22/09/2026

EU – Armenia

Ի՞նչ թաքցրեց Փաշինյանը վիսբադենյան վոյաժի ետնաբեմում

2026 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա՝ հերթական տպավորիչ, բայց իրականությունից կտրված եվրաշոուն բեմադրելու։ Վոյաժի գլխավոր նպատակը Հեսսեյան խաղաղության մրցանակը ստանալն էր Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, որից հետո եվրոպական «խաղաղության աղավնու» թարմ կարգավիճակով մեր վարչապետը շտապել էր հարեւան Մայնի Ֆրանկֆուրտ ու Առեւտրաարդյունաբերական պալատում հանդիպել գործարարների հետ, պատմել TRIPP նախագծի, հայաստանյան բիզնես միջավայրի, իր «փառահեղ բարեփոխումների» ու արտահանման «դիվերսիֆիկացիայի» մասին։

Հրապարակ թերթը գրել է․ Եթե հավատանք վարչապետի պաշտոնական կայքին (primeminister.am), Փաշինյանը գերմանացիներին ներկայացրել է մի իրականություն, որտեղ տնտեսությունը ծաղկում է, իսկ տարածաշրջանում հաստատվել է «կայուն խաղաղություն»։ Գլխավոր տրյուկը, իհարկե, հանրահայտ TRIPP նախագծի գովազդն էր, հավաստիացումները, թե ճանապարհների ապաշրջափակման ուղղությամբ «ամենօրյա ռեժիմով» աշխատանք է տարվում։ «Երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-եվրոպական հարաբերությունների զարգացմանը, առեւտրատնտեսական համագործակցությանը եւ մեր երկրից արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարվող քայլերին։ Վարչապետն այդ առումով կարեւորել է ԵՄ-ի կողմից ցուցաբերվող շարունակական օժանդակությունը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաեւ Հայաստանում տնտեսության տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորություններն ու բիզնես միջավայրի հետեւողական բարելավման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը»,- ասվում է Փաշինյանի գրասենյակի տարածած տեքստում:

Մեր աղբյուրները, սակայն, փոխանցում են, որ վարչապետի հետ հանդիպմանը սահմանափակ թվով մարդիկ են եղել` գերմանացի գործարարների փոխարեն՝ հիմնականում տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները, որոնք զբաղվում են փոքր ու միջին բիզնեսով: Արդյունքում` պաշտոնական լրահոսում որպես Գերմանիայի գործարար համայնքի հետ ռազմավարական քննարկում ներկայացված միջոցառումը վերածվել է տեղի սփյուռքի հետ հանդիպման: Ներկայացել են մի քանի աղջիկներ, որոնց թվում եղել են դեսպանատան աշխատողներ, Առեւտրաարդյունաբերական պալատի 3-4 ներկայացուցիչ: Այսինքն, Փաշինյանը հանդիպել է մի խումբ հայերի հետ, բայց ուզում է հանդիպումը ներկայացնել որպես գերմանացի գործարարների հետ հանդիպում:
Գերմանահայ հասարակական գործիչ, գիտնական Ավետիս Սադոյանն իր ֆեյսբուքյան էջում ֆրանկֆուրտյան հանդիպման վերաբերյալ գրառում է արել, որում նշել է դրա մասնակից ոմն Քանան Սամադովի մասին, որն ադրբեջանցի է: «Ո՞վ է Քանան Սամադովը, որ Գերմանիայում հանդիպում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- հարցնում է Սադոյանը՝ Գերմանիայի հայ համայնքի անունից նշելով, որ չհասկացվեց, թե «ինչու Նիկոլը եկավ Գերմանիա, խաղաղության Ճ կլասի մրցանակ ստանալու համար, որի արժեքն ընդամենը 25 հազար դոլար է: Ինչո՞ւ պիտի Նիկոլն անձնական օդանավի վրա ծախսեր 45 հազար մի ուղղությամբ թռիչքի համար, որ գար՝ ինչ-որ մրցանակ ստանար։ Ոչ մի երկրի ղեկավար նախկինում այս մրցանակը չի ստացել, միայն միջին ռանգի քաղաքական գործիչներ»։

«Հրապարակի» հետ զրույցում գերմանաբնակ մեր հայրենակիցը նաեւ շեշտեց, որ Գերմանիայի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չի դիմավորել Փաշինյանին: «Միայն Հեսսենի երկրամասից պաշտոնյաներ` ոնց որ, ասենք, մեր Վայոց ձորի մարզի, ասենք, ավագանին: Ավագանու նիստի ժամանակ տալիս են սովորաբար այդպիսի մրցանակներ: Եթե մարդն աշխատանքային այցով մեկնում է երկիր, ապա նրան ըստ ռանգի են դիմավորում: Նախագահին՝ նախագահը, նախարարին՝ նախարարը կամ հատուկ ներկայացուցիչը գնում է, նրան ուղեկցում է մինչեւ նստավայր, եւ նստավայրից արդեն պաշտոնապես ընդունում են նրան: Այս դեպքում Փաշինյանը նույնիսկ իր անձնական բորտ համար մեկով չէր գնացել, այլ ինքնաթիռով եւ մանկապարտեզի երեխայի նման հայտարարում էր, թե պետք է Վիսբադենում իջներ, բայց իջավ Ֆրակֆուրտում»:

Սադոյանը այլ փակագծեր էլ բացեց: Ըստ նրա, Վիսբադենում, որը Ֆրանկֆուրտից հեռու չէ, ամերիկյան ռազմաբազայի օդանավակայանն է, եւ չի բացառվում, որ նա հենց Վիսբադենում եղել է ու ինստրուկցիաներ է ստացել ադրբեջանցիներից, որի մասին չի ասում: Իսկ մնացածը շղարշ է, այդ թվում՝ 25 հազար եվրո արժողությամբ մրցանակը: «Ոնց որ աֆրիկացիները վզից ծաղիկներով զարդ կախեին, որ մեր ազգային մրցանակը քեզ՝ խաղաղության համար»,- ասում է նա:

Եղե՞լ են արդյոք գերմանացի գործարարներ Ֆրանկֆուրտի հանդիպմանը: «Բացարձակապես՝ ոչ: Մի երեք աղջիկ են ներկա եղել, ռուսներ, դատարկ տեղեր կային` տեսանյութում երեւում է: Եվ կար Սամադով ազգանունով ադրբեջանցի բիզնեսմեն, եւ ինձ ասել են, որ հենց իրենք են ֆինանսավորել այդ հանդիպումը: Չի բացառվում, որ մրցանակը եւս նրանք են «կազմակերպել»»,- ասում է գերմանահայ գիտնականը:

Այս վատ բեմադրության ամենաաղմկահարույց ու խայտառակ կողմը թաքնված է հենց այդ՝ «Հեսսեյան խաղաղության մրցանակի» ետնաբեմում, որը մեծ շուքով տվեցին մեր վարչապետին։ ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվում Հեսսենի մրցանակի հիմնադիր, Հեսսենի երկրամասի նախկին վարչապետ Ալբերտ Օսվալդի մասին, որը երիտասարդ տարիքում ոգեշնչված է եղել Հիտլերի գաղափարներով եւ կամավոր ծառայել է նացիստական Վերմախտի շարքերում ու «ակտիվորեն» մասնակցել Եվրոպայի ավերմանը։ Պատերազմից հետո այս գերմանացի առեւտրականն արագորեն դարձել է դեմոկրատ ու հասել մինչեւ բարձր պաշտոնների, իսկ կարիերան ավարտել է պետական բանկի հետ կապված խոշոր ֆինանսական սկանդալով ու հրաժարականով` 1976 թվականին: «Հեսսենը գումար է պարտք եղել նրան, որը պետք է վերադարձներ որպես տույժ, եւ դրա փոխարեն նա առաջարկել է մրցանակաբաշխություն ստեղծել, գումարն ամեն տարի կաշխատի, տոկոսներն էլ կտան որպես մրցանակ, դրա համար էլ մրցանակը փոքրիկ է: Սկզբնական տարիներին տալիս էին միայն գերմանացիներին, հետո՝ արդեն արտասահմանցիներին, ասենք՝ գեներալ Լեբեդին: Ամոթ չի՞, որ նրան մի գծի վրա են դնում գեներալ Լեբեդի հետ»,- հարցնում է Ավետիս Սադոյանը:

Ու հիմա Հայաստանի «ժողովրդավարության բաստիոնի» ղեկավարը հպարտորեն ընդունում է մի մրցանակ, որը կրում է ֆաշիստական նախկին սպայի եւ մեքենայությունների մեջ թաթախված չինովնիկի անունը։ Ի դեպ, Փաշինյանին այդ պարգեւը հանձնել է ազգությամբ թուրք, Քյոլնից հայտնի հայատյաց գործիչ Սերաբ Գյուլերը։ Հայաստանի վարչապետը Գերմանիայում նախկին նացիստի անվան մրցանակ է ստանում հայատյաց թուրքի ձեռքից։

ՀԳ. Փաշինյանն առհասարակ սիրում է ճոխացնել իր գերմանական հանդիպումները: 2025 թվականի փետրվարին Մյունխենում նա հանդիպել էր Գերմանիայի հայ համայնքի հետ, բայց հանդիպմանը ներկա չէին Գերմանիայում կարեւորագույն կառույցները՝ Գերմանիայի հայոց թեմը՝ իր 16 եկեղեցական համայնքներով, «Հայաստան» հիմնադրամը, ՀՕՄ-ը, իրավաբանների, գործարարների միությունները: Միայն «մի խումբ հայրենակիցներ», որոնց առաջ նա ցեղասպանության ուրացման թեզեր էր առաջ քաշում: Դեկտեմբերի 9-ին էլ հանդիպել էր գերմանահայ համայնքի հետ՝ Բեռլինում, բայց գերմանահայերը նրան անհարմար վիճակի մեջ են գցել` Եկեղեցու նկատմամբ ճնշումները, քաղաքական ռեպրեսիաները դադարեցնելու պահանջներով: Ասում են՝ այնքան տհաճ իրավիճակում է հայտնվել, որ գրեթե թողել փախել է այդ հանդիպումից:

«Հրապարակ». Ի՞նչ թաքցրեց Փաշինյանը վիսբադենյան վոյաժի ետնաբեմում