Հայաստանի քաղաքական և փորձագիտական հանրությունը, որքանով դիտարկվեց անցած մոտ երկու շաբաթներին, չկարևորեց Berliner Zeitung պարբերականին Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հարցազրույցում պաշտոնական Բաքվի կողմից առաջին անգամ շրջանառության դրված «Տրանսկովկասյան միջազգային տրանսպորտային միջանցք» ձևակերպմանը, որ նա օգտագործել է Սյունիքում հաղորդուղու վերաբերյալ:
Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցի հեղինակի բնորոշմամբ՝ Հաջիևն այդ տերմինն օգտագործել է «Զանգեզուրի միջանցքի» հաղորդուղիները Կարսի մոտ Հայաստանի արևմտյան սահմանի հետ միացնելու համատեքստում: Նրա ներկայացմամբ՝ հենց դա էլ շեշտադրել է Իլհամ Ալիևը՝ «Շուշիի մեդիաֆորումի» ելույթում:
Սա բոլորովին նոր և, ըստ էության, խիստ ինտրիգային նարատիվ է: Եթե «Տրանսկովկասյան միջազգային տրանսպորտային միջանցքի» նախագիծը դիտարկվում է Սյունիքի հաղորդուղիները «Կարսի մոտ Հայաստանի արևմտյան սահմանին միացնելու» համատեքստում, ապա դա նշանակում է, որ պետք է գործի Հորադիզ-Մեղրի-Ջուլֆա-Երասխ-Գյումրի երթուղի՝ Կարսին միանալու հեռանկարով կամ Գյումրի-Կարս հաղորդակցության համաժամանակյա վերականգնմամբ հանդերձ:
Չափազանց ուշագրավ է, որ նույն տեղում ադրբեջանցի հեղինակը շոշափում է «Տրանսկովկասյան» և «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի» ինտերգրման խնդիրին և դա համարում Ռուսաստանի համար «տարեկան միլիոնավոր տոննա բեռներ Իրանի նավահանգիստներ հասցնելու բացառիկ հնարավորություն»:
Խոսքը, ըստ էության, այն մասին է, որ Մեղրիի հատվածում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու դեպքում Ռուսաստանը կարող է վերականգնել Ջուլֆայով Իրանի հետ կապը, որ գործել է Խորհրդային Միության ժամանակ: Ընդ որում, այդ գծով իրականացվել է նաև Թեհրան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ ուղևորատար հաղորդակցություն:
Ադրբեջանցի հեղինակը տեսակետ է հայտնում, որ «Տրանսկովկասյան միջազգային տրանսպորտային միջանցքի» գործարկման համար Ադրբեջանի համար կարևոր է Ռուսաստանի հետ ունենալ «կայուն հարաբերություններ»:
Նա կարծում է, որ Բաքուն «խնդիր ունի Ռուսաստանին կրկին համոզելու, որ իր տարածքով «Հյուսիս-հարավ» միջանցքի երկաթուղային արևմտյան սեգմենտի գործարկման նպատակահարմարության մեջ»:
Կարելի՞ է ենթադրել, որ Սյունիքում հաղորդուղու գործարկման հարցը քննարկվում է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև, թե Իլհամ Ալիևի «Տրանսկովկասյան միջանցքի» գաղափարը պարզապես դիվանագիտական խա՞յծ է:
Բաց մի թողեք
Թուրքիան «հարյուր հինգ տարի հետո վերադառնում է Պաղեստին»
Փաշինյանը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել․ Լուսանկար
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել Բաքվում 23 հայերի կալանքի վերաբերյալ