Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը մամուլի ասուլիս է հրավիրել և խստորեն քննադատել Լիաննա Պետրոսյանին, որ բռնատեղահանվածների անունից շփումներ է ունենում Հայաստանի իշխանությունների հետ՝ չունենալով դրա համար ոչ մի լիազորություն:
Լիաննա Պետրոսյանն, իրոք, բռնատեղահանված հարյուր քսան հազար արցախցիներին չի ներկայացնում, բայց այդ դեպքում պետք է պարզել, թե արցախցիների անունից Հայաստանի իշխանություններին անպարկեշտ վերագրումներ անող Նժդեհ Իսկանդարյանը ո՞ւմ կողմից է այդ լիազորությունն ստացել:
Առհասարակ, ո՞վ է նրան Արցախի «պետական նախարար նշանակել», եթե նման լիազորություն ունեցող պետական պաշտոնյան՝ Արցախի նախագահը, նման հրամանագիր չի հրապարակել: Թիրախավորել մի անձնավորության միայն նրա համար, որ հանդիպում է ունեցել Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի հետ կամ աջակցություն հայտնել Վաղարշապատի համայնքապետի իշխանական թեկնածուին, բայց չտեսնել, որ տասնյակ ուրիշներ համագործակցում են ընդդիմադիր ուժերի և շարժումների հետ, նշանակում է մի բան: Ստեփանակերտի քաղէլիտայի համար անընդունելի են Հայաստանի իշխանության համակիրները, իսկ նրա հակառակորդները՝ օրհնյալ:
Իսկ դա արդեն բացահայտ քաղաքական կողմնորոշում է և փորձ՝ հարյուր քսան հազար մարդու նկատմամբ բաոյական և այլ կարգի ճնշումների միջոցով նրանց դարձնել ընդդիմության հանրահավաքների եւ փողոցային ցույցերի ու երթերի «մասսովկա»:
Ցավոք, Նժդեհ Իսկանդարյանի մամուլի ասուլիսից այլ հետևություն դժվար է անել: Մանավանդ որ նա բացահայտեց մի շատ կարևոր բան. ստեղծվում է բռնատեղահանվածների սոցիալական աջակցության հիմնադրամ: Իսկանդարյանը դրամական աջակցության համար հրապարակային դիմել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին:
Հայաստանում նախընտրական շրջանը մեկնարկել է: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ «մասնակցելու է իր թիմով», Սամվել Կարապետյանը նախաձեռնել է «Մեր ձևով» շարժում, որ գալիք տարեսկզբին կվերակազմավորվի կուսակցության: Բացառված չէ, որ Սամվել Կարապետյանը և նախկին երկու կամ նույնիսկ երեք նախագահները դաշինք կազմեն:
Այստեղ արտառոց ոչինչ չկա, քաղաքականության մեջ ոչինչ մերժելի չէ, եթե օրենքի սահմաններում է: Անհամաչափը Նժդեհ Իսկանդարյանի «բարեգործությունն» է, որ համընկնում է ներքաղաքական լուրջ գործընթացների մեկնարկին:
Հարյուր քսան հազար արցախցիներից քանի՞սն է Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել, քանի՞սն է մասնակցելու քվեարկությանը, այս փուլում էական չէ: Կարևոր է, որ «մասսովկան», որ «փրկության շարժումից» խորապես հիասթափված է, կրկին հրապարակ դուրս գա: «Բարեգործական հիմնադրամի» նպատակը դա է:
Բաց մի թողեք
Փաշինյանը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել․ Լուսանկար
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել Բաքվում 23 հայերի կալանքի վերաբերյալ
Նուբար Աֆեյանը՝ գերիների ու Ռուբեն Վարդանյանի մասին․ Լուսանկար