16/10/2025

Լրտեսության մեջ մեղադրվողը՝ մեղադրանքը չի ընդունում․ Լուսանկար

Ավելի քան 3 ամիս առաջ «Հրապարակը» գրեց, որ աղմկահարույց ձերբակալություն է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում, որը փորձել են գաղտնի պահել։ ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիայում նոր-նոր հյուպատոս նշանակված Աշխեն Ալեքսանյանին Հայաստան վերադառնալիս ձերբակալել էին:  

Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր էին հայտնաբերել եւ կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում` համակարգիչներն էին ուսումնասիրվել, փաստաթղթեր էին զննվել ու առգրավվել։

Մենք ձերբակալության հաջորդ օրն արդեն տեղեկություն ունեինք, բայց մոտ 2 ամիս ոչ մի ատյանից չէինք կարողանում կատարվածի մասին հաստատում ստանալ, ԱԳՆ-ից էլ «չորով» հերքում էին: Եվ որպեսզի ինֆորմացիան դուրս չգար, համացանցից, բոլոր բաց աղբյուրներից ուղղակի վերացրել էին Աշխեն Ալեքսանյանի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, անգամ նշանակման մասին պաշտոնական լուրը։ Հետո արդեն կամաց-կամաց տեղեկություններ հայտնվեցին դաշտում, պարզվեց՝ Ալեքսանյանը սիրային կապի մեջ է եղել մի ադրբեջանցու հետ, վերջինիս էլ տեղեկություններ է հայտնել։

Տեղեկությունը մեր կողմից հրապարակելուց հետո միայն Քննչական կոմիտեն ստիպված եղավ տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն տարածել․ «2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով առերեւույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործու­նեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)»։

Աշխեն Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Մենք տեղեկացանք, որ գործով միակ մեղադրյալն ԱԳՆ-ի աշխատակից Ա․ Ալեքսանյանն է, գործով Քննչական կոմիտեն արդեն նախաքննության ավարտ է հայտարարել եւ այն ուղարկել դատախազություն՝ հաստատելու, որից հետո էլ կուղարկվի դատարան՝ քննության։
Ալեքսանյանի պաշտպանները` Աբգար Պողոսյանն ու Տավրոս Գեւորգյանը, հրաժարվեցին պատասխանել մեղադրանքի, քրեական գործի վերաբերյալ հարցերին, Աբգարյանն ասաց՝ իր պաշտպանյալը մեղքը չի ընդունում, Գեւորգյանն էլ հայտնեց, որ կալանքի որոշումը բողոքարկել են վերադաս ատյան, դեռ նորություն չկա։ Այս քրեական գործը, ըստ էության, դատարանում քննվելու է դռնփակ կարգով, քանի որ քրգործը պետական դավաճանությանն է վերաբերում։

«Հրապարակ». Լրտեսության մեջ մեղադրվողը մեղադրանքը չի ընդունում