23/07/2025

«Իսկական թուրք տղամարդ» Մասուդ Փեզեշքիանին

Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիևան (Հաջիբեյլի) ֆեյսբուքի անձնական էջում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին քաղաքական «ձոներգ» է նվիրել:

Առանց աղբյուր նշելու՝ նա Փեզեշքիանին որակել է «իսկական թուրք տղամարդ», որ համարձակություն է ունեցել խոսել Իրանի թուրքախոս բնակչության մայրենի լեզվով կրթություն ստանալու, մամուլ և մշակութային օջախներ ունենալու իրավունքից:

Իրանի նախագահի պաշտոնում Փեզեշքիանի թեկնածության առաջադրման պահից Բաքվի մամուլը և մի շարք վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ նա «փոխզիջումային դեմք է» և, լինելով էթնիկ ադրբեջանցի, կարող է «ներիրանական համերաշխություն ապահովել»: Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման տասներկու օրերին երկրի թուրքախոս բնակավայրերում հակաիշխանական որևէ ակցիա չի իրականացվել: Չնայած փորձագիտական որոշակի կենտրոններ ենթադրում էին, որ «իրանական Ադրբեջանը կապստամբի»:

Իրանի նախագահի էթնիկ ծագումը որևէ նշանակություն ունեցե՞լ է երկրի թուրքախոս տարածքներում կայունություն պահպանելու համար, թե դեր է խաղացել իսլամական ինքնությու՞նը: Այս հարցին պարզորոշ դժվար է պատասխանել, բայց արդեն, կարծես, գաղտնիք չէ, որ Մասուդ Փեզեշքիանն արտաքին քաղաքականության ձեռնարկումներում փորձում է «ներգրվել» Թուրքիայի տարածաշրջանային նախաձեռնություններին:

Հուլիսի 22-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բաղային անոնսավորել է, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում նախագահ Փեզեշքիանը կայցելի Պակիստան: Ըստ իրանցի դիվանագետի՝ Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է, տարածաշրջանային կարևոր երկիր, որ իսլամական համերաշխության ապահովման գործում մեծ ներդրում ունի: Պակիստանն առաջիններից մեկն է դատապարտել Իրանի դեմ Իսրայելի հարձակումը:

Տնտեսական համագործակցության կազմակերպության՝ օկուպացված Ստեփանակերտում անցկացված գագաթաժողովին Իրանի նախագահը Պակիստանի վարչապետի հետ անձնական շփման հնարավորություն ունեցել է: Եվ եթե նա մոտ ապագայում պատրաստվում է մեկնել Իսլամաբադ, ապա պետք է ենթադրել, որ առկա է նախնական պայմանավորվածությունները փաստաթղթավորելու հնարավորություն:

Պակիստանը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է: Եթե Փեզեշքիանի Իսլամադ այցի նպատակը Պակիստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության հաստատումն է, ապա Իրանը փաստացի անվտանգային նոր միջավայր է ձևավորում: Դա, իհարկե, նրա իրավունքն է:

Բայց այդ դեպքում պետք է ընդունել, որ Իրանը խնդիրներ է ունենալու Հնդկաստանի հետ, քանի որ Թեհրանի կողմից նման զգայուն հարցում Իսլամաբադի հետ դաշնակցությունը Նյու-Դելին անկասկած դիտարկելու է որպես իր անվտանգությանը սպառնալիք:

Հայաստանի համար իրանա-հնդկական հարաբերությունները չափազանց կարևոր են բոլոր առումներով: Սյունիքում հաղորդակցությունների բացման հետ կապված քննարկումները կարող են շոշափել նաև Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային «միջանցքի» նախագիծը, որի շուրջ հետաքրքրությունը վերջին շրջանում նկատելիորեն աճել է:

Իրանի նախագահին կհաջողվի՞ Պակիստանի և Չինաստանի հետ հարաբերությունները հավասարակշռել իրանա-հնդկական համագործակցությամբ: Դա չափազանց դժվար լուծելի խնդիր է:

Ի տարբերություն Պակիստանի, Հնդկաստանը չի դատապարտել Իրանի դեմ իսրայելական հարձակումները: Այս համատեքստում Իրանի նախագահը, կարծես, վերածվում է քաղաքական «առեղծվածի» կրողի: