03/07/2025

Գերմանիան ստեղծում է մշտական բրիգադ Լիտվայում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևը պաշտպանելու համար. Լուսանկարներ

Վիլնյուսում կայացած ռազմական արարողության ժամանակ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց՝ Բեռլինը պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը։

Նոր՝ 45-րդ զրահատանկային բրիգադի տեղակայումը Լիտվայում ուղիղ ազդանշան է Մոսկվային և պատասխան՝ ԱՄՆ նախագահ Թրամփի պահանջներին, որ եվրոպական դաշնակիցները պետք է ավելացնեն ներդրումները սեփական պաշտպանության մեջ։

«Ով ՆԱՏՕ-ին մարտահրավեր նետի՝ պիտի իմանա, որ մենք պատրաստ ենք։ Իսկ ով դաշնակցին սպառնա՝ պիտի հասկանա, որ ամբողջ դաշինքը համատեղ պաշտպանելու է ՆԱՏՈ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ»,– ասել է Մերցը՝ ընդգծելով. «Վիլնյուսը պաշտպանելը՝ Բեռլինը պաշտպանելն է»։

May be an image of 5 people

Նոր գերմանական բրիգադը՝ 4800 զինծառայող և շուրջ 2000 ռազմական մեքենա, այդ թվում՝ տասնյակ տանկեր, կտեղակայվեն Ռուդնինկայում՝ Վիլնյուսի մերձակայքում։ Բրիգադը կդառնա ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամենախոշոր և մշտական ռազմական հենակետերից մեկը։ Լիտվան արդեն պատրաստ է պաշտպանական բյուջեն հասցնել ՀՆԱ-ի 5%-ին՝ հարմարեցնելով ենթակառուցվածքը այս ռազմավարական տեղաշարժի համար։

Մերցը նաև հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է վերակառուցել իր բանակը՝ դարձնելով այն Եվրոպայի ամենաուժեղ (ոչ միջուկային) բանակը։ Գերմանիայի ռազմական բյուջեն արդեն գերազանցել է ՀՆԱ-ի 2 տոկոսը՝ կտրուկ աճելով 2014 թ․ 1.19 տոկոսից։

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր հերթին նշել է, որ Ռուսաստանը և Բելառուսը պարբերաբար զորավարժություններ են անցկացնում Լիտվայի սահմաններին, և գերմանական ներկայությունն այսօր տարածաշրջանում իրական անվտանգության երաշխիք է։

Սուվալկիի միջանցքով սահմանափակված Բալթյան երկրները մնում են ՆԱՏՕ-ի խոցելի օղակը։ Գերմանիայի որոշումը՝ տեղակայել սեփական ծանր տեխնիկան և զորքը Լիտվայում, արմատապես փոխում է եվրոպական ռազմական հավասարակշռությունը։։ Եվ այս քայլը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի նոր շրջանը տանում է ոչ միայն ռազմական մոբիլիզացիայի, այլև՝ ենթակառուցվածքային խորքային ինտեգրման։

May be an image of 5 people, submarine and boat