Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նոր՝ 105-րդ թատերաշրջանը կբացի Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ։ Բեմադրության հեղինակը ամերիկացի հայտնի ռեժիսոր, պրոֆեսոր Ջոն Բլոնդելլն է։
Թատերաշրջանի մեկնարկին զուգահեռ Մայր թատրոնում կներկայացվի ևս մեկ նոր նախաձեռնություն՝ «Բաց Բեմ» հարթակը, որը նախատեսված է նոր գաղափարների, ստեղծագործական փորձարկումների և թատերական տարբեր ձևաչափերի համար։
Նոր թատերաշրջանին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը խոսեց առաջիկա ծրագրերի, թատրոնի տարածքային փոփոխությունների և նոր նախաձեռնությունների մասին։ Նա հիշեց իր ուսուցչի՝ Սոս Սարգսյանի հետ տարիներ առաջ մասնակցած մամուլի ասուլիսը՝ ընդգծելով, որ այն ժամանակ ևս լրագրողների հետաքրքրությունը մեծ էր, որի արդյունքում, ինչպես Վարդան Մկրտչյանը հիշեց, որ այդ ժամանակ Սոս Սարգսյանը նկատել էր՝ հրաշալի է, երբ թատրոնը նման հետաքրքրություն է առաջացնում, որովհետև դա նշանակում է, որ թատրոնը ապրում է և իր շուրջը ձևավորում է հանրային հետաքրքրություն։
Թատրոնի ղեկավարությունը 105-րդ թատերաշրջանում նախատեսում է ոչ միայն բեմադրություններ, այլև կրթական և ստեղծագործական մի շարք ծրագրեր։ Դրանց շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մանկական կրթական նախագծերը, որոնց մասին մամուլի ասուլիսի ընթացքում պատմեցին նաև ծրագրերի մասնակիցները։

105-րդ թատերաշրջանի գլխավոր իրադարձություններից մեկը, անշուշտ, «Ռոմեո և Ջուլիետ»-ի նոր բեմադրությունն է։ Ջոն Բլոնդելլը հայաստանյան թատերական իրականության հետ արդեն սերտ կապեր ունի։ 2020-ականներին նա «Կերոն» զարգացման հիմնադրամի «Տաղանդների Ֆոնդ» նախագծի շրջանակում հրավիրվել է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ որպես բեմադրիչ։
Հայ դերասանների և թատրոնի ստեղծագործական խմբի հետ համագործակցությունը ռեժիսորի համար վաղուց արդեն պարզապես հերթական մասնագիտական աշխատանք չէ։ Բլոնդելլը հատկապես ընդգծեց Սունդուկյանի թատրոնի տնօրենի հետ ձևավորված ստեղծագործական գործընկերությունը․ «Այս միջավայրում, այս տարածքում, այս դերասանների հետ այս թատրոնում, Վարդանի հետ աշխատելու մեջ ինչ-որ բան կա… Վարդանը մեծ մասամբ «այո» է ասում: Երբ որևէ գաղափար եմ ունենում կամ երբ ուզում ենք որևէ բան փորձարկել, շատ է աջակցում: Այս մարդիկ ունեն հսկայական թատերական երևակայություն: Նրանք իսկապես գեղեցիկ ու խորը գեղարվեստական հոգի ունեն: Սա իսկական գործընկերություն է և խորը ստեղծագործական ուղի: Երբ աշխատում ես Շեքսպիրի հետ, հատկապես «Ռոմեո և Ջուլիետ» պիեսի վրա, առերեսվում ես մարդկային հիմնարար հարցերի հետ, և այստեղ՝ այս թիմի հետ դա անելը, չափազանց արժեքավոր ու վարձահատույց փորձառություն էր»։
«Ռոմեո և Ջուլիետ»-ը համաշխարհային թատրոնի ամենաշատ բեմադրվող ստեղծագործություններից է, ուստի մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները Բլոնդելլին հարց ուղղեցին՝ ինչ նոր ասելիք և բեմական լուծումներ է նա առաջարկում Մայր թատրոնի բեմում։ Հետաքրքրվեցին նաև հայ դերասանների հետ աշխատանքի առանձնահատկություններով և այն հանգամանքով, թե որքանով են լեզվական ու մշակութային տարբերությունները ազդել փորձերի ընթացքի վրա։
Բլոնդելլի մեկնաբանության մեջ պիեսի ավանդական կառուցվածքը որոշակիորեն վերաիմաստավորվել է։ Ռեժիսորը հատկապես փոխել է իշխանության և ընտանիքի ներսում դերերի դասավորությունը՝ կանանց ավելի կենտրոնական դիրք տալով․ «Մենք վերաբաշխել ենք դերերը․ Կապուլետների ընտանիքը ղեկավարում է կին, Մոնտեկիների ընտանիքը՝ նույնպես, իշխանը ևս կին է։ Սա բխում է մի քանի տարբեր հայեցակետերից. առաջին՝ իսկ ինչո՞ւ կանայք չպետք է խաղան այդ դերերը։ Եվ երկրորդ՝ համաշխարհային շեքսպիրյան պրակտիկայում ժամանակակից միտումներից մեկը բեմում որոշակի հավասարությունն է տղամարդկանց և կանանց դերակատարումների միջև։ Ինչ վերաբերում է այս խմբի հետ աշխատանքին, ես պարզապես հիացած եմ։ Երկու ներկայացումներն էլ, որ բեմադրել եմ Սունդուկյանում, ինձ համար իսկապես հրաշալի ընթացք և փորձառություն են եղել»։

Բլոնդելլի բեմադրական հայեցակարգում պիեսի հիմնական վերակառուցումներից մեկը վերաբերում է ընտանիքների և Վերոնայի հասարակական միջավայրի ուժի աղբյուրին։ Ռեժիսորը կենտրոնում է դրել կանանց երևակայությունը, մարմինն ու զգացմունքները՝ փոխելով նաև կերպարների ավանդական դերաբաշխումը. «Մենք վերաբաշխել ենք դերերը․ Կապուլետների ընտանիքը ղեկավարում է կին, Մոնտեկիների ընտանիքը՝ նույնպես, իշխանը ևս կին է։ Սա բխում է մի քանի տարբեր հայեցակետերից. առաջին՝ իսկ ինչո՞ւ կանայք չպետք է խաղան այդ դերերը։ Եվ երկրորդ՝ համաշխարհային շեքսպիրյան պրակտիկայում ժամանակակից միտումներից մեկը բեմում որոշակի հավասարությունն է տղամարդկանց և կանանց դերակատարումների միջև։
Ռեժիսորի խոսքով՝ Սունդուկյանի ստեղծագործական ներուժը առանձնանում է նաև միջազգային այլ թատերախմբերի հետ աշխատելու համատեքստում։ Նա նշեց, որ տարբեր երկրներում բեմադրություններ իրականացնելիս հաճախ է համեմատություն անցկացնում Սունդուկյանի դերասանական կազմի և ստեղծագործական միջավայրի հետ՝ ամեն անգամ նորից համոզվելով Մայր թատրոնի մասնագիտական բարձր մակարդակի մեջ։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Տիգրան Վիրաբյանը կարևորեց այն հանգամանքը, որ Սունդուկյանի անվան թատրոնի դռները բաց են բոլոր այն ստեղծագործողների առաջ, որոնք խիզախում են համագործակցել թատրոնի հետ, ներկայացում բեմադրել․ «Թատրոնը համագործակցելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Առաջին անգամ բեմադրվելու է ներկայացում, որի ընթացքում հնչելու է կենդանի երաժշտություն. նվագախումբը կլինի բեմում։ Վստահ ենք, որ այդ ներկայացումը («Շչելկունչիկ») երկար կմնա թատրոնի խաղացանկում։ Այստեղ է Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, ինչը խոսում է շատ կարևոր ներկայացման («Կորիոլան») ազդարարման մասին։ Կարծում եմ՝ այս ներկայացումն իր մասշտաբներով արժանի է լինել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Դժվար էր Հայաստանում գտնել գոնե երկու կոլեկտիվ, որոնք ստեղծագործական և ադմինիստրատիվ ներուժով պատրաստ կլինեին այդ ծավալի ներկայացումն իրականացնել»։
Նա տեղեկացրեց, որ «Կորիոլան» ներկայացման գլխավոր դերակատարման համար թատրոն կհրավիրվի ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։ Վիրաբյանը դա պատահական չհամարեց և հիշեցրեց, որ տասնամյակներ առաջ Կորիոլանի դերում հանդես է եկել Խորեն Լևոնյանի պապը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը։ Վիրաբյանը 2027 թվականը ևս կարևոր համարեց Սունդուկյանի թատրոնի համար՝ նշելով, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի մի հատվածը, որն ունի ստեղծագործական բաղադրիչ, անցկացվելու է թատրոնում։
105-րդ թատերաշրջանում Մայր թատրոնի խաղացանկը կհամալրվի նաև մի շարք նոր բեմադրություններով։ Մասնավորապես, դերասան Արմեն Մարությանի համար նախատեսվում է «Լեգենդների կուլիսներում» ներկայացումը։ Դերասանուհի Նելլի Խերանյանի համար կբեմադրվի «Լորկան» ներկայացումը, որը որոշակիորեն շարունակելու է տարիներ առաջ երջանկահիշատակ ռեժիսոր Վահե Շահվերդյանի իրականացրած բեմադրության ստեղծագործական գիծը։
Նոր թատերաշրջանում Սունդուկյանի բեմում կհնչի նաև Շեքսպիրի «Կորիոլան» ստեղծագործությունը։ Բեմադրության հեղինակը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն է։
Այսպիսով, 2026-2027 թատերաշրջանը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում խոստանում է լինել բազմազան և ստեղծագործական նոր որոնումներով հարուստ։ Դասական դրամատուրգիայի նոր ընթերցումներ, անվանի դերասանների համար նախատեսված առանձնահատուկ նախագծեր, նոր բեմադրիչների ներգրավում, կրթական ծրագրեր և «Բաց Բեմ» հարթակ․ Մայր թատրոնը նոր թատերաշրջան է մտնում՝ փորձելով ոչ միայն պահպանել իր ավանդույթը, այլև շարունակել այն նոր բեմական լեզվով։
Գյումրու պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը Մայր թատրոնում կբեմադրի Վիլյամ Շեքսպիրի «Կորիոլան» ողբերգությունը։ Ռեժիսոր Արթուր Սարիբեկյանը կներկայացնի «Ծառերը կանգնած են մահանում» բեմադրությունը, իսկ ռեժիսոր Հայկ Իսրայելյանը կանդրադառնա Շեքսպիրի «Համլետ»-ին՝ «Երբ խաղում ենք Համլետ» մնջախաղային ներկայացմամբ։ Բեմադրությունը նախատեսվում է իրականացնել լուսային նորագույն լուծումներով և երաժշտական ձևավորմամբ։
Թատրոնի նոր ծրագրերի շարքում է նաև թատերական ստուդիայի գործունեությունը, որը կղեկավարի դերասան Արմեն Քուշկյանը։ Ստուդիայի սաների համար նախատեսվում է հատուկ խաղացանկ՝ նրանց համար նախատեսված բեմադրություններով և աբոնեմենտային սկզբունքով ներկայացումների ցուցադրությամբ։
Մայր թատրոնի նոր ծրագրերը լրացվելու են նաև երաժշտական թատրոնի տարրերով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը տեղեկացրեց, որ ամանորյա օրերին նախատեսվում է Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» բալետի բեմադրությունը։
Այսպիսով, 2026-2027 թվականների թատերաշրջանը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում խոստանում է լինել ոչ միայն հագեցած, այլև բազմաժանր՝ Շեքսպիրից մինչև մնջախաղ, դրամատիկական բեմադրություններից մինչև երաժշտական ներկայացումներ և մանկապատանեկան կրթական ծրագրեր։
Թատրոնում առաջին անգամ զգեստների էսքիզների ցուցադրություն կկազմակերպվի և կնշվեն զգեստների նկարիչ Մերի Սարգսյանի 70-ամյակն ու նրա երջանկահիշատակ ամուսնու՝ Եվգենի Սաֆրոնովի հոբելյանը։
Մայր թատրոնը 105-րդ թատերաշրջան է մտնում նոր անուններով, նոր բեմադրություններով ու նոր ձևաչափերի որոնմամբ՝ փորձելով դասականը ներկայացնել ժամանակակից թատերական լեզվով և բեմը բաց պահել նոր ստեղծագործական փորձերի առաջ։

Այսպիսով, Սունդուկյանի թատրոնի 105-րդ թատերաշրջանը մեկնարկում է ոչ միայն դասական դրամատուրգիայի հերթական բեմադրությամբ, այլև նոր հարթակներով, կրթական ծրագրերով և ստեղծագործական համագործակցությունների շարունակությամբ։ Իսկ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը այս անգամ Մայր թատրոնի բեմում խոստանում է լինել ոչ այնքան արդեն հայտնի սիրո պատմության կրկնություն, որքան դրա նոր՝ ժամանակակից թատերական ընթերցումը։
Այսպիսով՝ Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի գործունեությունը, որը վերջին շրջանում աչքի է ընկնում առավել քան ակտիվությամբ, հետևողական աշխատանքով և թատրոնի ստեղծագործական ներուժը զարգացնելու ձգտումով։ Նրա նախաձեռնություններն ու կազմակերպչական աշխատանքը նպաստում են թատրոնի առաջիկա ծրագրերի հարստացմանն ու ստեղծագործական նոր միջավայրի ձևավորմանը։
Սիմոն Սարգսյան

Բաց մի թողեք
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում. Լուսանկար
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի
Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոն․ Ամենահետաքրքիրը գրվում է ժողովրդի հիշողության մեջ․ Տեսանյութեր