27/10/2025

Թարս նստենք և շիտակ խոսենք. Լևոն Ջավախյան

Հինգ հազար կյանք զոհած, պատերազմում պարտություն կրած, Արցախը թշնամուն հանձնած, Հայաստանի արևելյան սահմանամերձ շրջաններից զգալի տարածքներ զիջած և Զանգեզուրյան միջանցք անունով թուրքական երազանքին կյանք տված վարչապետը շուրջօրյա օրակարգով կուրծք է ծեծում, թե խաղաղություն է բերել, խաղաղություն է բերել…

Ասես աշխարհում խաղաղություն ոչ եղել է և ոչ էլ լինելու է, այն միս ու արյուն է դարձել միմյան նիկոլ փաշինյանի փառապանծ քաղաքականության շնորհիվ։

Թարս նստենք և շիտակ խոսենք։

Խաղաղությունը ավելի շատ իրենի՞ց` նիկոլ փաշինյանից է կախվա՞ծ, թե՞ Իլհամ Ալիևից…

Եթե ինքը սպառնալիք լիներ Ադրբեջանի հանրապետության համար և ցուցաբերելով մեծագույն կամք` զսպեր իր կատաղությունը հարևան երկրի նկատմամբ ու պատերազմ չսանձազերծեր, կարելի է ասել, որ խաղարարը մեր պանծալի վարչապետն է…

Փաստը մնում է փաստ, որ պատերազմական նկրտումներ ունի հարևան երկրի նախագահը և նա, միայն և միայն նա է ով մեծահոգաբար չի հարձակվում Հայաստանի հանրապետության վրա։

Էստեղ են ասել` ո՞վ իրեն զոռի, ով սանատորիա գնա…

Հետևաբար, խաղաղարարը նախ և առաջ Իլհամ Ալիևն է և ոչ երբևէ նիկոլ փաշինյանը… Ասենք, դե, ինչո՞ւ պատերազմի, եթե իր ուզածը կարող է ստանալ և ստանում է առանց պատերազմի…

Այդ իսկ պատճառով այսուհետ նիկոլ փաշինյանին սատարողներին խորհուրդ եմ տալիս խնկարկել Իլհամ Ալիևի անունը,

եթե իսկապես այդքան թանկ են գնահատում խաղաղությունը և հատկապես նրա արարողին։

Դե, ուրեմն, գոչեք միաբերան.

Փառք ու պատիվ Իլհամ Ալիևին, ով մեզ խաղաղություն բերեց ու այսպիսի երջանիկ և ուրախ կյանք պարգևեց…

Լևոն Ջավախյանի Ֆեյսբուքի էջից