09/09/2025

ՀԷՑ-ի գործը մնացել է Կառավարության կոկորդում, երկրորդ կազմակերպությունն են փոխում, որ պաշտպանվեն

Երկու շաբաթ առաջ կառավարությունը չզեկուցվող ընթացակարգով որոշում ընդունեց Ստոկհոլմի արբիտրաժում ՀԷՑ-ի գործով իր շահերը պաշտպանելու համար 3 մլն 250 հազար ԱՄՆ դոլար արժեքով պայմանագիր կնքել ամերիկյան Arnold & Porter ընկերության հետ:

Հրապարակ թերթը գրել է․ Դրանից զատ՝ վարչապետի աշխատակազմը հիշյալ աշխատանքների իրականացման համար առաջարկել է այս տարվա երկրորդ կիսամյակում իրեն հատկացնել 1 մլն 093 հազար 750 (1 միլիոն դոլարից ավելի) դոլարին համարժեք դրամ, քանի որ, ըստ նախագծի, «ընկերությանն անհրաժեշտ է լինելու ապահովել վճարում փաստացի ծառայություններ մատուցելու պահից՝ նախքան վերջինիս հետ պայմանագրի կնքումը մատուցվելիք ծառայությունների համար եւս», այսինքն՝ մինչ պայմանագրի կնքումը անհապաղ վճարումների համար։

Սակայն կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկով նոր որոշում կայացվեց` փոխում են փաստաբաններին եւ նույն գումարը փոխանցում մեկ այլ ընկերության՝ Foley Hoag-ին:

Ինչո՞ւ է կառավարությունը որոշել փոխել փաստաբաններին, ո՞ր կողմի նախաձեռնությամբ է դադարեցվել համագործակցությունը՝ որոշման նախագծում պարզաբանված չէ, միայն գրել են, թե երկու շաբաթվա ընթացքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, շահերի բախման խնդիր կա, որն էլ խոչընդոտում է Arnold & Porter-ի հետ համագործակցությունը:

Ում շահերն են բախվել` պարզ չէ: Կան տեղեկություններ, որ հեղինակավոր Arnold & Porter ընկերությունը ցածր է գնահատել ՀՀ կառավարության շանսերը եւ իր վարկանիշի համար հրաժարվել է այս գործից։

Հիշեցնենք, որ ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը դիմել էր Ստոկհոլմի արբիտրաժային դատարան, որը եկել էր եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել հայցի ապահովման անհետաձգելի միջոցներ` դադարեցնելով ՀԷՑ-ը պետականացնելուն ուղղված գործողությունները։