30/09/2026

EU – Armenia

ՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ որոշումը կա․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ

«Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երկար ընդմիջումից հետո երեկ՝ սեպտեմբերի 29-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ նիստի առանցքային հարցերից մեկը եղել է առաջիկայում կայանալիք Աբովյանի համայնքապետի ընտրությունները, մասնավորապես՝ ՔՊ-ի ընտրական ցուցակի և այն գլխավորող թեկնածուի հարցը։

Ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, իշխանության ներսում քննարկվում էր Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի թեկնածությունը։ Նրա անունը որպես ՔՊ-ի հնարավոր թեկնածու շրջանառվում էր դեռ սեպտեմբերի սկզբից։

Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Աբրահամյանը ներկայացել է ՔՊ վարչության նիստին, ելույթ է ունեցել, և քննարկվել է նրա թեկնածության առաջադրման հարցը։ Մեր տեղեկություններով՝ այս պահին կուսակցության ներսում որոշումը նրա թեկնածության շուրջ արդեն ձևավորված է։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել էր, որ ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով, սակայն այն ժամանակ չէր հայտնել ցուցակը գլխավորողի անունը։

Իսկ ի՞նչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ

Հետաքրքիր է, որ ՔՊ-ի կողմից սեփական թեկնածուի առաջադրումը չի նշանակում, թե իշխանությունը պատրաստվում է խոչընդոտել գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանի մասնակցությանը։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխնական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում այս պահին չկա որոշում Բաբայանի առաջադրմանը խոչընդոտելու կամ նրա հնարավոր մասնակցությունը կանխելու վերաբերյալ։

Այսինքն՝ Աբովյանի դեկտեմբերյան ընտրություններում կարող է ձևավորվել բավական հետաքրքիր իրավիճակ․ ՔՊ-ն մասնակցում է սեփական ցուցակով և սեփական թեկնածուով, իսկ գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը ևս կարող է շարունակել իր քաղաքական պայքարը։

Ընդ որում, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ի ներսում բարձր ակնկալիքներ չունեն սեփական թեկնածուի արդյունքից։ Մեր տեղեկություններով՝ կուսակցության ներսում հասկանում են, որ Աբովյանում ՔՊ-ի թեկնածուի համար հեշտ չի լինելու անհրաժեշտ քանակի ձայներ ապահովել և ավագանիում մեծամասնություն ձևավորել։

Այդուհանդերձ, որոշումը՝ սեփական թեկնածուով մասնակցել ընտրություններին, կայացված է։

Հատկանշական է, որ Հովհաննես Աբրահամյանի թեկնածության մասին հրապարակված տեղեկություններում նրան ներկայացրել էին որպես Հրազդանի անտառտնտեսության տնօրեն, աբովյանցի և ՔՊ-ի անդամ։

Այսպիսով, դեկտեմբերին Աբովյանում սպասվում է իշխանության համար ուշագրավ ընտրական փորձություն․ ՔՊ-ն մտնում է պայքարի մեջ իր թեկնածուով, մինչդեռ գործող համայնքապետի հնարավոր մասնակցությունը ևս շարունակում է մնալ օրակարգում»։