Իշխանությունն, իհարկե, ամեն ինչ կանի, որպեսզի ընտրողների ձայների 36.4 տոկոսը ստացած Սարիկ Մինասյանը դառնա Գյումրիի քաղաքապետ: Այդ տոկոսի համար արդեն իսկ ամեն ինչ արվել է՝ մարզպետարանով, դպրոցներով, բուժհիմնարկներով, ԱԱԾ-ով, Հակակոռուպցիոն կոմիտեով, ոստիկանությամբ եւ այլն:
Իրավիճակի յուրահատկությունն այն է, որ այդ հսկայական եւ, կասեի անգամ, «աննախադեպ» ջանքերը չապահովեցին իշխանության բացարձակ մեծամասնությունը: Դա պետք է որ տագնապի ազդանշան լինի ՔՊ-ի համար, բայց, իմանալով իշխող խմբակի առանձնահատկությունները, կարող ենք արձանագրել, որ ամեն ինչ կսահմանափակվի առաջնորդի, մեղմ ասած, ոչ հավասարակշիռ բացականչություններով՝ ուղղված պալատական մեծ ու փոքր չինովնիկներին:
ՔՊ-ն հիմա կփորձի «շտկել իրավիճակը»: Դրա ճանապարհներն առնվազն երեքն են.
1/ ճնշել Մարտուն Գրիգորյանին, որպեսզի նա միանա ՔՊ-ին: Այդ նպատակով իշխանությունը պատանդ է պահում նրա որդուն եւ հորը: Նմանատիպ տեխնոլոգիա կիրառվել է նաեւ Երեւանում:
2/ Ձերբակալել Վարդան Ղուկասյանին եւ/կամ մի քանի այլ ընդդիմադիրների:
3/ Չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները:
Բայց այդ ամենն ինձ համար, անկեղծ ասած, «մարտավարական» նշանակություն ունի: Շատ ավելի խորքային խնդիր է մեր հասարակության վիճակը: Սարիկ Մինասյանը, պաշտոնական տվյալներով, ստացել է 17183 ձայն: Ենթադրենք, դրանց կեսը նկարած է, ստացված է սպառնալիքների, ճնշումների կամ ընտրակաշառքի ազդեցությամբ: Բայց նույնիսկ այդ դեպքում փաստ է, որ 8-9 հազար գյումրեցիներ ձայն են տվել մի մարդու, որը պնդում է, թե գյումրեցիները (այսինքն՝ այդ քաղաքի բոլոր զինապարտ բնակիչները՝ 30 տարվա ընթացքում) կաշառք էին տալիս, որպեսզի չգնան Արցախ ծառայելու:
Հետեւաբար, ընտրողների մեջ կան գյումրեցիներ, որոնք իրենց եղբայրներին, ծնողներին, պապերին ուղղված ՔՊ-ական այդ զրպարտությունից չեն վիրավորվել: Այսքանից հետո այն հարցը, թե ո՞վ է դառնալու քաղաքապետ, իմ կարծիքով, երկրորդական է: Նույնը՝ երբ ՔՊ-ականներն արցախցիներին ասում են՝ «մնայիք՝ կռվեիք», թարգմանաբար՝ «մնայիք՝ մեռնեիք»: Բաներ կան, որոնք հնչեցնելը պետք է անընդունելի, ամոթալի լինի:
Այն մարդիկ, որոնք նման տեսակետներ են արտահայտում, պետք է համարվեն ծայրահեղ մարգինալ սոցիոպատներ: Եթե հրեշավոր գաղափարն այլեւս հրեշավոր չի համարվում, ապա դա հասարակական լուրջ հիվանդության ախտանիշ է: Պատկերացրեք՝ մեկն ասում է, որ մարդկային միս ուտելը միանգամայն նորմալ է: Չնայած բացառված չէ, որ մոտ ժամանակներս դա նույնպես «նորմալ» թվա…
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան