02/11/2026

EU – Armenia

Սպենդիարյանի 155 ամյակն ու երաժշտական ներկայությունը՝ Հայկ Մելիքյանի փայլուն մենահամերգը. Լուսանկարներ

Կան հոբելյաններ, որոնք պարզապես օրացուցային տարեթիվ չեն, այլ առիթ՝ վերադառնալու ազգային մշակույթի այն ակունքներին, որոնցից սնվել ու շարունակում է սնվել մեր երաժշտական ինքնությունը։ Եվ կան համերգներ, որոնք իրենց նշանակությամբ դուրս են գալիս սովորական համերգային իրադարձության սահմաններից՝ դառնալով հիշողության, ժամանակի և արվեստի յուրօրինակ երկխոսություն։

Երեկ՝ հայազգի հռչակավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի օրը, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, թեև կիրակի էր, ուշ երեկոյան, բացվեց նոր Փոքր համերգասրահը։ Նոր երաժշտական տարածքի առաջին հնչյունները վստահվեցին ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային ճանաչում ունեցող վիրտուոզ դաշնակահար Հայկ Մելիքյանին, որի մենահամերգը դարձավ յուրօրինակ երաժշտական խոնարհում՝ հայ կոմպոզիտորական դպրոցի մեծերին։

May be an image of piano and clarinet

Օրվա խորհուրդը համընկել էր հենց այն կոմպոզիտորի 155-ամյակի հետ, որի անունն է կրում թատրոնը։ Եվ այդ երեկո Սպենդիարյանի երաժշտությունը կարծես ոչ միայն հնչում էր բեմից, այլև ներկա էր ամբողջ համերգի գաղափարական առանցքում՝ որպես հայ երաժշտական մշակույթի պատմության կարևորագույն էջերից մեկի կենդանի վկայություն։

Հայ երաժշտության մի ամբողջ աշխարհ՝ դաշնամուրի ստեղների ներքո

Հայկ Մելիքյանի ընտրած ծրագիրը բավական ընդգրկուն էր ու բազմաշերտ։ Այն ունկնդրին հնարավորություն տվեց մեկ համերգի ընթացքում առնչվելու հայ կոմպոզիտորական արվեստի տարբեր սերունդների, անհատական ձեռագրերի, գեղարվեստական մտածողության և երաժշտական լեզուների հետ։

May be an image of piano

Համերգում հնչեց Արամ Խաչատրյանի հանրահայտ Տոկատը։ Ստեղծագործություն, որի մեջ ռիթմական տարերքը, շարժման անկասելի էներգիան և դաշնամուրային հնչողության հզորությունը պահանջում են կատարողական ոչ միայն տեխնիկական, այլև կամային բացառիկ կարողություններ։ Հայկ Մելիքյանի մեկնաբանությամբ այն ստացավ իր ամբողջ թափն ու արտահայտչականությունը՝ միաժամանակ բացելով երեկոյի երաժշտական լիցքի էջեր։

Այնուհետև հնչեցին Կոմիտասի «Չորս պարերը»՝ Երանգի – Ունաբի – Մարալի – Շուշիկի»։ Այստեղ երաժշտական խոսքը փոխեց իր բնույթը։ Խաչատրյանի ռիթմական հզորությունից ունկնդիրը տեղափոխվեց կոմիտասյան աշխարհ՝ հայկական ժողովրդական երաժշտության նուրբ ելևէջներով, պարային շարժումների բազմազանությամբ, ազգային մեղեդայնության անկրկնելի շնչով։ Կոմիտասի երաժշտությունը դաշնամուրային մեկնաբանությամբ ներկայացնելը ենթադրում է առանձնահատուկ զգայունություն. անհրաժեշտ է պահպանել ժողովրդական նախասկզբի բնականությունը՝ միաժամանակ բացահայտելով ստեղծագործության ներսում թաքնված դասական կառուցվածքն ու գեղարվեստական խորությունը։

May be an image of piano

Վիրտուոզ դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարումներում այդ երկու աշխարհները հանդիպում էին՝ առանց միմյանց խանգարելու։ Ղազարոս Սարյանի «Երեք պոստլյուդը» համերգի երաժշտական պատումին հաղորդեց այլ գունավորում։ Սարյանի ստեղծագործական մտածողության մեջ առանձնահատուկ տեղ ունեցող ներքին խոհականությունը, հնչյունային նրբերանգների նկատմամբ ուշադրությունն ու ժամանակակից երաժշտական լեզվի արտահայտչական հնարավորությունները պահանջում են ունկնդրին ոչ միայն լսելու, այլև մտովի հետևելու երաժշտության ընթացքին։

Այդուհետև հնչեց Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների շարքը՝ «Վեց տրամադրություն»։ Հարությունյանի երաժշտական աշխարհը միավորում է հուզական անմիջականությունն ու կոմպոզիտորական վարպետությունը, իսկ դաշնամուրային երկերում զգացմունքը հաճախ արտահայտվում է խտացված, երբեմն դրամատիկ, երբեմն էլ քնարական հնչյունային պատկերներով ու նաև խորքում՝ ջազային հնչերանգներով։

Երեկոյի եզրափակիչ էջը պատկանում էր Առնո Բաբաջանյանին։ Նրա «Էքսպրոմտը» և «Վեց պատկեր» շարքը ներկայացրեցին կոմպոզիտորի ինքնատիպ աշխարհը՝ դաշնամուրային վիրտուոզության, ազգային երաժշտական մտածողության և հուզական հարուստ ներկապնակի համադրությամբ։ Բաբաջանյանի երաժշտությունը կարծես ինքնին պահանջում է բեմական ներկայություն։ Այն ունի ներքին թատերայնություն, դրամատիզմ, երբեմն՝ պայթյունավտանգ էներգիա, երբեմն՝ խորապես անձնական քնարականություն։ Նրա ստեղծագործություններում դաշնամուրը դառնում է ոչ միայն երաժշտական գործիք, այլև մի ամբողջ նվագախումբ՝ իր գունային ու հնչյունային հնարավորություններով։

May be an image of piano

Հայկ Մելիքյանի կատարողական արվեստում այդ բազմաձայնությունը դրսևորվեց դաշնամուրային հնչողության ճկունությամբ, տեխնիկական ազատությամբ և երաժշտական նյութի նկատմամբ անհատական վերաբերմունքով։

Ալեքսանդր Սպենդիարյան. հոբելյանական երեկոյի գլխավոր երաժշտական խոսքը

Եվ, իհարկե, երեկոյի սկզբում կենտրոնում և եզրափակիչում Ալեքսանդր Սպենդիարյանն էր։ Նրա ստեղծագործությունների ընտրանին համերգին հաղորդեց առանձնահատուկ խորհուրդ։ Սպենդիարյանի դաշնամուրային էջերը, որոնք հաճախ մնում են նրա նվագախմբային գլուխգործոցների ստվերում, ունեն իրենց ինքնուրույն գեղարվեստական արժեքը։ Դրանցում կարելի է բացահայտել կոմպոզիտորի քնարական մտածողության, դասական ձևերի նկատմամբ զգացողության և եվրոպական երաժշտական ավանդույթների հետ նրա ստեղծագործական երկխոսության առանձնահատկությունները։

«Վալսը» և «Բարկարոլան» ունկնդրին տեղափոխեցին մեղեդային հոսքի ու նրբագեղ երաժշտական պատկերների աշխարհ, իսկ երկու «Մենուետները» բացահայտեցին դասական ձևի հանդեպ կոմպոզիտորի հարգանքն ու ոճական նրբազգացությունը։

Սակայն Սպենդիարյանի երաժշտական աշխարհին նվիրված այս հատվածի առանձնահատուկ իրադարձությունը «Էնզելին» էր, որի ներկայացումը համերգի շրջանակում վերածվեց նաև բեմական նորարարական փորձառության։

May be an image of dancing and text

«Էնզելի». երբ երաժշտությունը մարմնավորվում է պարի մեջ

«Էնզելիի» կատարման ընթացքում Հայկ Մելիքյանի դաշնամուրային մենանվագին զուգահեռ բեմում հանդես եկավ պարուհի Աննա Քալաշյանը։ Այսպիսով, ստեղծագործությունը ներկայացվեց յուրօրինակ խորիոգրաֆիկ պրեմիերայով՝ միավորելով դաշնամուրային երաժշտությունն ու պարի արտահայտչական լեզուն։

Սա երեկոյի ամենաուշագրավ բեմական լուծումներից մեկն էր։ Երաժշտությունն ու պարը, լինելով արվեստի տարբեր լեզուներ, այստեղ հանդիպեցին նույն գեղարվեստական տարածքում։ Դաշնամուրից ծնվող հնչյունային պատկերներն իրենց շարունակությունն էին գտնում շարժման մեջ, իսկ պարային մարմնավորումը երաժշտությանը հաղորդում էր տեսանելի չափում։

Աննա Քալաշյանի ներկայությունը բեմում ստեղծագործության մատուցումը դուրս բերեց զուտ համերգային ընկալման սահմաններից՝ առաջարկելով ունկնդրին նաև դիտողական, շարժման միջոցով բացահայտվող մեկնաբանություն։ Այսպիսի համադրություններն առանձնահատուկ զգուշություն են պահանջում, քանի որ պարը չպետք է պարզապես ուղեկցի երաժշտությանը, այլ պետք է դառնա նրա ներքին բովանդակության արտահայտման միջոց։ Այդ առումով «Էնզելիի» բեմականացումը երեկոյի ծրագրում առանձնացավ իր ձևաչափով և նորարարական մտահղացմամբ։

May be an image of dancing

Հայկ Մելիքյան. դաշնամուրային վարպետության և երաժշտական մտածողության երկխոսություն

Երեկոյի գլխավոր հերոսը, անշուշտ, Հայկ Մելիքյանն էր։ Նրա կատարողական արվեստի առանձնահատկությունը միայն տեխնիկական վիրտուոզությունը չէ։ Դաշնամուրային բարձրագույն վարպետությունը, մատների բացառիկ ճկունությունը, հնչյունային նյութի նկատմամբ վերահսկողությունն ու բարդագույն հատվածները հաղթահարելու կարողությունը նրա արվեստի կարևոր բաղադրիչներն են, սակայն դրանց կողքին կա նաև երաժշտական մտածողություն, ոճական տարբեր աշխարհներ ընկալելու և դրանցից յուրաքանչյուրին համապատասխան հնչողություն հաղորդելու կարողություն։

Միանգամայն տարբեր երաժշտական բնավորություններ ունեցող Խաչատրյանի, Կոմիտասի, Սարյանի, Հարությունյանի, Բաբաջանյանի և իհարկե՝ Սպենդիարյանի ստեղծագործությունները մեկ ծրագրում ներկայացնելը կատարողից պահանջում է ոճական ճկունություն ու գեղարվեստական լայն ընդգրկում։

Մի կողմից՝ հայկական ժողովրդական երաժշտության ակունքներից սնվող մեղեդայնություն, մյուս կողմից՝ եվրոպական դասական ձևերի ազդեցություն, ազգային ռիթմերի տարերք, ժամանակակից երաժշտական մտածողություն, քնարականություն ու դրամատիզմ։ Եվ այս ամենը՝ մեկ գործիքի, մեկ կատարողի ու մեկ համերգային երեկոյի շրջանակում։

Հայկ Մելիքյանի կատարումը հնարավորություն տվեց ունկնդրին հայ կոմպոզիտորական արվեստը դիտարկել ոչ թե առանձին անունների ու ստեղծագործությունների հերթագայությամբ, այլ որպես փոխկապակցված, զարգացող երաժշտական մշակույթ։ Եվ թերևս հենց սա էր երեկոյի կարևորագույն արժանիքներից մեկը. հայ երաժշտության տարբեր ժամանակաշրջաններն ու անհատականությունները հանդիպեցին նույն բեմում՝ դաշնամուրային արվեստի միջոցով։

May be an image of piano

Երաժշտական երեկոյի վերջին հնչյունը՝ Սպենդիարյանի «Օրոր»-ը

Համերգի ավարտից հետո դահլիճում հնչած ծափողջույնները երկար ժամանակ չէին դադարում։ Երաժշտասեր հանրության բիսային ծափողջույններին ի պատասխան՝ Հայկ Մելիքյանը կատարեց Ալեքսանդր Սպենդիարյանի «Օրոր» ստեղծագործությունը։

Եվ ինչպիսի՜ խորհրդանշական ավարտ։ Այն երեկոյին, որը սկսվել էր Սպենդիարյանի 155-ամյակի խորհուրդով, որի ընթացքում հնչել էին հայ կոմպոզիտորական դպրոցի տարբեր սերունդների ստեղծագործություններ, վերջին երաժշտական խոսքը կրկին պատկանում էր հենց Սպենդիարյանին։ «Օրոր»-ի քնարական աշխարհը կարծես մեղմորեն ամփոփեց ամբողջ երեկոն։ Վիրտուոզության, ռիթմական տարերքի, դրամատիկ լիցքերի, ազգային մեղեդայնության և գեղարվեստական որոնումների հաջորդականությունից հետո դահլիճը լցվեց միանգամայն այլ՝ խաղաղ, մտերմիկ ու հոգեպարար հնչողությամբ։

Երբեմն համերգի ամենակարևոր ավարտը ոչ թե ամենահզոր, այլ ամենանուրբ երաժշտական խոսքն է։ Այն, որը չի փորձում ապացուցել, այլ պարզապես մնում է ունկնդրի հոգում։ Եվ այդ երեկո վերջին հնչյունը հենց այդպիսին էր։

Թատրոնի նոր համերգասրահը ծնվեց երաժշտությամբ։ Իսկ նրա առաջին երաժշտական էջերից մեկը գրվեց հայ կոմպոզիտորական դպրոցի մեծերի անուններով՝ Հայկ Մելիքյանի դաշնամուրային արվեստի միջոցով։ Եվ եթե նոր համերգասրահի առաջին երեկոն կարելի է համարել նրա ապագա երաժշտական կյանքի նախաբան, ապա այդ նախաբանը սկսվեց ամենախորհրդանշական ձևով՝ Սպենդիարյանի երաժշտությամբ, հայ երաժշտության մեծերի ներկայությամբ և դաշնամուրի այն հնչյուններով, որոնք անցյալը դարձնում են ներկա, իսկ երաժշտությունը՝ հավերժական։

Սիմոն Սարգսյան

May be an image of one or more people, crowd and text

May be an image of one or more people