Տավուշի մարզպետի աշխատակազմից ստացված տեղեկատվությամբ՝ վերջին 5 տարում Տավուշի մարզի ոռոգելի հողերի քանակը չի ավելացել: Մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ, ըստ հողային հաշվեկշռի, 2026թ․ հուլիսի 1-ի դրությամբ մարզի ոռոգելի հողերը կազմում են 6472,2 հեկտար, ըստ ՋՕԸ-ի կնքված պայմանագրի՝ 3650 հեկտար:
Հրապարակ թերթը գրել է․ Վերջին տարիներին Նոյեմբերյան համայնքի՝ Դեբեդի հովտի գյուղերում այգիներ են հիմնվել։ Զրույց ունեցա «Տավուշ» ջուրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) ընկերության գործադիր տնօրեն Ռոման Ահարոնյանի հետ, որի պաշտոնավարման ընթացքում որոշակիորեն բարելավվել է ոռոգման ջրի մատարակարարման գործը։
Ընկերության գրասենյակն Իջեւան համայնքի Ազատամուտ գյուղում է, ընկերությունը ոռոգման ջուր է մատակարարում մարզի Իջեւան, Նոյեմբերյան, Բերդ համայնքներին։ Նախկինում ամռանը, ոռոգման սեզոնին Դեբեդի հովտի այգիները սնուցող հին, մաշված պոմպերը հաճախ շարքից դուրս էին գալիս, եւ դրանց նորոգման համար երկար ժամանակ էր պահանջվում։ Հիմա այդ առթիվ այգետերերից բողոքներ չկան։ Ռ․ Ահարոնյանը մեզ հայտնեց, որ տարի է լինում, երբ ոռոգման սեզոնը սկսվում է մարտի կեսերից, այս տարի անձրեւային եղանակ էր, որի պատճառով ոռոգման սեզոնը ուշ սկսվեց, այգետերերը, հողատերերը ոռոգման ջրի քանակի քիչ պահանջ են ներկայացրել։ «Տավուշ» ՋՕԸ-ն 185 աշխատակից ունի, որի 60 տոկոսը սեզոնային աշխատողներ են: Նրանց միջին աշխատավարձը 150 հազար դրամ է։ «Տավուշ» ՋՕԸ-ն անցած տարի մատակարարած ոռոգման ջրի համար վարձավճարները հավաքագրել է 102 տոկոսով, այսինքն՝ նախկին տարիների պարտքերից էլ է որոշ գումար հավաքագրել։ Ռ․ Ահարոնյանը հայտնեց, որ հողերը ոռոգած, սակայն ջրի վարձավճարները չվճարած հողատերերի, այգետերերի դեմ իրենց ընկերությունը դատարան հայցեր է ներկայացրել։ Նրանք Նոյեմբերյան համայնքի Դեբեդի հովտի բնակավայրերի բնակիչներ են, չեն վիճարկում, որ ոռոգման սեզոնին իրենց հողերը, այգիները կանոնավոր կերպով ոռոգման ջուր են ստացել, սակայն ոռոգման ջրի վարձը չեն մուծել:
Ըստ «Տավուշ» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի՝ իրենց ընկերությունը 2026 թվականին 3631 հեկտարի ոռոգման պայմանագիր ունի, ոռոգման ջրի վարձը 1 խորանարդ մետր ջրի համար 11 դրամ է։ Լինում են դեպքեր, երբ այգետերերը գիշերն են այգիները ոռոգում։ Ռ․ Ահարոնյանն ասաց, որ տարածքներ կան, որտեղ իրենք ոռոգման ջրագիծ են անցկացրել, ոռոգման ներքին ցանց էլ գոյություն ունի, սակայն ոռոգելի, մշակող տարածքները չեն ավելանում։ Նման տարածք կա Նոյեմբերյան համայնքի Զորական գյուղում։ Բերդ համայնքի տարածքում էլ տարբեր հողատերերի պատկանող մոտ 20 հեկտար ոռոգելի հողատարածք է առկա, որը չի մշակվում: Ընկերություն կա, որը գյուղացիներին հորդորում է՝ դուք չեք մշակում ոռոգելի հողատարածքը, վաճառեք` մենք մշակենք, սակայն հողատեր գյուղացիների հետ համաձայնության չեն գալիս։ «Սպայկա» ընկերությունն արդեն մի քանի տարի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ գյուղի տարածքում փոքր ջրամբար է սարքել եւ այդտեղ բողկ է մշակում։ Ծրագիր կա Իջեւան համայնքի Ակնաղբյուր գյուղի տարածքում 17 հեկտար թզի այգիներ հիմնելու մասին։ Տավուշի մարզի այգիներից ստացված բերքի մի մասը հանձնվում է մարզում գործող վերամշակող ձեռնարկություններին։ Սակայն անհրաժեշտ բուժանյութերի թանկությունը, այգիներ տնկելու, դրանք մշակելու դժվարությունները, գյուղացիների գյուղատնտեսական, այգեգործական գիտելիքների պակասը, բերքի իրացման դժվարությունները խանգարում են, որպեսզի գյուղացիները զբաղվեն ինտենսիվ հողագործությամբ, այգեգործությամբ։

Բաց մի թողեք
Արդարացվա՞ծ են արդյոք COP17-ի համար ծախսված միլիոնավոր դոլարները
Ադրբեջանը ստում է` որեւէ պարագայում խաղաղության պայմանագիր չի կնքելու
«Արու» է, բայց վախենում է մասնակցել բանավեճի