Silicon Mountains 2026 երկօրյա միջոցառման առաջին օրը․ միջազգային տեխնոլոգիական ղեկավարների, ներդրողների և քաղաքականություն մշակողների ելույթներ, նոր բացիկ՝ նվիրված ««Սիլիկոնային սարեր 2026» տեխնոլոգիական գագաթնաժողովին և ցուցահանդեսին, մրցանակներ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի հաղթողներին։
Նոյեմբերի 3-ին Երևանում մեկնարկեց ՏՀՏ ոլորտի «Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա միջոցառումը՝ «Ներդրում՝ նորարարությունների մեջ» խորագրով։ Միջոցառումը, որը 2019 թվականից կազմակերպում է ՏՀՏ գործատուների միությունը (ՏՀՏԳՄ), այս տարի միավորում է միջազգային գագաթնաժողովն ու տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ։
Միջոցառման բացման արարողություն. Բացման ելույթներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նշեց, որ հարթակը տարիներ շարունակ միավորում է նորարարներին, ներդրողներին և ընդհանրապես ոլորտի ջատագովներին, որոնք այսօր համաժողովի կազմակերպիչների շարքում են։ Նրա խոսքով՝ այն պատկառելի ճանապարհը, որը ոլորտն անցել է վերջին երեք տասնամյակում, դժվար է չնկատել։ Նախարարը կարևորել է ներդրումը մարդու և նրա կարողությունների, գաղափարները սկզբից մինչև վերջ նման գործնական միջավայրում նպատակին հասցնելու մեջ։
ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը ներկայացրեց երկրի տեխնոլոգիական զարգացման հինգ հենասյուները՝ կրթությունը, ստարտափները, ներդրումները, պետություն-մասնավոր համագործակցությունը և միջազգային համագործակցությունը։ Բալդրյանն ընդգծեց, որ դրանք բոլորը ներկայացված են համաժողովի օրակարգում։ Նրա գնահատմամբ՝ պետության և մասնավոր հատվածի սերտ համագործակցությունից լուրջ արդյունքներ են սպասվում առաջիկա երկու-երեք տարում։ Բացման արարողությունից հետո ներկաները շրջեցին Expo-ի տարածքում։
Գագաթնաժողով. միջազգային առաջատար խոսնակների ելույթներ. Գագաթնաժողովի բացումից հետո բեմ բարձրացան տեխնոլոգիական աշխարհում ամենաբարձր հեղինակություն վայելող անուններ։ Սա այն բացառիկ առիթներից է, երբ նման մասնագետները մեկ օրվա ընթացքում հավաքվում են նույն սրահում։
Գագաթնաժողովի բացման խոսքում ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ներդրումը բնորոշեց լայն իմաստով՝ ոչ միայն որպես կապիտալ, այլև որպես նոր լաբորատորիա, կրթական ծրագիր, փորձի փոխանցում, երիտասարդ թիմին տրված առաջին պատվեր կամ միջազգային գործընկերության համար բացված դուռ։
Նա հիշեցրեց, որ 2024 թվականից Silicon Mountains-ը ներկա է նաև մարզերում՝ այն համոզմունքով, որ երիտասարդի հնարավորությունները չպետք է որոշվեն նրա բնակության հասցեով։ Մուսայելյանը նաև հայտարարեց, որ հաջորդ մարզային միջոցառումը կանցկացվի Տավուշի մարզում։ Իր խոսքն ավարտելիս նա ընդգծեց.
«Վաղվա հաջողության մեջ բաժին ունենալու համար պետք է պատրաստ լինել այսօր կիսելու դրա ռիսկը»։ Գագաթնաժողովի հիմնական բանախոսի՝ X-energy-ի, Intuitive Machines-ի, Axiom Space-ի և Quantum Space-ի գործադիր նախագահ և համահիմնադիր, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման 2026 թ. դափնեկիր դոկտ. Քամ Ղաֆարյանի ելույթն առաջինն էր՝ «Միասին կառուցելով տիեզերական ապագան․ դառնանք «միջաստղային»» թեմայով։
«Երբ ոգեշնչվում եք որևէ մեծ նպատակով կամ արտասովոր նախագծով, ձեր մտքերը կոտրում են բոլոր կապանքները. միտքը դուրս է գալիս սահմանափակումների շրջանակից, գիտակցությունը ընդարձակվում է բոլոր ուղղություններով, և դուք հայտնվում եք մի նոր, մեծ ու հրաշալի աշխարհում։ Քնած ուժերն ու կարողությունները, տաղանդներն արթնանում են, և դուք բացահայտում եք, որ շատ ավելի մեծ անհատականություն եք, քան երբևէ երազել եք լինել»։
Հասան Մանսուրը՝ Monty Mobile-ի գլխավոր գործադիր տնօրենը, ելույթ ունեցավ «Հրաշալի նորարարություն․ արդյո՞ք դա բավարար է» թեմայով։ Ընկերությունում նա կարիերան սկսել է 2006 թվականին՝ որպես նորավարտ ինժեներ, այսօր ղեկավարում է Monty Mobile-ի միջազգային գրասենյակների գլոբալ թիմերը. ընկերությունը գործում է ավելի քան 200 երկրում և տարածաշրջանում։
SEMI Europe-ի նախագահ Լայթ Ալթիմիմեն, որն ավելի քան 30 տարվա միջազգային փորձ ունի կիսահաղորդչային արդյունաբերության մեջ և պատասխանատու է, մասնավորապես, SEMICON Europa-ի համար, ներկայացրեց «Վերասահմանելով կիսահաղորդիչների ողջ արժեշղթան» թեման։
Nokia-ի Եվրոպայի ցանցային ենթակառուցվածքների տեխնիկական տնօրեն Ռիկարդո Պինտուն, որն ավելի քան 25 տարվա փորձ ունի հեռահաղորդակցության ոլորտում, խոսեց «Կապից՝ բանականություն․ կառուցելով ԱԲ-հարմարեցված ապագան» թեմայով՝ ներկայացնելով արհեստական բանականության դարաշրջանի ցանցային ենթակառուցվածքների զարգացումը։
STARMUS-ի համահիմնադիր և ստեղծագործական տնօրեն, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը ներկայացրեց, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխակերպում աստղաֆիզիկան։
Հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն
Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր Silicon Mountains համաժողովի ընթացքում իրականացվում է հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն։ 2026 թվականի համաժողովը բացառություն չէր. հատուկ դրոշմակով մարվեց երկկողմանի բացիկ՝ նվիրված «Silicon Mountains 2026» համաժողովին և տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Բացիկի դիմերեսին պատկերված են «Silicon Mountains 2026» և «տեխնոլոգիական գագաթնաժողով և ցուցահանդես» գրառումները հայերեն և անգլերեն, դարձերեսին՝ 2025 թվականին Հայաստանում տեղի ունեցած համաժողովից լուսանկար։
Արարողությանը մասնակցեցին Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀՀ ԲՏԱԱԲ փոխնախարար Գևորգ Մանթաշյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ բացիկներն ունեն լուրջ ֆիլատելիստական արժեք, քանի որ հայտնվելու են տարբեր հավաքածուներում, և ընդգծեց՝ «Silicon Mountains»-ը վերջին տարիներին դարձել է Հայաստանի տեխնոլոգիական կարևորագույն հարթակը։ Գևորգ Մանթաշյանն ասաց, որ բացիկը կհայտնվի աշխարհի տարբեր վայրերում՝ վկայակոչելով այս հիշարժան օրը։
Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է, տպագրվել է «Կտավ» ՍՊԸ-ում՝ 150,0 x 110,0 մմ չափսով, 500 օրինակով, թողարկման օրը՝ 2026 թվականի նոյեմբերի 3։ Բացիկը ենթակա չէ վերատպագրության, և այն կարելի է «ՀայՓոստ»-ի ցանկացած բաժանմունքից ուղարկել ցանկացած երկիր։
Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխություն
Գագաթնաժողովի առաջին օրն ավարտվեց Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությամբ։
Մրցանակաբաշխության մեկնարկի ընթացքում ՀՏՀԳՄ նախագահ Արմեն Բալդրյանն ասաց․ «Միկրոէլեկտրոնիկան տեխնոլոգիաների հիմքն է, իսկ տեխնոլոգիական զարգացման ապագան այն մասնագետներն են, որոնք երկու օր մրցում էին Երևանում։ Միկրոէլեկտրոնիկան ոլորտ չէ, այն մտածելակերպ է, հատուկ ինժեներական բնավորություն և աշխարհին նայելու հատուկ պրիզմա։ Ես ցանկանում եմ, որ մեր բոլոր մասնակիցները մի քանի տարի հետո լինեն այնպիսի մասնագետ, որոնց ամբողջ աշխարհը կճանաչի»։
Օլիմպիադայի մրցանակակիրներն են․
Մրցանակային տեղ Անուն Երկիր
1-ին Լիանա Խաչատրյան Հայաստան
2-րդ Ասսան Նդիայե Ֆրանսիա
3-րդ Նաթալի Ջուլջյան Լիբանան
3-րդ Արթուր Սարիբեկյան Հայաստան
3-րդ Անտոն Գլինին Ռուսաստան
Ինժեներական լավագույն լուծում (պատերազմի հերոս Արման Ճաղարյանի անվ․ մրցանակ) Հայկուշ Պետրոսյան Հայաստան
Նոյեմբերի 4. Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում և երկու քննարկում
Միջոցառումը կշարունակվի նաև նոյոմբերի 4-ին։ Երկրորդ օրը նվիրված է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումին, որի շրջանակներում նախատեսվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան խոսնակների ելույթներ։ Դրան զուգահեռ՝ այցելուները կկարողանան ծանոթանալ ցուցահանդեսում ներկայացված ստարտափներին և ՏՀՏ Գործատուների միության անդամ և տեխնոլոգիական կրթություն առաջարկող բուհերին։
Women Leaders Club-ի քննարկում (15:20–16:40)։ «Leadership Without Borders. Lessons from Tech, Government and Diplomacy» խորագրով քննարկմանը կմասնակցեն Safe YOU-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը, Microchip Technology-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Անի Սաֆարյանը, Enterprise Armenia-ի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության փոխնախարար Տաթև Ասլանյանը, Կանադայի դեսպան Ջուլի Քրաուլին և Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը։ Քննարկումը կվարի CIPE-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը։
«After AI. What Are Investors Actually Paying For?» քննարկում (16:40–18:00)։ Ներդրողները, ստարտափների հիմնադիրները և պետական ներկայացուցիչները կքննարկեն, թե ինչի համար են ներդրողներն իրականում վճարում արհեստական բանականության դարաշրջանում։ Խոսնակներ՝ Ռեմ Դարբինյան (SmartClick AI), Աստղիկ Զաքարյան (SIA Angel Hub), Ռուբեն Օսիպյան (Science & Technology Angel Network), փոխնախարար Տաթև Ասլանյան, Սոնա Գրիգորյան (Plug and Play, Հայաստան) և Լեո Դերիկյանց (Mind Simulation Lab)։ Մոդերատոր՝ Արթուր Կարապետյան (Text’nPayMe, ՏՀՏԳՄ խորհրդի անդամ)։
Գործընկերները՝ Միջոցառման պլատինիում հովանավորն է UCOM-ը, Բրոնզ գործընկերներ են՝ Visa, Synopsis, Tech Park Yerevan, EU for Innovation East, Cognize, Yandex Armenia: Մյուս գործընկերներին ծանաոթացեք այստեղ։
Silicon Mountains-ի մասին. Silicon Mountains-ը Հայաստանի առաջատար տեխնոլոգիական հարթակն է, որը 2019 թվականից կազմակերպում է ՏՀՏ գործատուների միությունը։ Այս ընթացքում միջոցառման շրջանակներում հանդես են եկել ավելի քան 100 խոսնակ, մասնակիցների թիվը գերազանցել է 10000-ը։ Այս տարվա միջոցառումը 11-րդն է։
Silicon Mountains 2026. չիպերից մինչև ներդրումներ՝ արհեստական բանականության դարաշրջանում
Նոյեմբերի 4-ին «Silicon Mountains 2026 Summit & Expo»-ի երկրորդ օրն էր․ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում, Women Leaders Club-ի քննարկում և ներդրումներին նվիրված եզրափակիչ պանելային քննարկում, տեխնոլոգիական բուհերի ուսանողների հանդիպում Քամ Ղաֆարյանի հետ։
Նոյեմբերի 4-ին ավարտվեց ՏՀՏ ոլորտի «Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովը՝ «Invest in Innovation» խորագրով։ Առաջին օրվա տիեզերքի, հեռահաղորդակցության և կիսահաղորդիչների ոլորտի առաջնորդների ելույթներից հետո երկրորդ օրը քննարկումը ծավալվում էր այն հարցերի շուրջ, թե ինչպես են նախագծվում հաջորդ սերնդի չիպերը, ինչ դեր ունի արհեստական բանականությունը ճարտարագիտության մեջ, ինչպես են առաջնորդում կանայք տեխնոլոգիական և պետական ոլորտներում և ինչպես պետք է ներդրում անել արագ փոփոխվող աշխարհում։
Քամ Ղաֆարյանը՝ ուսանողների հետ. Համաժողովի հյուրերից Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման 2026 թվականի պետական մրցանակի դափնեկիր, X-energy-ի, Intuitive Machines-ի, Axiom Space-ի և Quantum Space-ի համահիմնադիր Քամ Ղաֆարյանը հանդիպեց Հայաստանի տեխնոլոգիական կրթություն առաջարկող բուհերի ուսանողների հետ։ Զրույցի առանցքում այն հարցն էր, թե ուսանողն ինչի մեջ պետք է ներդնի իր ժամանակը։
Ներկայացնելով իր ընկերությունների խումբը՝ IBX-ը, նա կիսվեց դրա նշանաբանով՝ «Imagine, Believe and Execute» («Պատկերացրու, հավատա և իրականացրու»)։ Ուսանողներին ուղղված խորհուրդը պարզ էր․ գտնել իր կիրքը։
«Գտեք ձեր կիրքը, որովհետև երբ այն գտնում եք, ամեն օր աշխատանքի գնալն այլևս աշխատանք չէ, այլ հաճույք։ Համարձակություն ունեցեք դա անելու համար։ Մտածեք առանց սահմանների»։
Ղաֆարյանը խոսեց նաև համառության, վճռականության և ճկունության մասին՝ որպես այն հատկանիշների, որոնք անհրաժեշտ են մեծ նպատակին հասնելու համար։ Իր սիրելի մեջբերումներից էր Կառլ Սագանի խոսքը. «Երկինքը մեզ կանչում է։ Եթե մենք ինքներս մեզ չոչնչացնենք, մի օր կթռչենք դեպի աստղերը»։
Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում 2026. Ֆորումի ընթացքում Հայաստանում ելույթ ունեցան միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային ոլորտի միջազգային և տեղական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։ Ելույթները միավորում էր մեկ թեմա՝ ինչպես են նախագծվում, փորձարկվում և կառավարվում հաջորդ սերնդի համակարգերը, երբ բարդությունը գերազանցում է սովորական մոտեցումների հնարավորությունները։
IMEC-ի (Բելգիա) առաջատար տեխնոլոգ դոկտ. Կատայուն Բաշարխան ներկայացրեց ավտոմոբիլային հաշվողական հարթակների ապագան։ Նրա խոսքով՝ ոլորտը շարժվում է դեպի տարբեր տիպի, չիպլետների վրա հիմնված համակարգեր, որոնց ստեղծումը պայմանավորված է արհեստական բանականության, արտադրողականության և մասշտաբայնության պահանջներով։
Նա շեշտեց, որ այս ճանապարհին անհրաժեշտ են ստանդարտացում և փոխադարձ համատեղելիություն, իսկ հիմնական հարցն այլևս այն չէ՝ «կարո՞ղ ենք արդյոք սա կառուցել», այլ՝ «ինչպե՞ս նախագծել և վավերացնել ճիշտ չիպլետային համակարգը մինչև առաջին սիլիկոնի ստեղծումը»։
Էստոնիայի Testonica ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն դոկտ. Արտուր Յուտմանը խոսեց այն մասին, որ բարձր արդյունավետության և արհեստական բանականության համակարգերի բարդության պայմաններում դասական թեստավորումն այլևս բավարար չէ։ Նրա ներկայացրած մոտեցման համաձայն՝ թեստավորման լուծումները պետք է կրկին օգտագործվեն սիլիկոնի ողջ կյանքի ցիկլում՝ արտադրությունից մինչև դաշտային մոնիտորինգ, իսկ չիպի մեջ հավաքագրված տվյալները պետք է վերածվեն սխալների կառավարման՝ ախտորոշումից մինչև ինքնավար վերականգնում։
Siemens EDA-ի տեխնիկական հաշվառման մենեջեր Ֆայսալ Շտուրուն ներկայացրեց, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում նախագծային աշխատանքը։ Նրա երեք հիմնական թեզերն էին՝ ագենտային համակարգերը վտանգները նշում են նախքան դրանց խնդիր դառնալը, արհեստական բանականության ագենտները միաժամանակ ուսումնասիրում են մի քանի ուղղություն, իսկ փորձագիտությունն ամրագրվում է գործիքի մեջ և չի մնում միայն առանձին մասնագետների մոտ։
Synopsys Armenia-ի կրթական վարչության տնօրեն, պրոֆ. Վազգեն Մելիքյանը ներկայացրեց Synopsys-ի կրթական ծրագրի արդյունքները։ Նրա ներկայացրած տվյալներով՝ ծրագրի շրջանավարտների 100%-ը աշխատանքի է ընդունվել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում, 77%-ը՝ Synopsys Armenia-ում, իսկ ընկերության աշխատակիցների 56%-ն անցել է այս ծրագրով։ Ծրագրի շրջանակում պատրաստվել է 95 դոկտոր, 1 161 մագիստրոս և 1 588 բակալավր։
Cisco Armenia-ի գրասենյակի ղեկավար Արսեն Մանուկյանը խոսեց արհեստական բանականության ցանցերի էվոլյուցիայի մասին՝ հիշեցնելով, որ այն սկսվում է սիլիկոնից։ Նա ներկայացրեց Cisco Silicon One G300 հարթակով աշխատող համակարգերը, որոնք ունեն 100% հեղուկային սառեցում և մոտ 70%-ով ավելի բարձր էներգաարդյունավետություն։
National Instruments-ի ներկայացուցիչ Մանուել Օհանյանն իր ելույթում շեշտեց, որ արհեստական բանականությունը կիսահաղորդիչների վավերացման մեջ հիմնականում օգնում է կառավարել և բարելավել արդեն գոյություն ունեցող աշխատանքային հոսքերը՝ արագացնելով թեստային կոդի մասշտաբավորումը և անոմալիաների հայտնաբերումը, ընդ որում մարդկային մասնակցությունը մնում է արտադրանքի օպտիմալացման հիմքը։
Cadence Design Systems-ի առաջատար QA ինժեներ Սերգեյ Ղահրամանյանը ներկայացրեց TimeVision AI Agent-ը, որը InnoStack AI Super Agent-ի մաս է կազմում և օգնում է հայտնաբերել SDC սխալները մինչև վերջնական հաստատումը։ Իսկ Xsight Labs Armenia-ի գլխավոր մենեջեր Հարություն Հարությունյանը ներկայացրեց ընկերության բաց, ծրագրավորվող սիլիկոնային լուծումները արհեստական բանականության տվյալների կենտրոնների համար՝ սվիչից մինչև DPU, այդ թվում՝ E1L-ի թեթև տարբերակը։
Women Leaders Club-ի քննարկում. Կայացավ նաև Women Leaders Club-ի քննարկումը՝ «Leadership Without Borders. Lessons from Tech, Government and Diplomacy» («Առաջնորդություն՝ առանց սահմանների. Դասեր՝ տեխնոլոգիական, կառավարման և դիվանագիտական ոլորտից») թեմայով։ Քննարկմանը մասնակցեցին Կանադայի և Շվեյցարիայի դեսպանները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության փոխնախարար Տաթև Ասլանյանը, Enterprise Armenia-ի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը, Microchip Technology-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Անի Սաֆարյանը և Safe YOU-ի հիմնադիր Մարիամ Թորոսյանը։ Քննարկումը վարեց CIPE-ի Հայաստանի ղեկավար Լուիզա Այվազյանը։
Մասնակիցները խոսեցին առաջնորդության անձնական կողմի մասին՝ անձնական և մասնագիտական կյանքի սահմանի, կարիերայի համար ներքին արժեքները չզիջելու, ինքնավստահության պակասի և այդ զգացողության հետ աշխատելու մասին։ Անի Սաֆարյանը նշեց, որ համաձայնությունը կարևոր է, բայց չպետք է վերածվի խոչընդոտի, իսկ որոշումը պետք է կայացնել և դրա համար պատասխանատվություն կրել՝ ավելացնելով, որ առաջնորդությունը չի որոշվում սեռով, այլ արժեքներով, բնավորությամբ և փորձով։ Գոհար Աբաջյանը շեշտեց անկեղծության կարևորությունը՝ պետք է ասել և այն, ինչ կարելի է առաջարկել, և այն, ինչ՝ ոչ։
«After AI». ինչի համար են իրականում վճարում ներդրողները. Համաժողովի ավարտին կայացավ ներդրումներին նվիրված եզրափակիչ քննարկումը՝ «After AI. What Are Investors Actually Paying For?» («ԱԲ-ից հետո. ինչի համար են իրականում վճարում ներդրողները») թեմայով։ Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես պլանավորել և ինչպես խելամիտ ներդրումներ կատարել այնպիսի աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները, շուկաները և նախագծերը փոխվում են շատ արագ։
Առաջիկա ծրագրեր. Համաժողովի երկու օրվա ընթացքում Silicon Mountains-ը համախմբեց Հայաստանի և աշխարհի տեխնոլոգիական, ներդրումային և պետական ոլորտների ներկայացուցիչներին։ Միջոցառումը, որտեղ ներկայացվել էին ընկերություններ, ստարտափներ, արհեստանոցներ և B2B հանդիպումների հնարավորություն, բաց էր այցելուների համար երկու օրվա ընթացքում։
Կազմակերպիչները նաև հայտարարեցին, որ առաջիկա մարզային Silicon Mountains-ը կկայանա Տավուշում, իսկ ընդարձակ ձևաչափով կհանդիպեն ուղիղ մեկ տարի անց։


Բաց մի թողեք
Զգուշացեք բնակարանային խարդախներից
Ո՞վ էր տեսել, որ պլանային ջրանջատման պատճառով հիմնարկներ փակվեին
Սուպերմարկետների ցանցի հալեցման կոտորած. Ռուսաստանը կասկածվում է Եվրոպայի սառնարանների վրա հարձակումների մեջ