15/09/2026

EU – Armenia

Նարինե Անանիկյանի ձայնի ճանապարհը՝ Սկառլատիից մինչև Կոմիտաս. Լուսանկարներ

Կիրակի երեկոն Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ Եվրոպական ժառանգության օրեր ծրագրի շրջանակներում, պարզապես համերգային երեկո չէր․ այն դասական երգեցողության այն հազվագյուտ հանդիպումներից էր, երբ ձայնը դառնում է տարածություն, իսկ երաժշտությունը՝ ներքին խոստովանություն։

Եվ այդ երեկոյի կենտրոնում էր Նարինե Անանիկյանը՝ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո, իսկ նրան նվագակցում էր Կոմիատասի անվան պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը։

Նարինե Անանիկյանի ձայնում կա միաժամանակ և՛ թատերական դրամատիզմ, և՛ քնարական նրբություն, և՛ այն խորքային մուգ փայլը, որը հատկապես բնորոշ է իսկական մեցցո-սոպրանոյին։ Նրա կատարումը չէր փորձում պարզապես «ցույց տալ» ձայնը․ այն պատմում էր։

Եվ հենց այդ պատճառով ծրագրի առաջին իսկ էջերից երեկոն ստացավ իր ներքին դրամատուրգիան։ Ալեսանդրո Սկառլատիի «Տիգրան Մեծ» օպերայից արիան Նարինե Անանիկյանի կատարմամբ հնչեց որպես հեռավոր բարոկկո աշխարհից մեզ հասած թատերական շունչ։ Այստեղ նրա ձայնի ճկունությունը, արտահայտչականությունը և ֆրազի նկատմամբ զգայունությունը թույլ տվեցին երաժշտությանը չվերածվել պարզապես պատմական վերակերտման։ Այն կենդանի էր, շնչում էր, ուներ իր հույզը։

Իսկ «Ջոկոնդա» օպերայի Կույր կնոջ մեներգում արդեն այլ Նարինե Անանիկյան էր՝ ավելի խորը, ավելի ներամփոփ, ավելի ողբերգական։ Այստեղ մեցցո-սոպրանոյի ձայնային գույնը կարծես մթագնում էր դահլիճի լույսերը։ Կերպարը ծնվում էր ոչ միայն բառից ու մեղեդուց, այլև ձայնի ներսում եղած զգացողությունից։

Հետո՝ Բրամսի «Հուսահատությունը»։ Եվ այստեղ արդեն երգչուհու ձայնը դարձավ հոգեբանական դրամա։ Բրամսի երաժշտության ծանր, ներքին լարվածությունը Նարինե Անանիկյանը փոխանցեց առանց ավելորդ արտաքին պաթոսի․ նրա ուժը հենց այն էր, որ զգացմունքը չէր գոռում։ Այն ապրում էր ձայնի խորքում։

Շուբերտի «Գիշեր և երազներ» ստեղծագործություններում երեկոյի մթնոլորտը փոխվեց։ Եթե նախորդ էջերում կար դրամատիկական բախում, ապա այստեղ Նարինե Անանիկյանի ձայնը դարձավ գիշերային խոսք՝ փափուկ, զգայուն, երբեմն գրեթե շշուկի սահմանին։ Շուբերտի երազային աշխարհն ու Բրամսի խորախորհուրդ քնարականությունը նրա կատարմամբ ստացան մի ընդհանուր՝ շատ մարդկային շնչառություն։

«Արագոնի աղավնին» և «Գնչուհու երգը» արդեն բացեցին երգչուհու մեկ այլ կողմը։ Այստեղ ձայնի մեջ հայտնվեց շարժում, գույն, բնավորություն, նույնիսկ թատերական խաղ։ Նարինե Անանիկյանը կարողանում է փոխել ոչ միայն ձայնի հնչերանգը, այլև նրա հոգեբանական ջերմաստիճանը․ և դա բեմական երգչի կարևորագույն առավելություններից է։

Ֆրանս-անգլիական երաժշտական աշխարհ անցումը հատկապես սահուն էր։ Դեբյուսիի «Հրաշալի երեկոն» Նարինե Անանիկյանի կատարմամբ կարծես ամբողջությամբ դուրս էր գալիս օպերային բեմի պայմանականությունից և վերածվում գիշերվա մեջ ապրող ինտիմ խոստովանության։ Իսկ «Կյանք և մահ» ստեղծագործության մեջ արդեն զգացվում էր այդ երկու բևեռների միջև ձգվող մարդկային ամբողջ դրաման։

Եվ հետո՝ ամենաբնական, բայց ամենակարևոր վերադարձը դեպի հայկական երաժշտական աշխարհ։ Կոմիտասի «Անտունին» մեցցո-սոպրանոյի համար թերևս պարզապես երգ չէ։ Այն հայ մարդու ներսի ձայնն է՝ տունը կորցնելու, տունը փնտրելու, օտարության ու կարոտի ձայնը։ Նարինե Անանիկյանի մեկնաբանության մեջ «Անտունին» չէր հնչում որպես հերթական ազգային ստեղծագործություն։ Այն ապրում էր որպես կարծես անձնական ցավ, և հենց այդ պատճառով էլ հասնում էր ունկնդիրներիս։

Վլադիլեն Բալյանի՝ Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններով գրված և Ալեքսեյ Հեքիմյանի՝  Պարույր Սևակի խոսքերով գրված ստեղծագործություններում այդ հայկական շունչը շարունակվեց արդեն այլ գույներով։ Կապուտիկյանի և Սևակի խոսքերի հուզականությունը, Բալյանի և Հեքիմյանի երաժշտական լեզուն, Նարինե Անանիկյանի մուգ ու տաք ձայնային ներկապնակը միաձուլվեցին՝ ստեղծելով երեկոյի թերևս ամենախրոխտ, հային ու հայրենիքին նվիրում, Հայաստան անունը բարձրացնելու հատվածներից մեկը։ Այստեղ արդեն դժվար էր տարանջատել երգչուհուն կերպարից, ձայնը՝ խոսքից, երաժշտությունը՝ բանաստեղծությունից։ Եվ, թերևս, հենց սա էր Նարինե Անանիկյանի այս երեկոյի գլխավոր արժանիքը․ նա չէր երգում ստեղծագործությունները՝ նա ապրում էր դրանց ներսում։

Նրա մեցցո-սոպրանոն ունի այն հազվագյուտ որակը, երբ ձայնի ուժը չափվում է ոչ թե միայն բարձր հնչյունների հզորությամբ, այլ՝ լռության մեջ մնացող արձագանքով։ Նարինե Անանիկյանը կարողանում է լինել և՛ օպերային բեմի դրամատիկ հերոսուհի, և՛ Շուբերտի գիշերային երազի մենակ ձայն, և՛ Կոմիտասի անտուն հայուհի, և՛ Կապուտիկյանի և Սևակի բառերի մեջ ապրող կինը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այդ կիրակնօրյա երեկոն ավարտվեց, բայց Նարինե Անանիկյանի ձայնը կարծես դեռ երկար մնաց այդ սրահում՝ մի փոքր բարոկկո, մի փոքր ռոմանտիկ, մի փոքր ֆրանսիական, բայց վերջում՝ խորապես հայկական։ Եվ գուցե հենց այդ է մեծ երգեցողության գաղտնիքը ․․․

Սիմոն Սարգսյան