21/10/2026

EU – Armenia

Ֆրանսիան խոստանում է իրականացնել անվտանգության «լայնածավալ» գործողություն՝ ներգրավելով զինված ուժերին՝ կապված հանգստյան օրերին սպասվող բողոքի ցույցերի հետ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ «Սենտինել» (Operation Sentinelle) գործողության շրջանակներում զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ կտեղակայվեն՝ ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցներին ազատելու և նրանց սպասվող ցույցերի վայրերում ծառայության ուղղելու նպատակով։

Երեքշաբթի օրը Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն հայտարարեց, որ շաբաթ օրը սպասվող բողոքի ակցիաների ժամանակ կիրականացվի անվտանգության «լայնածավալ» գործողություն։ Սա հաջորդում է անցած հանգստյան օրերին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ ուղղված այն ցույցերին, որոնք վերածվել էին բռնությունների։

Երեքշաբթի օրը խորհրդարանում ելույթ ունենալիս՝ ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը նույնպես հայտնեց «Սենտինել» գործողության ուժերը ներգրավելու ծրագրերի մասին՝ նշելով, որ դա թույլ կտա ոստիկաններին և ժանդարմներին ազատել իրենց սովորական պարտականություններից՝ հասարակական կարգի պահպանման խնդիրներն իրականացնելու համար։

Նունյեսի խոսքով՝ նրանց առաքելությունը կլինի «փոխարինել ներքին անվտանգության ուժերին, որոնք հիմնականում իրականացնում են օբյեկտների պահպանություն», որպեսզի «ոստիկաններն ու ժանդարմները կարողանան զբաղվել հասարակական կարգի ապահովմամբ»։

«Սենտինել» գործողությունը, որը մեկնարկել է 2015 թվականի հունվարին, ներառում է 10 000 զինծառայողի տեղակայում Ֆրանսիայի տարածքում՝ հնարավոր ահաբեկչական հարձակումներից պաշտպանվելու նպատակով։

Զինվորականները սովորաբար տեղակայվում են այնպիսի վայրերի մոտ, որոնք համարվում են խոցելի կամ կարևոր՝ օրինակ՝ կրոնական հաստատությունների, դպրոցների, զբոսաշրջային վայրերի, երկաթուղային կայարանների և օդանավակայանների մոտակայքում։ «Սենտինել»-ի զինծառայողները նախկինում ներգրավված են եղել նաև այլ միջոցառումների ապահովման գործում, ինչպիսիք են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը։

Նունյեսը հավելեց, որ շաբաթ օրը անվտանգության ուժերի գործողությունները պետք է առանձնանան բարձր «արձագանքման ունակությամբ և շարժունակությամբ»՝ «ցրված» և «չափազանց շարժուն» խմբերի գ Ինչ վերաբերում է այն ցույցերին, որոնք վտանգ չեն ներկայացնում հասարակական կարգի համար, ապա, ըստ Նունյեսի, «էական է նախապատվությունը տալ այնպիսի երթուղիների, որոնք անցնում են պետական ​​հաստատություններից և գլխավոր փողոցներից հեռու», ինչպես նաև «ուժեղացնել տեղեկատվության հավաքագրումը՝ մասնակիցների թվաքանակը, հատկապես՝ առավել արմատական ​​տրամադրված անձանց, հնարավորինս ճշգրիտ պարզելու նպատակով, որպեսզի անվտանգության միջոցառումները կարողանան համապատասխանեցվել իրավիճակին»։

Նախարարը նաև խոստացավ «վճռականություն» դրսևորել՝ հավելելով. «Մենք այնտեղ կլինենք»։

Ծանր եղանակային պայմաններ Ֆրանսիայի հարավում. մեկ զոհ՝ Մարսելի մոտ, մեկ անհետ կորած՝ Կորսիկայում

Վերին Կորսիկայում (Haute-Corse)՝ Գիզոնաչիա (Ghisonaccia) բնակավայրում, երեքշաբթի երեկոյան մեկ մարդ անհետ կորել է, իսկ Բուշ-դյու-Ռոն (Bouches-du-Rhône) դեպարտամենտի Սեն-Միտր-լե-Ռեմպար (Saint-Mitre-les-Remparts) համայնքում հայտնաբերվել է մեկ այլ անձի դի։

Ջրի հոսանքը քշել-տարել է մեքենաներ, ջրի տակ են անցել թաղամասեր և տներ. Ֆրանսիայի հարավ-արևելքին պատուհասել է եղանակային ծանր պայմանների նոր ալիք՝ Օքսիտանիայից (Occitanie) շարժվելով դեպի Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազյուր (Provence-Alpes-Côte d’Azur) տարածաշրջան։ Երկուշաբթի օրը սկսված հորդառատ անձրևների ինտենսիվությունը երեքշաբթի կեսօրին մոտ սկսել է նվազել։

Երեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի Իստր (Istres) քաղաքում հայտնաբերվել է 75-ամյա մի տղամարդու դի. նրան Սեն-Միտր-լե-Ռեմպար համայնքում ջրհեղեղի հոսանքն էր քշել-տարել։ Անհետ կորածին գտնելու նպատակով որոնողական աշխատանքներին ներգրավվել էր ուղղաթիռ։

Պրեֆեկտուրայի տվյալներով՝ Վերին Կորսիկայի Գիզոնաչիա բնակավայրում մեկ մարդ անհետ կորած է համարվում։ Երկու հոգի գտնվել են ամենագնացի մեջ, երբ Ֆյումորբու (Fium’orbu) գետը քշել-տարել է մեքենան։ Նրանցից մեկին հաջողվել է դուրս գալ պատուհանով, իսկ մյուսին փրկարարական խմբերը շարունակում են փնտրել։

Météo-France-ի (Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայություն) հաղորդմամբ՝ Սոլենզարայից (Solenzara) հյուսիս (Հարավային Կորսիկա) եղանակային այս երևույթի սկզբից ի վեր գրանցվել է գրեթե 400 միլիմետր տեղում, իսկ օդանավակայանում «ընդամենը մեկ ժամվա ընթացքում տեղացել է 191 միլիմետր անձրև»։

Մարսելից մոտ 50 կիլոմետր դեպի արևմուտք գտնվող Իստր քաղաքում իրականացվել են նաև տարհանումներ։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ ջրհեղեղից տուժած բնակիչները տեղափոխվել են մարզադահլիճ։

Երկուշաբթի օրը սկսված հորդառատ անձրևները հանգեցրել են լայնածավալ ջրհեղեղների՝ Էրո (Hérault) դեպարտամենտից մինչև Նիմում, որտեղ երեքշաբթի առավոտյան երթևեկությունը չափազանց բարդ էր, իսկ A9 ավտոմայրուղին մի քանի ժամով փակվել էր, կեսօրին իրավիճակը աստիճանաբար սկսեց կարգավորվել, և երկուշաբթի կեսօրից փակված քաղաքային հաստատությունները վերսկսեցին իրենց աշխատանքը։ Քաղաքից դուրս եկող և քաղաք մտնող գնացքների երթևեկությունը դեռևս խափանված էր։

Մարսելի շրջակայքում ավտոմայրուղիների որոշ հատվածներ մասնակիորեն ջրի տակ էին անցել, իսկ մայրուղիներին միացող ճանապարհները՝ փակվել։ Քաղաքում երեքշաբթի առավոտյան դադարեցվել էր տրամվայների երթևեկությունը։

Միջերկրածովյան տարածաշրջանում դիտվող եղանակային այս երևույթը կապված է «Ադամ» անունը կրող ցածր ճնշման սառը համակարգի հետ, որը հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ է բերել Իսպանիա, որտեղ, ըստ տվյալների, առնվազն չորս մարդ է զոհվել։