16/10/2025

Դեկանի ընտրությունը մտել է փակուղի

Հուլիսի 10-ին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որը 2005 թվականից մայր բուհի Աստվածաբանության ֆակուլտետի դեկանն էր, անակնկալ կերպով ազատվեց աշխատանքից:

Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել էր, եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը շատ մոտ էր Ժամկոչյանի հետ եւ ինքն էլ մասնագիտությամբ աստվածաբան է, չի երկարացրել նրա պայմանագրի ժամկետը:

ԵՊՀ-ի մեր աղբյուրն ասում է, որ համալսարանում բոլոր դեկանների պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է, սակայն իշխանության հանդեպ լոյալ դեկանների ժամկետն անաղմուկ երկարացնում են, իսկ նրանք, ովքեր ցանկալի չեն՝ հեռացվում են: Թեպետ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի պարագայում պատկերը փոքր-ինչ այլ է:

Նա մտերիմ հարաբերություններ ունի ոչ միայն ռեկտորի, այլ նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի հետ: Ժամկոչյանը վերջին տարիներին որեւէ քննադատական խոսք չի ասել իշխանությունների մասին, ավելին` ըստ որոշ լուրերի, անգամ Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ է տվել` Եկեղեցու դեմ պայքարում, սակայն հունիսի 27-ին նա Մայր Աթոռի բակում էր, երբ ԱԱԾ-ն փորձում էր Միքայել Աջապահյանին բերման ենթարկել, իսկ հուլիսի 4-ին ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիային էր մասնակցում եւ անգամ մյուս հոգեւորականների հետ բարձրացել էր բեմահարթակ եւ դրանից հետո հայտնվել իշխանությունների թիրախում:

Մայր բուհի մեր աղբյուրն ասում է, որ Ժամկոչյանին աշխատանքից ազատելուց հետո իշխանությունը բառիս բուն իմաստով հարմար դեկան չի կարողանում գտնել: Աստվածաբանության ֆակուլտետում որևէ դասախոս չի հավակնում դեկանի պաշտոնին, քանի որ գրեթե բոլորը մտերիմ հարաբերություններ ունեն Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հետ եւ չեն ուզում նրա աթոռը զբաղեցնել: Աստվածաբանության ֆակուլտետն, ըստ էության, մայր բուհի ամենափոքր ֆակուլտետներից է, որտեղ դասախոսների թիվը մեծ չէ, ուստի այնպես է ստացվել, որ գրեթե բոլորը նախկին դեկանի հետ ջերմ հարաբերությունների մեջ են:

Մայր բուհի պաշտոնական կայքից էլ տեղեկացանք, որ մինչ այս պահը որևէ դիմում չեն ստացել` Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի թափուր մրցույթի համար, ուստի չեղարկվում է գիտխորհրդի արտահերթ նիստը, որը պետք է դեկան ընտրեր. «ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով հայտարարված մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում (2025 թ. հուլիսի 11-25-ը) որևէ հավակնորդ դիմում չի ներկայացրել: Ուստի՝ 2025 թվականի օգոստոսի 28-ին նշանակված ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստը չեղարկվում է»:

«Հրապարակը» փորձեց մեկնաբանություն ստանալ նախ ԵՊՀ խոսնակից, հասկանալու համար, թե ինչո՞ւ որևէ դիմում չեն ստացել մինչ այս պահը, սակայն խոսնակը անհասանելի էր: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանից, պարզելու համար` չի՞ ցանկանում արդյոք նորից առաջադրել իր թեկնածությունը, վերջինս նույնպես անհասանելի էր: