Վերջին օրերին ռուսական ընդդիմադիր եւ արեւմտաեվրոպական մասմեդիան ակտիվացել է Հայաստանի թեմայով լուսաբանումներում։
Հրապարակ թերթը գրել է․ Միանգամից ասենք՝ քաղաքագիտական տարրական գիտելիքներ պետք չեն՝ ըմբռնելու այս ամենի շարժառիթներն ու նկրտումները։ Այն է՝ ամեն գնով «պաշտպանել» Փաշինյանին եւ նրա ցանկացած դիրքորոշում, որն ուղղված է Ռուսաստանի դեմ, այլ ոչ թե բխում է Հայաստանի պետականության ու հայ ժողովրդի կենսական, անվտանգային շահերից։
Օրինակ, երբ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հերթական սադրիչ հայտարարություններն արեց, թե շատ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ն Հայաստանին հեռացնի իր կազմից, իր առաջ որոշում կայացնելու խնդիր այլեւս կանգնած չի լինի եւ նշեց, որ առաջիկայում Երեւանը մտադիր է սկսել ԵՄ անդամակցության պաշտոնական դիմումի նախապատրաստման գործընթացը, ու ռուսական կողմին հորդորեց ճկուն լինել եւ թույլ տալ, որ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը վերցնեն ՌԴ-ից ու հանձնեն մեկ այլ երկրի, նշեց էներգետիկ ոլորտում այլընտրանքային գործընկերների անհրաժեշտության մասին, Արեւմուտքում ուղղակի խանդավառությամբ ընդունեցին այս խոսքերը։ Իսկ ԵՄ-ում շտապեցին նույնիսկ Հայաստանի «կենացը խմել», թե բա՝ ճիշտ է Փաշինյանը՝ Եվրամիությանն անդամակցությանն ընդառաջ արդեն կարեւոր քայլեր են կատարվել, չնայած վիզաների ազատականացման թեմային կանդրադառնան 2029 թվականից ոչ շուտ։ Իսկ Մոսկվայում հեգնեցին, թերահավատություն արտահայտեցին եւ վիրավորեցին ՀՀ իշխանություններին՝ «երկու աթոռի» վրա նստելու եւ Ռուսաստանի հանդեպ «կեղծ, ցինիկ եւ սխալ» քաղաքականություն վարելու մեջ։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները շարունակեց զարգացնել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի «քղամիդը» հագած Ալեն Սիմոնյանը, որը դեռեւս ԱԺ նախագահ աշխատելիս բավարար չափով դրսեւորել էր հակառուսական խոսույթ, բայց, պարզվում է, չի բավարարել իր ռուսաֆոբիան։ Նրան սիրով հարթակ են տրամադրում ռուսական ընդդիմադիր, իրականում՝ նույնիսկ ռուսների կողմից մերժելի լրատվամիջոցներ։ «Դոժդ» հեռուստաալիքը, որը Կրեմլի դեմ պայքարող գլխավոր «գործիքներից է», մեծ հարցազրույց է արել Սիմոնյանի հետ։ Ի՞նչ է ասում մեր անվտանգ ու խորհրդավոր Ալենը «Դոժդ»-ի եթերում։ Հայտարարում է՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի հռետորաբանությունն «ագրեսիվ» է։ Չառարկենք՝ համաձայն ենք։ Բայց նրբերանգը կամ, ինչպես ասում են, սատանան մանրուքներում է։ Ոչ միայն ասում է․ «Ես կարծում եմ, որ արձագանքը, որը Մոսկվայից հիմնականում գալիս է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Անատոլեւիչ Մեդվեդեւից, անտեղի է եւ չափազանց ագրեսիվ», այլ նաեւ նշում է, որ ակնկալում է Ռուսաստանից ըմբռնում. «Ես կցանկանայի, որ մեր ռուս գործընկերներն ըմբռնումով մոտենային մեր իրավիճակին, քանի որ մենք մտադիր չենք մնալ տնտեսական եւ ռազմական փակուղու մեջ։ Մեզ անհրաժեշտ են այլընտրանքներ։ Խոսքը մեր երկրի գոյության մասին է. սա կասկածից վեր հարց է։ Մենք պետք է գտնենք շուկաներ մեզ համար։ Մենք չենք պատրաստվում եւ չենք ցանկանում կորցնել մեր պետականությունը, մեր երկիրը կամ մեր ժողովրդին»։
Փաստորեն, ՀՀ ԱԽ քարտուղարը գոյաբանական հարց է բարձրացնում ռուսական եթերում՝ «կսմթելով» իր ռուս գործընկերոջը։ Ռուսաստանից ոչ ոք չի զանգահարել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով, սա նույնպես ասում է Սիմոնյանը վերոնշյալ հեռուստաընկերության եթերում եւ հույս հայտնում, որ «ոչ ոք չի զանգահարի, քանի որ դա իմաստ չունի»։ Իմաստուն պետք չէ լինել՝ այս ամենի խորխորատները հասկանալու համար։ Նույն անձը շարունակում է․ «ՀՀ նախկին նախագահի եւ նրա քաղաքական ուժի կողմից հնչեցված հռետորաբանությունը» մեծ մասամբ համընկնում է Մոսկվայում «խոսող գլուխների» կողմից հնչեցված հռետորաբանության հետ»։
Սիմոնյանը «ծիծաղելի» է անվանել Քոչարյանի եւ նրա ընտանիքի խուզարկություններն ու կալանավորումները «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ խորհրդարանում տեղի ունեցած վեճի հետ կապելու փորձերը։ Նա ավելի հեռուն է գնում այնքան, որ հակասում է իր «շեֆին»՝ Փաշինյանին․ «Եթե մոտ ապագայում անցկացվեր հանրաքվե Հայաստանի՝ ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, Ռուսաստանում շատ կտխրեին հայ բնակչության արձագանքից։ Մենք մեր ընտրությունը կկատարենք, երբ հարցը դառնա իրատեսական։ Ներկայում Եվրամիությանը միանալու ուղղությամբ կոնկրետ քայլեր չկան։ Մենք չենք ուզում եւ չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Երեւանի համար «երկու աթոռի» քաղաքականություն չկա»։ Ուշագրավն այստեղ այն է, որ Ալեն Սիմոնյանի այս հայտարարութունը տարբերվում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, ըստ որի՝ Երեւանը մտադիր է առաջիկայում պաշտոնապես սկսել ԵՄ-ին անդամակցության դիմումի նախապատրաստումը։ Եվ մի արտառոց միտք եւս՝ ՌԴ-ից եւ ՌԴ քաղաքացու պարտականություններից Հայաստան փախածներին Ալեն Սիմոնյանը պատրաստ է գրկաբաց ընդունել։
Իհարկե, կարելի է նմանատիպ բազմաթիվ օրինակներ բերել, բայց երկրի առանցքային աթոռներին նստած այս անձանց ասածները վկայում են, որ գործ ունենք ոչ միայն հակառուսական գործիչների, այլ նաեւ օտարի «գործիքի» կարգավիճակում իրենց իշխանությունը երկարացնող անձանց հետ, էլ չասենք նրանց՝ Բաքվի մասին արտահայտած ու նրանց հասցեին Ադրբեջանից պարբերաբար հնչող դրվատական խոսքերի մասին։

Բաց մի թողեք
Ադրբեջանն իրեն Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չի համարում
Սա ռեւիզիա է, որը կոչում են չորրորդ հանրապետություն
«Լռիր, քանի դեռ բանտում չես հայտնվել»․ ի՞նչ մեսիջ է փոխանցում Փաշինյանը