Հանրայյին շահի անվան ներքո մայրաքաղաքի քաղաքապետ Ավինյանը որոշել է երևանցիների մի մասի ապրուստի հաշվին գեղեցկացնել Երևանը: Այդ երևույթի առաջին դրսևորումը 2019-ի մարտին Ազատության հրապարակի տարածքը սրճարաններից ազատելն էր:
Ինչը ողջունվեց երևանցիների կողմից, քանի որ ակտիվ ֆեյսբուքցի երևանցիները հիմնականում ոչ զբաղված մարդիկ են: Բայց չունեն նաև միջոցներ, որպեսզի իրենց ազատ ժամանակը սպանեն հենց այդ սրճարաններում: Ու բնականորեն առաջին պլան է դուրս գալիս նախանձը ունևորների նկատմամբ:
Որոնց ունեզրկելու քաղաքականությունը գտնում է իր համակիրներին: Դա որպես նախկին ՀԿ-ական եմ ասում. երբ 2000-ականների սկզբին այդ հրապարակում օրինական կամ անօրինական սրճարանների դեմ պայքար էինք մղում, մեզ միանում էին հատուկենտ մարդիկ: Մեծամասնությունն անցնում, գնում էր՝ նույնիսկ չհետաքրքրվելով, թե ինչով ենք զբաղված այդտեղ:
Ինչևէ, այդ երևույթն այն քչերից է, որ գործող իշխանությունը զարմանալիորեն կատարում է իր խոստումը: Եվ մայրաքաղաքն ազատում է մայթերը գրաված առևտրային կետերից: Արանքում կարող է նաև մայթերի հետ կապ չունեցող առևտրային կետեր վերացնի, բայց դա այլ հարց է: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը որոշել է ունեզրկել Գագիկ Ծառուկյանին: Եվ աննահանջ կյանքի է կոչում այն՝ իրավապահ համակարգն իրեն օգնական ունենալով: Բայց Աջափնյակի Շինարարների փողոցում իրականացվող՝ կրպակների ապամոնտաժման աշխատանքներն այդ բնույթի չեն:
Դրանց հիմնավորումն իրավական է՝ քանդվում են ապօրինի շինությունները: Բայց ապօրինի շինությունների հետ մեկտեղ չեն կարող չքանդվել նաև օրինականները: Այդպիսին է իշխանության և հատկապես գործող իշխանության բնույթը: Ռուսները նույնիսկ դրա առումով առանձին ասույթ ունեն՝ «Лес рубят, щепки летят»: Սրան իմաստային ամենամոտն «Առանց ծխի կրակ չի լինի» ասացվածքն է: Բայց օրինականը քանդելու դեպքում պետք է գույքի շուկայական արժեքի չափով գումար վճարեն, ինչը դժվար թե արվի: Փողն իրենց պետք է ոչ թե ուրիշին տալու, այլ սեփական գրպանները լցնելու համար:
Կա նաև երկրորդ խնդիրը. բողոքող կրպակատերերի ասելով, թաղապետարանից իրենց են մոտեցել կիրակի օրը՝ հայտնելով, որ վաղը կամ մյուս օրը սկսելու են քանդել: Բնական է, որ 2-3 օրում կրպակի ողջ ապրանքն իրացնել հնարավոր չէր: Ու ոչ էլ գտնել այլ վայր՝ կազմակերպված ձևով ապրանքն այնտեղ տեղափոխելու նպատակով: Երևանի քաղաքապետարանից պնդում են հակառակը: Փոխքաղաքապետ Փամբուխչյան Արմենը ավագանու նիստում հայտարարել է, որ տնտեսվարողներին ժամանակ տրվել է։
Եվ կրպակների մեծ մասի սեփականատերերը ժամանակ են ունեցել հանգիստ դուրս բերելու իրենց գույքը: Ենթադրում եմ, որ Փամբուխչյանը սուտ չի խոսում. հայկական մտածողությամբ առաջնորդվելով՝ մարդիկ ջան չեն արել զբաղվելու այդ հարցով: Միաժամանակ, որքան էլ զարմանալի թվա, չեմ էլ հավատում փոխքաղաքապետին, որովհետև 44-օրյա պատերազմից այս կողմ չեմ հավատում գործող իշխանության որևէ ներկայացուցչի՝ ով էլ նա լինի, որևէ խոսքին:
Սակայն հավատալու-չհավատալու երևույթը մի կողմ դնելով՝ անդրադառնամ շատ կարևոր մեկ այլ հարցի: Դա Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների հարցն է. ՔՊ-ն Երևանում ստացել է 41.5% քվե, իսկ հանրապետության մասշտաբով՝ 49.75%: Երևանում ՔՊ-ն չպետք է ստանար 20 տոկոսից ավելի: 15-20 %-ն այն առավելագույն, այսպես ասած, բոնուսն է, որ ընտրողների կողմից տրվում է գործող իշխանությանը: Թե ինչու է այդպես՝ պատճառները բազմաթիվ են:
Ընդունենք դա որպես օբյեկտիվ ինչ-որ աննորմալություն: Բայց դրա կրկնակին ստանալը խոսում է այն մասին, որ մայրաքաղաքը լցված է «ազատանցի անոներով»: Այդ կերպարը, հիշեցնեմ, իրական անձ է, ով 2021-ին աշխատում էր Ազատանի մշակույթի տանը և տեղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում մոմ էր վաճառում։ Տան պատին էլ փակցրել էր Նիկոլի նկարով ՔՊ-ի մեծ քարոզչական պաստառը։ Երևանում, վստահաբար, բնակարաններում ՔՊ-ի քարոզչական պաստառ չեն փակցնում: Բայց 2026-ին ՔՊ-ին ձայն տալը համարժեք է դա անելուն:
ԱԲ-ի միջոցով պարզելով՝ դիտարկեցի զուտ Աջափնյակի վարչական շրջանում տեղակայված՝ 6-րդ ընտրատարածքի 1-ից 40 համարի ընտրատեղամասերում հունիսի 7-ի քվերակության պատկերը: Բնականաբար, հաշվարկեցի «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին ու ՔՊ-ին տրված ձայների քանակը:
Առաջինը ստացել էր 9688 քվե, երկրորդը ստացել էր 4991, իսկ առաջինի հետ միասին՝ 14679 քվե, իսկ երրորդը՝ 16744 ձայն, այսինքն՝ 1.7 անգամ ավելի: Բայց 2026-ի հունիսի 7-ին պետք է լիներ հակառակը: Ինչևէ, ենթադրում եմ, որ Շինարարների փողոցի քանդվող կրպակատերերի մեծ մասը Աջափնյակի տարածքի բնակիչներ են: Ստացվում է, որ 4 ամիս առաջ մարդիկ քվե են տվել Նիկոլին, որպեսզի Ավինյանի ենթական հիմնավորի իրենց ապրուստի միջոցը քանդելը: Այդպիսի տխուր մտքեր:
ՀԳ. Այս պատմությունը նման է փայտե կոթով կացնով անտառ կտրատելուն, որպեսզի դաշտ մաքրվի և այնտեղ ցորեն ցանվի: Ու բնակիչներն էլ ցորենի բերք հավաքելով՝ ապրեն այդ տարածքում: Իսկ երբ կտրված ծառերի ոգիները բողոքեն անտառի ոգուն՝ վերջինս պատասխանի, որ կացնի կոթը փայտից էր, ինչու եք բողոքում:

Բաց մի թողեք
Թրամփը կա՛մ «օգտակար հիմար» է, կա՛մ միտումնավոր թուլացնում է Եվրոպան
Հարկերի մսխումը՝ որպես այլանդակ, քստմնելի երևույթ, չունի ներում-բեկում ու վաղեմության ժամկետ
Մտորումներ՝ Թրամփի «Զանգեզուրի միջանցքին» սպասելիս