Վերջերս Փաշինյանը կրկին պարծենում էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների որակով։ Մասնավորապես՝ կրկնում էր իր սիրելի թեզը, թե իբր ընտրությունները Հայաստանում չեն կեղծվում։
Իսկ ի՞նչ կա այնտեղ կեղծելու, երբ կարելի է գործել «թավշյա հեղափոխության» վճռականությամբ՝ ուղղակի ճնշելով իշխանության համար ոչ ցանկալի թեկնածուներին ու բանտ ուղարկելով իրենց հարազատներին։ Հայաստանի բանտերը լեփ-լեցուն են նախաքննական կարգով կալանավորված այն մարդկանց հարազատներով ու ընկերներով, ովքեր փորձել են որևէ բողոքի շարժում սկսել Փաշինյանի դեմ։
Այս իշխանությունը փաստացի պատանդներ է վերցնում։
Նույնիսկ «բանանային հանրապետությունները» միշտ չէ, որ դիմում են նման մեթոդների, ինչպես Փաշինյանի գոված «ժողովրդավարության բաստիոնում»։
Եթե թեկնածուն, չնայած շանտաժին, մասնակցում է ընտրություններին ու հաղթում՝ իշխանությունը շարունակում է ճնշումը և փորձում է ամեն կերպ վիճարկել արդյունքը։ Կամ նոր ընտրություններ են նշանակում, ինչպես Վեդիում, կամ հաղթած ընդդիմադրին բանտ է ուղարկում, ինչպես Վանաձորի քաղաքապետին, կամ նրա դեմ հարուցվում են մի շարք քրեական գործեր, ինչպես Գյումրիի դեպքում։
Իսկ եթե հաղթած, ոչ իշխանամետ թեկնածուն ոչ միայն սիրված է, այլև համառ՝ նրա հետ կարող է տեղի ունենալ այն, ինչ եղավ Փարաքարի խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հետ՝ սեպտեմբերի 24-ի գիշերը…
Մարտ ամսին Վալոդյա Գրիգորյանը «համարձակվեց» հաղթել Փաշինյանի թեկնածուին համայնքային ընտրություններում. դա արդեն Գրիգորյանի երկրորդ հաղթանակն էր «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ։ Առաջինը նա արձանագրել էր 2021-ին։ Բայց այդ անգամ ՔՊ-ին հաջողվեց մանիպուլյացիաներով թույլ չտալ նրա իշխանության գալը՝ ուղղակի սաբոտաժի ենթարկելով Փարաքարի ավագանու աշխատանքը և, ինչպես ասում են, «անօրինական ճանապարհով» իշխանության բերելով իրենց մարդկանց (բայց չէ՞ որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում, իհարկե)։ Վալոդյա Գրիգորյանը չհանձնվեց, և 2025-ին կրկին հաղթեց՝ ստանալով համոզիչ 57 տոկոս, չնայած ՔՊ-ի բոլոր ջանքերին և վարչական ռեսուրսի կիրառմանը։
Եվ ահա… Թերևս չգտան, թե ինչ հոդվածով «բռնեն»։
Մինչ այդ ընդդիմադիր գործունեությունը երկրում սպառնում էր մարդուն միայն բանտով կամ գույքի բռնագրավմամբ։ Այժմ վտանգները ավելի ռադիկալ են դառնում։
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով սեփական փորձով գիտի, թե ինչ է նշանակում Փաշինյանի ճնշումը տեղական իշխանության վրա, նշել է, որ ժողովրդի կողմից ընտրված և քաղաքացիների վստահությունն ու սերը վայելող համայնքների ղեկավարները վերածվել են կենդանի թիրախների։ Իսկ բարձրագույն իշխանության կողմից հնչող սպառնալիքները դարձել են պետական քաղաքականություն։
Այսպիսով, Փաշինյանի իշխանությունը կոփված պողպատով ջախջախում է երկրի ժողովրդավարությունը և ժողովրդի կամարտահայտությունը:
Քիչ թե շատ շնչելու տեղ ունեն միայն նախկինների կուսակցությունները, որոնցից Փաշինյանը չի վախենում, քանի որ ժամանակին հաղթել է նրանց։ Երբ «նախկիններից» կամ նրանց թիմակիցներից որևէ մեկը արդարացի քննադատություն է հնչեցնում գործող իշխանության հասցեին՝ Փաշինյանը և իր թիմը անմիջապես «գետնին են հավասարեցնում» խոսացողին՝ հիշեցնելով նրա անցյալ մեղքերը։
«Երրորդ ուժի» ծիլերը, որոնք տեղ-տեղ սկսում են ճանապարհ հարթել Հանրապետությունում, Փաշինյանի համար չափազանց վտանգավոր են, քանի որ ժողովրդի կամքը վարկաբեկելն անհամեմատ դժվար է: Ահա թե ինչու յուրաքանչյուր արժանապատիվ մարդու պարտքն է՝ աջակցել նրանց, ովքեր, ձգտելով արդարության և ճշմարտության, վտանգում են իրենց։ Այդպիսի անհատներին պետք է գնահատել։
Հայկական հասարակությունը լավ գիտի, թե ինչ «գին» ունեն Փաշինյանի ռեժիմի «ժողովրդավարական ինստիտուտները»։ Իզուր չէ, որ ֆեյսբուքում Վալոդյա Գրիգորյանի ընտանիքին ուղղված Փաշինյանի ցավակցական գրառման մեկնաբանություններում (որը, մեղմ ասած, տվյալ համատեքստում մի փոքր ցինիկ էր), օգտատերերի մեծ մասը տեղի ունեցածի համար մեղադրում են իշխանություններին և ընդգծում երկրում տիրող անօրինականությունը։
Հանրային կարծիքը չես լռեցնի։ Հայաստանի քաղաքացիները, որոնք ընկել էին ապատիայի մեջ, այժմ նորից սկսում են գլուխ բարձրացնել։ Շուտով Փաշինյանը՝ իր դեմագոգիայի, անօրինության և հակահայկական քաղաքականության համար, ինքը կդառնա «նախկին»։
Մնում է սպասել, շատ չի մնացել:
Տիգրան Համբարձումյան
Բաց մի թողեք
Պաղեստինի ժամանակավոր կառավարումը վերապահվել է Մեծ Բրիտանիային
Էժանագին բեմականացում, որի նպատակը նախ` իրական մեղավորին, կամ մեղավորներին թաքցնելն է
Թուրքիայում ապօրինաբար օգտագործվել են հայ քաղաքացիների ժառանգության տվյալները