Ռուսական հրթիռը պայթել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքից ոչ ավելի, քան հարյուր մետր հեռավորության վրա: Այդ մասին հայտնում են Բաքվի լրատվամիջոցները:
«Ռուսաստանը հարվածել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանը, բայց մի փոքր շեղվել: Ավելի վաղ ռուսները հրթիռակոծել են ադրբեջանական մի քանի նավթաբազաներ, այժմ անցել են դեսպանատան դեմ ահաբեկչական բաց հարձակման»,- թելեգրամյան ալիքում գրել է ուկրաինացի լրագրող Դենիս Կազանսկին:
Օրվա վերջին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ: Նա հաստատել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան մերձակայքում ռուսական հրթիռի պայթյունի մասին տեղեկությունը և մանրամասնել, որ շենքի մի քանի պատուհանների ապակիներ փշրվել են, հյուպատոսական ծառայության մասնաշենքի տանիքին առաջացել են ճեղքվածքներ:
Ըստ Հաջիզադեի՝ Կիևում Ադրբեջանի «»դիվանագիտական ներկայացուցչությունը շարունակում է աշխատանքները: Այլ աղբյուրների տեղեկություններով՝ ռուսական հրթիռի պայթյունից հրդեհ է բռնկվել, տեղի է ունեցել ուժեղ դետոնացիա: Հայտնի է դարձել, որ Ռուսաստանը թիրախավորել է նաև Կիևի մերձակայքում վերջերս շահագործման հանձնված՝ թուրքական ԱԹՍ-ների արտադրության գործարանը:
Կիևի և ուկրաինական այլ քաղաքների հրթիռակոծման մասին ռուսական կողմի պաշտոնական տեղեկատվությունը կառուցված է այն կանխավարկածով, որ գերճշգրիտ զինատեսակների միջոցով թիրախավորվել են Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական կենտրոնները, ռազմական նշանակության այլ օբյեկտներ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատել է, որ ռուսական հրթիռը վնասել է Կիևում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության մասնաշենքը: Ուկրաինական կողմն, ըստ երևույթին, դա ներկայացնում է Ռուսաստանի կողմից «ահաբեկչություն»:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացումը, անկասկած, Ուկրաինային ձեռնտու է: Ուշագրավ է, որ վերջերս Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցին տված հարցազրույցում Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Գուսևը չի հաստատել, բայց և չի էլ հերքել Զելենսկու Բաքու այցի հավանականությունը, իսկ վերջինս Իլհամ Ալիևի շնորհավորական ուղերձին ի պատասխան սոցցանցային գրառում է կատարել «ռազմավարական դաշնակցային հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության» մասին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում Պուտին-Ալիև հանդիպման վերջնական համաձայնություն դեռևս չկա: Վլադիմիր Պուտինը հրթիռային «երկխոսությա՞մբ» է հաղորդակցվում Իլհամ Ալիևի հետ: Վերջինս «Ալ-Արաբիային» հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի կողմից «ագրեսիա և անհարգալի վերաբերմունք չի հանդուրժի»:

Բաց մի թողեք
Ասիան Եվրոպային կապող TRIPP նախագծն ու Թուրքիան
Ալիևը «ինքնամատուցվում» է որպես Մոսկվայից «կախվածությունը լիովին թոթափած գործընկեր»
Լավրովը ոգևորված է ընդդեմ ԵՄ-ի Թրամփի պահվածքից, ընդդեմ ՌԴ-ի՝ ոչ