24/09/2026

EU – Armenia

Մեկ թեկնածու է առաջադրվել

Հակոբ Կոջոյան կրթահամալիրի նախկին տնօրեն Ռուզաննա Երեմյանի՝ պատգամավոր դառնալուց հետո կրթահամալիրում տնօրենի պաշտոնակատար է նշանակվել կերպարվեստի ուսուցչուհի Տաթեւիկ Սարգսյանը: Դեռ նախորդ ամիս Երեւանի քաղաքապետարանից «Հրապարակին» հայտնել էին, որ կրթահամալիրի տնօրենի համար մրցույթ է հայտարարվել:

Ի՞նչ ընթացքի մեջ է մրցույթը, ե՞րբ արդյունքները պարզ կլինեն: Նախկին տնօրեն, ՔՊ-ական պատգամավոր Ռուզաննա Երեմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, չի տիրապետում մրցույթի մանրամասներին։ «Իմ ազատվելուց հետո Տաթեւիկ Սարգսյանն է պաշտոնակատարը: Ես շատ մտազբաղ եմ, եւ դա իմ գործառույթներից դուրս է, թեպետ ես մեկ ժամ ունեմ կրթահամալիրում` արվեստի պատմություն եմ դասավանդում: Տաթեւիկը մեր դպրոցում երկար տարիներ ուսուցիչ է եղել, դպրոցի շրջանավարտ է նաեւ, ի դեպ, կամավոր ատեստավորված է, գրագետ է: Մեր կոլեկտիվի ընտրությամբ եւ մեր քաղաքապետի կարգադրությամբ է նշանակվել պաշտոնակատար: Նա տիրապետում է մասնագիտական առարկաներին եւ ունի բավարար գիտելիքներ: Բայց ես, անկեղծ ասած, այլ բան չգիտեմ, մեր հոգսը թողած՝ չեմ զբաղվելու դպրոցով: Ես զբաղված եմ իմ աշխատանքով: Առավոտյան ժամերին եմ գնում դպրոց, մեկ ժամ դաս եմ պարապում իմ դասասենյակում եւ գնում եմ Ազգային ժողով»,- ասաց Երեմյանը:

Կոջոյան կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար Տաթեւիկ Սարգսյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով տնօրենի մրցույթին, ասաց. «Մրցույթի վերջնաժամկետը սեպտեմբերի 22-ն էր, ես արդեն իմ փաստաթղթերը քաղաքապետարան եմ ուղարկել: Ըստ օրենքի, երեք օր դիտարկում են, դրանից հետո՝ տասն օր զարգացման ծրագիրը փորձաքննության են ենթարկում, ապա դրանից հետո պատասխանը ստանալու ենք, դրական կլինի, թե բացասական` չեմ կարող ասել: Այդ ամենից հետո՝ 21-օրյա ժամկետում կանչում են հարցազրույցի»: Հարցին` կա՞ն էլի թեկնածուներ, մեր զրուցակիցն ասաց. «Ինչքանով ինձ հայտնի է…. չեմ կարող ասել, ես միայն իմ մասին կարող եմ ասել»: Մեր տեղեկություններով, ուրիշ թեկնածու չկա, միայն դպրոցում աշխատող ուսուցչուհին է հավակնում տնօրենի պաշտոնին: