Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի, Ռուսաստանի մարզերի և բռնակցված Ղրիմի վրա:
Բռնակցված Սևաստոպոլի իշխանությունները պնդում են, որ անօդաչու սարքերից մեկը հարվածել է հինգհարկանի բնակելի շենքի մուտքին՝ հրդեհելով մեկ բնակարան: Երկու մարդ վիրավորվել է։
Բացի այդ, բռնակցված Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի խոսքով, ԱԹՍ-ները հարվածել են «հին պահեստային բաքերին (ցիստեռններին)»: Այնտեղ հրդեհ է բռնկվել, որը մարվել է հյուրանոցի աշխատակիցների կողմից, գրել է Ռազվոժաևը՝ հավելելով, որ զոհեր չկան։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս խոցվել են երկու անօդաչու սարքեր։
Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Յարոսլավլից դեպի Մոսկվա ելքը փակվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքները հայտնել են Յարոսլավլի մարզում գտնվող «Սլավնեֆտ-Յանոս» նավթավերամշակման գործարանի վրա հարձակման և հրդեհի մասին: Մոնիթորինգային ալիքները հայտնել են, որ անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են Մոսկվայի մարզի Պավլովսկի Պոսադ քաղաքում գտնվող «Մագնիտ» սուպերմարկետի վրա: Այլ մանրամասներ չեն տրամադրվել:
Telegram ալիքները նաև հայտնել են, որ Ռուսաստանի Սարատովի մարզը գիշերը հարձակման է ենթարկվել: Ենթադրվում է, որ հարձակման թիրախը կարող էր լինել «Էնգելս-2» ավիաբազան:
«Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի մասին տագնապ է հայտարարվել Յարոսլավլի, Տուլայի, Պենզայի և Սամարայի մարզերում: Սահմանափակումներ են մտցվել Կրասնոդարի, Սոչիի, Պենզայի, Սարատովի, Սամարայի, Ուլյանովսկի, Սարանսկի, Կալուգայի, Տամբովի, Յարոսլավլի, Կիրովի և Իվանովոյի օդանավակայաններում:
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ՌԴ Յարոսլավլի մարզում 1 մարդ զոհվել է, 27-ը` վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Միխայիլ Եվրաևը։
«Հետ ենք մղել թշնամու առավոտյան հարձակումը։ Ոչնչացվել են թշնամու բոլոր 67 անօդաչու թռչող սարքերը։ Հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել։ Միջհամայնքային ավտոբուսի վրա բեկորներ են ընկել, ինչի հետևանքով 10 մարդ վնասվածքներ է ստացել։ Եվս 17 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Տուժածներին ցուցաբերում ենք անհրաժեշտ ամբողջ օգնությունը»,- Telegram-յան ալիքում գրել է Եվրաևը։
Բացի այդ, վնասվել են արդյունաբերական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր և առևտրի օբյեկտներ։ Հրդեհներ են բռնկվել, որոնք մարվում են։
Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևն իր հերթին հայտնել է, որ բնակելի շենքի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով տուժել է երկու մարդ, ևս երկուսը ստացել են թեթև վնասվածքներ։
«ԱԹՍ-ի հարվածից հինգհարկանի բազմաբնակարան շենք է վնասվել.․․ Հրաշք է, որ ընդամենը երկու մարդ է տուժել։ Նախնական տվյալով` տարեց մի կին գանգուղեղային փակ վնասվածք է ստացել, մեկ տղամարդու մեջքն էլ վնասվել է բեկորներից։ Եվս երկուսը ստացել են աննշան վնասվածքներ և հրաժարվել հոսպիտալացումից»,- Telegram-յան ալիքում նշել է Ռազվոժաևը։
Բացի բնակելի շենքից, վնասվել են մանկապարտեզի երկու մասնաշենք և 15 ավտոմեքենա։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածաշրջանների և Սև ծովի ջրատարածքի երկնքում ավելի քան 510 անօդաչու թռչող սարք են խոցել։

Բաց մի թողեք
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 2024 և 2025 թվականներին անկարգությունների համար դատապարտված յոթ անձի
Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև պաշտպանական համագործակցությունն այսօր նոր քայլ է կատարում․ Ալեքսանդր Ստաբբ
Շվեյցարիան մտադիր է կառուցել ռազմական անօդաչու թռչող սարքերի գումարտակ