24/09/2026

EU – Armenia

Աներորդին վրաերթի էր ենթարկել փեսային, ով մահացել է․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել

Այսօր` սեպտեմբերի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները` բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ իրականացված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում տեղեկանում են՝ որտեղ է գտնվում սեպտեմբերի 22-ին Երևանի Նազարբեկյան 26 շենքի բակում «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչ 52-ամյա Գևորգ Սարգսյանին սպանելու նպատակով վրաերթի ենթարկողը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում այսօր վրաերթ կատարողը, ով Երևանի բնակիչ 38-ամյա Համբարձում Հովհաննիսյանն է, առավոտյան ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ Հ․ Հովհաննիսյանը ձերբակալվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մինչ նրա կողմից ոստիկանություն ներկայանալը երեկ սեպտեմբերի 23-ին, Մաշտոցի ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ճշտել են՝ որտեղ է գտնվում «Lexus» մակնիշի ավտոմեքենան, ապա մեկնելով նշված վայր՝ այն հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 22-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Նազարբեկյան 26 շենքի բակում վիճաբանություն էր տեղի ունենում և կար տուժած, ում տեղափոխել էին հիվանդանոց։Ժամանել էր ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին արնանման հետքեր, ատրճանակ և տեղում պարզել էին, որ մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Ժամանել էին նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետները։Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթ կատարողն իր զոհին հարվածել էր «Lexus» մակնիշի ավտոմեքենայով, ապա դիմել փախուստի։

Նրանք ազգականներ են։