14/06/2025

Փաշինյանը եւ նրա մերձակա շրջապատն իսկապես իրեն դրսեւորում է որպես խուլիգաններ

Վերջերս իմ գործընկեր Ազա Բաբայանը վարչապետին բնութագրել է որպես «խուլիգան»: ՔՊ-ական շեֆերից մեկը դժգոհեց, «ֆեյքերի ֆաբրիկան», ինչպես որ դա սովորաբար լինում է, տակը մի քանի տասնյակ հայհոյանք գրեց լրագրողի հասցեին:

Իսկ ես ամենայն անկեղծությամբ միանում եմ Ազայի տված բնութագրին, եւ նույն ֆաբրիկայի «դատն» ինձ բացարձակապես չի հուզում: Ի դեպ, հիմա մտածող մարդկանցից որոշակի «ամրություն» է պահանջվում՝ ամբոխահաճ ոռնոցներին հակադրվելու համար:

Ես դրանում սկսեցի համոզվել 2016 թվականից՝ «Սասնա ծռերի» «հերոսական ապստամբությունից» հետո: Փաշինյանը եւ նրա մերձակա շրջապատն իսկապես իրեն դրսեւորում է որպես խուլիգաններ, եւ խոսքը ոչ միայն վարչապետի հայտնի «անկողնային» գրառման մասին է, այլեւ, օրինակ, Ազգային ժողովում նրա ու նրա զինակիցների վարքի մասին:

Կամ՝ հիշենք Տեր-Պետրոսյանի՝ Մայր Աթոռ այցելելու կապակցությամբ ՔՊ-ականների մեկնաբանությունները: Սեռական բնույթի հայհոյանքներ այս պարագայում, որքան գիտեմ, չկային, բայց բոլոր դեպքերում դա այն լեզուն չէ, որով պետական բարձրաստիճան գործիչները պետք է խոսեն երկրի առաջին նախագահի մասին:

Այդ ամենը վտանգավոր միտում է, որովհետեւ խոսքը ոչ թե լրագրողների, հրապարակախոսների կամ նույնիսկ ոչ թե ընդդիմադիր գործիչների մասին է, այլ՝ պետության փաստացի ղեկավարի եւ այլ բարձրաստիճան ղեկավարների մասին:

Ուզենք, թե չուզենք, նրանք ոչ միայն օրակարգ, այլեւ մտածելակերպ ու ճաշակ են թելադրում հասարակության զգալի մասին: Փաշինյանի կողմնակիցների՝ «ապրես, մեռնեմ դուխիդ, մեր հզո՜ր վարչապետ» արձագանքը շատ դեպքերում անկեղծ է:

Լեզուն ոչ միայն մտածողության արտացոլումն է, այլեւ մտածելակերպ է ձեւավորում: Այդ թվում՝ հանրային: …Ժամանակին մարդիկ թեթեւ հեգնանքով էին վերաբերվում առաջին նախագահի ռաֆինացված, ակադեմիական լեզվին:

Բայց հիմա ես մտածում եմ, որ պետական մակարդակով այդպիսի լեզվով խոսելը կարեւոր է: Դա միայն առաջին հայացքից է երկրորդական հարց թվում. լեզուն շատ բաների ցուցիչ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ