշում է բացակայողներին։
Սիրո, որը ներողություն է խնդրում, երբ հպարտությունը ստիպում է լռել։ Սիրո, որը կարողանում է ձեռք մեկնել նույնիսկ այն մարդուն, ում հետ ճանապարհները բաժանվել են։ Սիրո, որը մայրն իր երեխային տալիս է առանց պայմանների։ Սիրո, որը մարդուն դարձնում է ավելի բարի, ավելի համբերատար, ավելի մարդ։

Այսօր օրհնվում է խաղողը, բայց թող օրհնվի նաև մեր սրտի խաղողը՝ այն ամենը, ինչ տարիների ընթացքում աճեցրել ենք մեր ներսում։ Թող մեր սրտերում չաճեն ատելության որթերը։ Թող այնտեղ տեղ չգտնեն նախանձը, չարությունը, վրեժը և անտարբերությունը։ Թող մեր հոգիներում հասունանան սերը, ներողամտությունը, բարությունը, հավատը և խաղաղությունը։

Եվ ինչպես խաղողը չի հասունանում մեկ օրում, այնպես էլ մարդը մեկ օրում չի դառնում հոգով հասուն։ Դրա համար պետք են տարիներ, կորուստներ, փորձություններ, սերեր, բաժանումներ, սխալներ ու ներողություններ։ Պետք է անցնել կյանքի երկար ճանապարհը, որպեսզի վերջապես հասկանաս ամենակարևորը․ կյանքը ոչ թե այն է, թե որքան ես հավաքել, այլ այն, թե որքան սեր ես թողել քո հետևից։

Սուրբ Աստվածածնի Վերափոխման այս լուսավոր օրը թող յուրաքանչյուր տան մեջ խաղաղություն մտնի։ Թող մայրերը օրհնված լինեն։ Թող երեխաները՝ պաշտպանված։ Թող ընտանիքները՝ ամուր։ Թող հիվանդները՝ զորություն ստանան։ Թող միայնակները՝ իրենց սրտի ջերմությունը գտնեն։ Թող հեռավոր ճանապարհներին գտնվողները՝ բարով վերադառնան։ Թող մեր ննջեցյալների հիշատակը լինի լուսավոր, իսկ նրանց հանդեպ մեր սերը՝ անսպառ։ Եվ թող այսօր յուրաքանչյուր մարդ, թեկուզ մի քանի րոպե, կանգ առնի իր առօրյայի աղմուկի մեջ և նայի երկնքին։ Գուցե այդ պահին հասկանանք, որ հրաշքները միշտ չէ, որ մեծ ու աղմկոտ են լինում։

Երբեմն հրաշքը մի մայր է, որ սպասում է իր զավակին։ Երբեմն՝ մի ձեռք, որ բռնում է քոնը։ Երբեմն՝ մի մարդ, որ ասում է՝ «Ես քեզ չեմ մոռացել»։ Երբեմն՝ սեղանին դրված օրհնված խաղողի մի փոքրիկ ողկույզ։ Եվ երբեմն էլ՝ այն պարզ գիտակցումը, որ այս աշխարհում դեռ կարողանում ենք սիրել։ Այսօր թող օրհնված լինի խաղողը։ Թող օրհնված լինի հացը։ Թող օրհնված լինի մեր տունը։ Թող օրհնված լինեն մեր մայրերը, մեր զավակները, մեր սիրելիները և մեր հիշողությունները։

Եվ ամենից առաջ՝ թող օրհնված լինի սերը

Այն սերը, որի համար մարդը գալիս է աշխարհ, որի միջոցով նա դառնում է մարդ և որի հետ էլ, հավատում ենք, մի օր վերադառնում է դեպի հավերժությունը։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը թող խաղաղություն, լույս և օրհնություն բերի բոլորիս տներին ու սրտերին։

Խաղողի յուրաքանչյուր հատիկ թող դառնա շնորհակալության մի խոսք, յուրաքանչյուր ողկույզ՝ սիրո մի խորհրդանիշ, իսկ այս օրվա աղոթքը՝ մի փոքրիկ լույս, որը մենք մեզ հետ կտանենք տարվա բոլոր օրերին։

Շնորհավոր Սուրբ Աստվածածնի Վերափոխման և Խաղողօրհնեքի տոնը

Թող Տիրամոր բարեխոսությամբ մեր երկիրը, մեր ընտանիքները և մեր սրտերը պահվեն խաղաղության ու սիրո մեջ։

Սիմոն Սարգսյան