Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանին պահանջել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ասատուր Սահակյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Երևան քաղաքում գտնվող 2 անշարժ գույք,
4 տրանսպորտային միջոց,
4 իրավաբանական անձանցում մասնակցություն,
183 միլիոն 561 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
10 միլիոն 566 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Ասատուր Սահակյանի անունը նախկինում ևս հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։ 2017-ին «Էրեբունի» ընտրատարածքից ռեյտինգային կարգով խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց և չընտրվելուց հետո նա վերադարձել է ՊԵԿ-ում զբաղեցրած նախկին պաշտոնին՝ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնին։
Սահակյանը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2008 թվականից։ 2017 թվականի փետրվարին նա ազատվել էր աշխատանքից՝ ՀՀԿ ընտրական ցուցակով թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) պատգամավորի թեկնածու առաջադրվելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում նա ստացել էր 1726 ձայն։
Ասատուր Սահակյանը և նրա եղբայրը՝ Արտյոմը, Էրեբունի վարչական շրջանում «Վենեցիա» հյուրանոցային համալիրի, ինչպես նաև Մոնումենտում գործող համանուն ռեստորանի սեփականատերերն են։


Բաց մի թողեք
Արեյանի վերաբերյալ երկրորդ քրեական վարույթն է մուտքագրվել դատարան
Մալիշկայի բնակիչները ահաբեկված են. 10 օր է՝ գիշերները դիմակավորված անհայտ անձը անհանգստացնում է ամբողջ գյուղին
Բնակարանային գողություններ կատարած հանցախումբ է բացահայտվել, 14 անձ կալանավորվել է