Մինչ Երևանը պնդում է, թե վաշինգտոնյան փաստաթղթերով հաստատվել է խաղաղություն, Բաքուն որևէ հարթակ բաց չի թողնում՝ առաջ տանելու խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը:
Լրացնելով նախագահ Ալիևի հայտարարությունները՝ այդ պահանջն այսօր Երևանում հայաստանցի լրագրողների առջև հնչեցրեց ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովը: Նա Հայաստան է եկել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի միջոցառմանը:
«Ադրբեջանն այլևս տարածքային պահանջներ չունի Հայաստանից, բայց Հայաստանի Անկախության հռչակագրում կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Եվ Բաքվի համար կարևոր է, որ դրանք վերացվեն: Դա է միակ խոչընդոտը՝ վերջնական խաղաղություն հաստատելու համար», – հայտարարեց Մուրադովը:
Բաքվում գործող վերլուծական կենտրոնի ղեկավարը պնդել է, որ եթե Անկախության հռչակագիրը մնա Սահմանադրության նախաբանում, ստեղծվելու են հնարավոր իրավական հիմքեր խաղաղության պայմանագիրը վերանայելու համար: Հայ լրագրողների դիտարկմանը, թե Ադրբեջանի Սահմանադրությունն էլ Հայաստանի նկատմամբ է տարածքային պահանջներ պարունակում, Մուրադ Մուրադովն արձագանքեց, որ նման բան չկա, Ադրբեջանն ընդամենը իրեն հռչակել է 1918-20 թվականների պետության իրավահաջորդ՝ առանց նշելու հստակ տարածքներ. – «Այն տարածքային որևէ հավակնություն չի պարունակում, դա ավելի շուտ պատմական ժառանգության խորհրդանշական կետ է»:
Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվի հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Երևանն արդեն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո ընդունելու է նոր Սահմանադրություն՝ հերքելով, թե դա Բաքվի պահանջով է արվում:
Նախօրեին պատասխանելով հարցին՝ ի՞նչ կլինի, եթե սահմանադրական հանրաքվեն տապալվի, վարչապետն այդ սցենարը հնարավոր չհամարեց: «Ես կարծում եմ, որ Սահմանադրությունը կընդունվի, որովհետև, էլի եմ ասում, էս պրոցեսի հեղինակը ժողովուրդն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության սնուցող մայրերի», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնով Բաքվի մյուս պահանջին՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձին իրենց բնորոշած «Արևմտյան Ադրբեջան», Մուրադ Մուրադովը պնդեց, որ այդտեղ ևս տարածքային որևէ պահանջ չկա:
«Արևմտյան Ադրբեջանը» որպես համայնք հասարակական կազմակերպություն է, որ ներկայացնում է Հայաստանում ապրած մարդկանց շահերը: Դա մշակութային ժառանգությանն է վերաբերում», – հայտարարեց ադրբեջանցի փորձագետը:
Ադրբեջանի իշխանությունները միջազգային մի շարք կազմակերպություններում արդեն բարձրացրել են ադրբեջանցիների վերադարձի հարցը՝ գործընկերներին կոչ անելով ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի երկխոսություն սկսեն այդ մարդկանց հետ:
«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հերքում է իրենց լուծարման լուրերը
Երևանում է նաև Միլի մեջլիսի նախկին պատգամավոր Ռամին Մամեդովը, Արցախի անկումից առաջ նա էր Ղարաբաղի իշխանությունների հետ Բաքվի գլխավոր բանակցողը: Նա ծնունդով Ղարաբաղից է, ապրել է Շուշիում մինչև քաղաքը հայերի վերահսկողությանն անցնելը: Մամեդովը դեռ չի շփվել լրագրողների հետ:
Թուրքիան ՆԱՏՕ-ի միջոցառմանը ներկայացնում է պատգամավոր Ֆաթմա Աքսալը: Նա հայ լրագրողներին ասում էր, թե շատ ուրախ է տեսնել, որ Երևանն ու Բաքուն խաղաղություն են հաստատել, բայց չէր արձագանքում, թե ինչու չեն բացում սահմանը, միայն հույս հայտնելով, որ դա տեղի կունենա. – «Բանակցությունները շարունակվում են ցամաքային սահմանը բացելու հարցով»:
Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Թուրքիայի ներկայացուցիչն այցելեց Երևան, բանակցությունների արդյունքներով, սակայն, սահմանի բացման մասին չհայտայտարարվեց: Ավելին, դեռ թղթի վրա է շուրջ երեք տարի առաջ ձեռք բերված խորհրդանշական պայմանավորվածությունը՝ շուրջ երեք տասնամյակ փակ սահմանը բացել դիվանագետների ու երրորդ երկրների քաղաքացիների համար: Փոխարենը, Անկարան կրկնեց պայմանը՝ Երևանը նախ պետք է Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքի:
Բայց Հայաստանում ավելի լավատես են: «Թուրքիայի հետ մեր ակտիվ երկխոսությունը վստահություն է տալիս, որ մենք առաջիկայում կունենանք նաև ցամաքային տրանսպորտային հաղորդակցություն Թուրքիայի, այսպիսով նաև՝ Եվրոպական միության հետ», – հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
Թուրքիայի արտգործնախարարն էր ավելի վաղ հույս հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կստորագրեն հաջորդ տարեսկզբին:
Ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովը, որ Երևանում մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին, հայտարարել է՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Նրա խոսքով՝ Բաքվի համար կարևոր է, որպեսզի այդ պահանջները վերացվեն։
Ըստ Թոփչուբաշովի կենտրոնի հիմնադրի՝ դա խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման միակ խոչընդոտն է։
«Այս պահանջը {տարածքային} ստեղծում է հնարավոր իրավական հիմքեր, ասենք, խաղաղության պայմանագիրը վերանայելու համար»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքական գործիչը։
Լրագրողներից մեկի հարցին, թե Ադրբեջանի մայր օրենքն էլ է տարածքային պահանջներ պարունակում, Մուրադովը հակադարձել է՝ նշելով, թե դրանում չկան «կոնկրետ սահմաններ»։
«Այսինքն, այս պահանջը, որն իսկապես ունի Ադրբեջանի Սահմանադրությունը, չի ներկայացնում որևէ, ասենք, տարածքային հավակնություն, այլ պատմական ժառանգության խորհրդանշական կետ է»։
Հարցադրմանը, թե արդյոք այն, երբ ադրբեջանական իշխանությունները խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին, տարածքային պահանջ չէ՞, նա պատասխանեց. «Արևմտյան Ադրբեջանը» հասարակական կազմակերպություն է, որը ներկայացնում է մարդկանց շահերը, ովքեր ժամանակին ապրել են Հայաստանում, և դա վերաբերում է մշակութային ժառանգությանը ավելի շատ»:
Պատասխանելով լրագրողի հարցին, որ եթե Բաքուն խոսում է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու մասին, ապա արդյոք պատրաստվո՞ւմ է որպես խաղաղությանն ուղղված քայլ ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքաղական ղեկավարությանը և մյուս գերիներին, ադրբեջանցի վերլուծաբանը պնդեց, թե այդ անձինք ռազմագերիներ չեն, այլ «Ադրբեջանի օրենքը խախտած անձինք»:
«Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ռազմագերիները, հայ զինվորները, նրանք բոլորը ազատ են արձակվել : Իսկ մյուսները, ովքեր մնացել են, նրանք խախտել են Ադրբեջանի օրենքները»:
Բաքվի բանտերում 23 հայ գերիներ են պահվում։ Նրանց մի մասին տարբեր մեղադրանքներով արդեն դատապարտել են տևական ազատազրկման, մյուս մասի, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունն արդեն 8 ամիս է՝ շարունակվում է։ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Անցած 3 ամիսներին որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։
Արդյոք որպես խաղաղության քայլ՝ պատրաստվո՞ւմ են ադրբեջանցիները դուրս գալ ՀՀ տարածքից, որ օկուպացրել են 2021-2022թթ., այս հարցին Մուրադովն արձագանքեց՝ նշելով, որ երկու երկրները ճանաչում են տարածքային ամբողջականությունը, և որ ժամանակի ընթացքում պետք է տեղի ունենա որոշակի ակնկալվների կամ տարածքների փոփոխություն:
Բաց մի թողեք
Եռաբլուր գնացողների հոսքը տասնապատիկ կրճատվել է… Տոնոյան
Ղարաբաղը հավերժ Ադրբեջան է. Էրդողան
Թուրքիային ի՞նչ «մանրադրամով է պատասխանելու» Ռուսաստանը