27/09/2026

EU – Armenia

Ինչպես են արևմտյան տեխնոլոգիաներն օգնում Ռուսաստանի պատերազմի համար նորակոչիկներ հավաքագրել

Նոր հետաքննության համաձայն՝ Աֆրիկայում, Ասիայում և Բելառուսում աշխատողներին թիրախավորող մի ցանց օգտագործում է արևմտյան տեխնոլոգիաներն ու հարթակները՝ մարդկանց Ռուսաստանի պատերազմական գործողություններում ներգրավելու նպատակով։

Առաջարկի մեջ պատերազմի մասին գրեթե երբեք չի հիշատակվում։

Facebook-ը դիտելիս կամ Google-ում որոնում կատարելիս տղամարդը կարող է հանդիպել սովորական թվացող կադրային գործակալության գովազդի, որը խոստանում է շինարարական աշխատանք, անվտանգության աշխատակցի պաշտոն, դեր կինոյում կամ ռուսական վիզա ստանալու հարցում աջակցություն։

Հղումով անցնելիս նա հայտնվում է հավաքագրման պրոֆեսիոնալ ձևավորված կայքում։ Որոշ կայքեր նույնիսկ պարունակում են արևմտյան լրատվամիջոցների (օրինակ՝ BBC-ի) տարբերանշանները՝ կեղծ տպավորություն ստեղծելով, թե վերջիններս հավանություն են տալիս այդ նախաձեռնությանը։

Առցանց մանիպուլյացիայի այս համակարգված արշավի հետևում կանգնած է Ռուսաստանի՝ պատերազմի համար հավաքագրում իրականացնող մեքենան, որի գործունեության զգալի մասն իրականացվում է արևմտյան թվային ալիքների, սերվերների և տեխնոլոգիական այլ ենթակառուցվածքների միջոցով։

Code for Africa-ի (թվային ժողովրդավարության լաբորատորիաների աֆրիկյան ոչ առևտրային ցանց) կողմից տրամադրված նոր զեկույցը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ կապված զինվորական հավաքագրումն օգտագործել է Meta-ի և Google-ի գովազդային ու հետևող (tracking) տեխնոլոգիաները՝ պոտենցիալ հավաքագրվողներին հասնելու և արշավների արդյունավետությունը գնահատելու համար՝ թիրախավորելով աշխատողներին աշխարհի ամենաաղքատ աշխատաշուկաներից մի քանիսում։ Հետազոտողները հայտնաբերել են 89 կայք, սոցիալական ցանցերի կամ Facebook-ի յոթ էջ և հաղորդագրությունների փոխանակման 39 հաշիվ կամ ալիք, որոնք օգտագործվել են այդ գործողությունների ընթացքում, ընդ որում՝ ամեն օր ի հայտ են գալիս նորերը։

Հավաքագրողները թիրախավորում են գործազրկության կամ անկայուն զբաղվածության խնդրի առջև կանգնած երիտասարդ տղամարդկանց՝ առաջարկելով աշխատավարձեր, որոնք սովորաբար զգալիորեն գերազանցում են հայրենիքում նրանց հնարավոր վաստակը։

Ուսումնասիրված մի գովազդում, որը ներկայացվում է որպես նոր կինոնախագծի համար «համաշխարհային քասթինգ», փնտրում են աֆրիկացի տղամարդ դերասանների․ գովազդը պարունակում է արհեստական ​​բանականության միջոցով ստեղծված պատկեր՝ զինվորական համազգեստով սևամորթ տղամարդկանցով և «նկարահանումները՝ 2025 թվականին» գրությամբ։ Այս գովազդը հայտնաբերվել է Գերմանիայում գործող Facebook-յան էջում։

RUSSIA-WWII-ANNIVERSARY-PARADE