Աշխարհը ցնցվում է պատերազմներից, միջուկային սպառնալիքներից ու տնտեսական ճգնաժամերից։ Բայց դրանք բոլորը մանկական խաղեր են, փուչիկներ ու դատարկ աղմուկ այն ապշեցուցիչ, համացանցը պայթեցնող նորությունների համեմատ, որոնք ամենօրյա ռեժիմով ծնվում են հայաստանյան քաղաքական մտքի լաբորատորիայում։
Եթե Իրանում, Մերձավոր Արեւելքում կամ Ուկրաինայում պայթյունները քանդում են պատեր, ապա մեր «տիտանների» գաղափարները պայթեցնում են մարդկային բանականությունն ու տրամաբանության վերջին հենասյուները։
Բաքվի բուլվարի «Լուսավորիչը» եւ Լուսնի վրայի հուշարձանը
Առաջին աշխարհացունց լուրը թերեւս հավակնում է մտնել համաշխարհային դիվանագիտության ու քանդակագործության ոսկե ֆոնդ։ Պարզվում է՝ ռուսական ազդեցությունը տարածաշրջանում թուլացնելու եւ «հերոսանալու» համար մեր գլխավոր ճարտարապետն ունի հանճարեղ մի երազանք․ նրա արձանը պետք է կանգնեցվի… Բաքվում։ Այո, նա Արցախը լուծարելով ու հանձնելով՝ «ազատագրել է» ոչ միայն Հայաստանը, այլեւ, ուշադրություն, Ադրբեջանը՝ ռուսական լծից։ Բայց ինչո՞ւ սահմանափակվել միայն Բաքվով։ Չէ՞ որ ոչ մի թուրք փաշա, ոչ մի սուլթան դարերի ընթացքում իր ազգի համար չի արել այնքան անգնահատելի ծառայություններ, որքան նա․ 44-օրյա պատերազմի հրահրում, կանխորոշված պարտություն, մատղաշ սերնդի մատաղում, հողերի հանձնում ու Ալիեւի առաջին իսկ պահանջով Սահմանադրության գլխիվայր շրջում։ Սա այն է, որ արդեն Բաքվի մի հասարակ արձանով չես խաբի ու թեման փակի։ Նրա հուշարձանները պետք է զարդարեն Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր քաղաքները, փողոցներն ու բուլվարները, ամեն դատարկ տարածքները, իսկ պատվանդանին ոսկե տառերով պետք է գրվի․ «Երախտապարտ Թուրանից՝ իր նվիրյալ զավակին»։ Իսկ իջեւանյան արձանն առաջարկում ենք անհապաղ ապամոնտաժել եւ տեղափոխել Լուսին` թող տիեզերագնացներն ու այլմոլորակայինները հիանան ու զարմանան, թե ինչպես է հնարավոր մի ամբողջ պետություն հասցնել այնպիսի «բարձունքի», որտեղ նույնիսկ ձգողականության օրենքներն են դադարում գործել։
Յոթգլխանի քաղաքաշինական դրակոնը եւ «Կիլիկիայի» թակարդը
Երկրորդ լուրը վերաբերում է մեր մայրաքաղաքի «դահճին»․ Տիգրան Ավինյանը շարունակում է հոշոտել Երեւանը՝ անկանոն, միջավայրը փչացնող, խիտ կառուցապատման «գլուխգործոցներով»։ Հիմա էլ հանճարեղ նորարարություն է մտածել մարզերից եկող տրանսպորտի համար։ Պատկերացրեք․ Լոռուց մայրաքաղաք եկող քաղաքացին այլեւս իրավունք չունի իր ուզած կետում իջնել։ Նա պետք է նստարանին մեխված մնա, պարտադիր հասնի «Կիլիկիա» ավտոկայան, այնտեղից նորից նստի երեւանյան խցանված տրանսպորտ ու կրկնակի փող ու ժամանակ ծախսելով՝ խցանումների միջով հետ դառնա, օրինակ, «Սեբաստիա» հյուրանոց։ Իմաստո՞ւն է։ Անշուշտ։ Չէ՞ որ նպատակը մեկն է․ մարզի ժողովրդից քամել վերջին լուման ու նյարդերը։ Եվ այս ամենը փաթեթավորվում է «խցանումները թեթեւացնելու» հեքիաթով։ Իբր իրենք չգիտեն, որ խցանումների իրական պատճառը հենց իրենց «փողի կանալ» դարձած քաղաքաշինական սպանդն է։ Բայց դե, բարեհամբույր զանգվածին միշտ էլ կարելի է խաբել «ակուրատնի էլիտարկեք» պատկերող գունավոր ռենդերներով, մինչդեռ քաղաքը վերածվում է բետոնե անանցանելի ջունգլիների։
Գոմաղբային դիվանագիտություն. Ռիգայի փորձն ու «թրիքային» ինքնաբավությունը
Եվ վերջապես՝ երրորդ փառահեղ լուրը։ Քարից հաց քամող մեր բազմաչարչար ժողովուրդը հիմա էլ, ի հեճուկս ռուսական «Գազպրոմի», պատրաստվում է… գոմաղբից գազ քամել։ Արտաքին գործոց (եւ արտաքին առեւտրի) նախարարը, թողած աշխարհաքաղաքական աղետները, հասել է Ռիգա, որտեղ մեծագույն խանդավառությամբ ուսումնասիրել է, թե ինչպես են անասունների կղանքից ու թրիքից էլեկտրաէներգիա ու բիոգազ ստանում։ Երեւի մտքում արդեն պատկերացնում է, թե ինչպես է կախարդական փայտիկով Հանրապետության հրապարակը վերածելու միլիոնավոր տոննաներով թրիքի կուտակման գլխավոր հանգույցի։ Ռուսները գազի գինը կբարձրացնե՞ն․ հոգ չէ, մենք կցուցաբերենք «թրիքային ինքնաբավություն»։ Իսկ այն փաստը, որ մասնագետների հաշվարկներով բիոգազը կարող է ծածկել պահանջարկի ընդամենը 5-6 տոկոսը, ՔՊ-ականների համար որեւէ նշանակություն չունի։ Մնացած 94-95 տոկոս բնակչությունը թող ձմռանը մրսի կամ ինքնուրույն հոգա գազի հարցերը։ Կարեւորը՝ իշխանավորները բյուջեից իրենց պարգեւավճարներն ամբողջությամբ ստանան եւ չմրսեն, իսկ ժողովրդին կարելի է հպարտորեն առաջարկել դարակազմիկ այլընտրանք՝ «մրսելով, բայց անկախ, առանց գազի, բայց թրիքից ստացված էներգիայով»։
Եվ եթե այս երեք ուղղությունները հաջողությամբ միավորվեն, հաջորդ աշխարհացունց լուրը կարելի է կանխատեսել․ Նիկոլի արձանը կդրվի Լուսնի վրա, գոմաղբային բիոռեակտորը՝ պատվանդանի տակ, իսկ «Կիլիկիա» ավտոկայանում իջնել կամեցող հայ ուղեւորներին նախ կիջեցնենք Լուսնի վրա… Հետո՝ իրենք գիտեն… Ահա՝ սա կլինի ոչ միայն զարգացման ռազմավարություն, այլեւ ազգային տիեզերական ծրագիր։

Բաց մի թողեք
Շուտով գազը կփակեն․ Հայկական արտադրության կաթնամթերքի, ինչպես նաև ձկնամթերքի ներկրման արգելքը Ռուսաստանը չի վերացնում․ «Ռոսսելխոզնադզոր»
Բաքվում նեղվել են Վրաստանի պատրիարքարանի դիրքորոշումից ու էլի «կպել» Հայ եկեղեցուն
Ռուսական դրոշի ներքո նավերի քանակն ավելացել է ավելի քան մեկ երրորդով․ FT