19/11/2025

Անկլավների «իրավական հիմքերն» ու Փաշինյանի տեսակետների փոփոխությունը

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն նոյեմբերի 7-ին APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, թե «ադրբեջանական չորս անկլավների վերադարձը գտնվում է Բաքվի մշտական ուշադրության կենտրոնում»։ 

«Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի [Տիգրանաշեն] (այսպես կոչված Քարքի) գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է, որը պետք է լուծվի սահմանազատման ընթացքում», — ասել է նա։

Հայտարարությունից մեկ օր անց՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ «սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։

Բաքվի ու Երևանի այս հայտարարություններից հետո «Փաստերի ստուգման հարթակը» հարցումով դիմեց ՀՀ կառավարություն՝ պարզելու, ի վերջո ադրբեջանական կողմը տրամադրե՞լ է Հայաստանի տարածքում գոյություն ունեցող՝ այսպես կոչված անկլավների իրավական հիմքերը։

FIP.am-ի հարցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, սակայն, հստակ պատասխան չեն տվել, այլ միայն նշել են, որ «պետական սահմանի առանձին հատվածների, ներառյալ անկլավների և էքսկլավների սահմանազատման աշխատանքներն իրականացվելու են» հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգին համապատասխան։

«Իրավական հիմքեր չկան»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2021 թվականի նոյեմբերի 23-ին իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե հայկական կողմը «խիստ կասկածում է», թե Բաքուն ՀՀ տարածքում անկլավների գոյության իրավական հիմքեր ունի։

Այդ պնդումը Փաշինյանն արել է նաև նույն թվականի դեկտեմբերի 24-ին իր մեկ այլ ասուլիսի ընթացքում՝ դարձյալ կրկնելով, որ հայկական կողմին ՀՀ տարածքում, այսպես կոչված, ադրբեջանական անկլավների գոյության վերաբերյալ իրավապայմանագրային հիմքեր հայտնի չեն։

«Մենք մինչև այս պահը ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել», — նշել էր Փաշինյանը։

«Հնարավոր է փոխանակման տարբերակը»

2023 թվականի մայիսին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի հետ իրենց վերջին հանդիպումներում կողմերը «քաղաքական մակարդակում ճանաչել են», որ միմյանց տարածքներում անկլավներ կան։

Փաշինյանը, միևնույն ժամանակ հայտնել է, թե այդ հանդիպումներում ինքն ասել է՝ «իրավական մակարդակում հայկական կողմը լրացուցիչ հարցեր ունի՝ առնվազն մի քանիսի հետ կապված»:

Հատկանշական է նաև, որ Փաշինյանը նշում է անկլավների հնարավոր փոխանակման տարբերակի մասին՝ չնայած նրան, որ նույն պատասխանի մեջ անկլավների իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր էր բարձրացրել։

«Անկլավների թեման անխուսափելի է»

2023 թվականի հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը «Լուրերի» հետ հարցազրույցում չնայած նշում էր, որ Ադրբեջանը սեղանին չի դրել անկլավների իրավական հիմքերը, այնուամենայնիվ, հայտարարում էր, որ «անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է» այն պատճառով, որ ՀՀ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ է մտնում նաև Արծվաշենը:

«Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա: Եվ այստեղ է, որ բարձրանում է այդ հարցը: Բայց այստեղ կա նաև մի կարևոր նրբություն՝ ով էլ խոսի անկլավների մասին, ինքը պետք է սեղանին դնի քարտեզ, որովհետև իսկ ինչո՞վ է հիմնավորվում այդ անկլավի գոյությունը: Սա շատ կարևոր նրբություն է: Եթե սեղանին դրվում է կամ երբ սեղանին դրվում է քարտեզ, չի կարող քարտեզ գոյություն ունենալ մի կետի վրա, դա նշանակում է՝ ամբողջ քարտեզը գծագրվում է», — ասել է Փաշինյանը։

«Դե յուրե ադրբեջանական անկլավներ կան»

Նույն թվականի նոյեմբերի 24-ին քաղաքացիների հետ հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանն այլևս կասկածի տակ չի դրել ադրբեջանական, այսպես կոչված, անկլավների իրավական հիմքը։

«․․․երբ ասում ենք Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածք՝ դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որ ԽՍՀՄ ժամանակ պատկանել են Ադրբեջանին, և Հայաստանի 29 800 քառակուսի կմ-ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է՝ շրջափակված Խորհրդային Ադրբեջանի տարածքով: ․․․Երբ որ մենք Արծվաշենի հարցը բարձրացնում ենք, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որոնք, իր բնութագրմամբ, և Խորհրդային Միության քարտեզներով և որոշումներով դե յուրե հիմնավորված գոյություն են ունեցել, այսինքն՝ եթե մենք ասենք անկլավների հարց չկա, ուրեմն պետք է ասենք էքսկլավի՝ Արծվաշենի հարց չկա, բայց երկու հարցերն էլ կան»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Արծվաշենից չենք կարող հրաժարվել»

Անկլավների թեմային իր վերջին ամիսների հրապարակային խոսքում (12) Փաշինյանը անդրադարձել է սահմանազատման համատեքստում՝ ներկայացնելով տարածքների փոխանակման, հանրաքվեի միջոցով փոխադարձաբար անկլավ/էքսկլավներից  հրաժարվելու տարբերակը․ վարչապետը չի հիշատակել ՀՀ տարածքում այսպես կոչված անկալվների գոյության վերաբերյալ իրավական հիմքերի մասին այնպես, ինչպես դա անում էր նախկինում։

«Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք, որ միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ճանաչում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, իսկ այդ հռչակագիրը հստակ արձանագրում է, որ ՀԽՍՀ տարածքը համընկնում է ՀՀ տարածքի հետ, իսկ ԱԽՍՀ-ն համընկնում է Ադրբեջանի հետ։ Մենք այդ սահմանները գծանշող բոլոր քարտեզն ունենք, և՛ Ադրբեջանը ունի, և՛ մենք ունենք․․ եթե կլինի հանկարծ մտադրություն իրականացնել որոշ տարածքների փոփխություն՝ համամասնորեն, այսինքն մեկ քմ-ն փոխարինել մեկ քմ-ի հետ, այդ հարցով մենք պետք է մոտենանք ու դիմենք ժողովրդին»,- ասել է Փաշինյանը։

«Իրավական հիմքերի ուսումնասիրություն չի եղել»

Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձել է նաև 2025 թվականի նոյեմբերի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, սակայն նա չի պատասխանել հարցին, թե ի վերջո, Ադրբեջանը անկլավների գոյության իրավական հիմքեր տրամադրել է, թե ոչ։ Վերհիշելով իր՝ նախկինում արված հայտարարությունները` Փաշինյանը վերահաստատել է, որ Ադրբեջանն իր իրավական հիմքերը պետք է բերի, իսկ Հայաստանը՝ իրենը։

«Երբ որ դա տեղի կունենա․․․ իմ դիրքորոշման մեջ բան չի փոխվել, էն որ խորհրդային տարիների մեր տարածքում եղել են կոնկրետ գյուղեր, ես չեմ կարող ասել, որ նման բան չի եղել», — ասել է Փաշինյանը։

Ճշտող հարցին, թե ի վերջո ինքը ստացել է այդ իրավական հիմքերը, թե ոչ, Փաշինյանն ասել է․ «Ոչ, ասեցի արդեն, որ քննարկումներ, հիմքերի ուսումնասիրություններ փոխադարձաբար չի եղել»։

Այսպիսով, Փաշինյանը 44-օրյա պատերազմին հաջորդող շրջանում առհասարակ կասկածի տակ էր դնում Ադրբեջանի՝ ՀՀ տարածքում այսպես կոչված անկլավների նկատմամբ ունեցած հավակնություններն ու խոսում իրավական հիմքերի բացակայությունից։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը հարցը սկսեց դիտարկել սահմանազատման գործընթացի համատեքստում՝ որպես հարցի լուծման հավանական տարբերակ առաջարկելով անկլավների փոխանակումը։

Փաստացի, Փաշինյանը մի կողմից վերահաստատում է, որ Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել անկլավների գոյության իրավական հիմքեր, որոնք պատշաճ ուսումնասիրության կենթարկվեին, մյուս կողմից էլ, առանց նման հիմքերի, խնդիրները հասցեագրող՝ տարածքների փոխանակման հավանական տարբերակ է առաջարկում։

Նանե Մանասյան