15/10/2025

Մեդվեդևը սպառնացել է, որ «դա վատ կավարտվի բոլորի համար»

Tomahawk հրթիռների արձակումը կպահանջի ամերիկյան մասնագետների մասնակցություն: Այդ իսկ պատճառով Կիևին այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ: Այդ մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը:

Երբ լրագրողները խնդրել են մեկնաբանել Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևի սոցցանցային գրառումը, Պեսկովն ասել է, որ «նման բարդ հրթիռների հետ աշխատանքն, իրոք, այսպես, թե այնպես, բայց հաստատ կպահանջի ամերիկյան մասնագետների մասնակցություն, դա ակնհայտ փաստ է և այդ մասին է ասել Մեդվեդևը»:

Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևը սոցցանցային գրառում է կատարել և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ թռիչքի պահին հնարավոր չէ ճշտորոշել՝ Tomahawk-ը «սովորական մոդիֆիկացիա ունի՞, թե՞ միջուկային զենք է կրում» և ամփոփվել, որ այդ հրթիռները «կարձակի ոչ թե բանդերական Կիևը, այլ՝ ԱՄՆ-ը»: Մեդվեդևը սպառնացել է, որ «դա վատ կավարտվի բոլորի համար»:

Դիտարկումը, որ թռիչքի պահին հնարավոր չէ ճշտորոշել, թե ինչ մարտագլխիկ ունի ամերիկյան հրթիռը, պարզ զգուշացում է, որ Tomahawk-ի ցանկացած արձակում Մոսկվան գնահատելու է որպես «միջուկային զենքի կիրառում» և «համարժեք պատասխան է տալու»:

Իսրայելական լրատվամիջոցները փոխանցում են, որ Քնեսեթում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Իսրայելը «հասել է նրան, ինչին կարող էր ուժի գործադրմամբ, և ժամանակն է, որպեսզի Իրանին հաշտության ձեռք մեկնի»: Թրամփն, ընդ որում, Գազայում պատերազմի դադարեցումն անվանել է «ուժով խաղաղություն»:

Կարելի է ենթադրել, որ Ուկրաինային հեռահար հրթիռներ տրամադրելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը Մոսկվայում գնահատել են որպես «ուժով խաղաղություն պարտադրելու» դիվանագիտական ուղերձ և որոշել են հակադարձել «ավելի մեծ ուժով առաջադրված նպատակին հասնելու անսասանության» կեցվածքով:

Ավելի պարզ ասած, Վլադիմիր Պուտինը Թրամփի «բարևագրին» պատասխանել է միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասին «ողջույնով», ինչը իրավիճակը մոտեցնում է ճգանաժամայինի մակարդակի:

Բացառված չէ, որ դիվանագիտական այս «փոխհրաձգությունը» միայն կուլիսային քննարկումներն ապահովագրելու համար է, և մոտ ռուս-ամերիկյան բանակցությունները կարող են վերսկսվել:

Հակառակը դժվար է պատկերացնել, որովհետև այլընտրանքը համաեվրոպական ավերիչ պատերազմն է: