1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում հռչակվել են խորհրդային կարգեր:
Ի նշան Հայաստանում խորհրդային կարգերի հռչակման, Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմն ընդունել է որոշում, ըստ որի «Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերը հայտարարվում են վերացված: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասը»:
Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի վերոնշյալ որոշումը, ստորագրված Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովի կողմից, 1920թ. դեկտեմբերի 7-ին տպագրվել է Երևանում լույս տեսնող «Կոմունիստ» թերթի 2-րդ համարում հայերեն թարգմանությամբ:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առթիվ 1920թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը հրապարակել է նաև հռչակագիր, որտեղ վերջինս Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշակիորեն խմբագրել է Ադրբեջանի Հեղկոմի ընդամենը մեկ օր առաջ՝ 1920թ. նոյեմբերի 30-ին ընդունած որոշումը:
Հռչակագրում Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահը, մասնավորապես, հայտարարել է, որ «…Զանգեզուրի և Նախիջևանի գավառները հանդիսանում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լիարժեք իրավունք…»:
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, հռչակագիրը տպագրվել է Բաքվում լույս տեսնող ռուսալեզու «Կոմունիստ» թերթի 178-րդ համարում:
Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման քսանհինգ տարիներ տևած (1994-2019թթ.) խաղաղ բանակցություններում հայկական կողմը քննարկման առարկա դարձրե՞լ է այս փաստը:
Փաստորեն, 105 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1920թ. դեկտեմբերի 1-ին, Խորհրդային Ադրբեջանը իրավաբանորեն՝ փաստաթղթային ձևակերպմամբ, ճանաչել է արցախահայության ինքնորոշման իրավունքը:
Ադրբեջանի կողմից փաստաթղթային ձևակերպում ստացած վերոնշյալ փաստի առկայությամբ առոչիչն է Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի մայիսի 22-ի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանի «86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը…»:
Ստորև՝ նշված թերթի բնօրինակի համապատասխան հատվածի լուսապատճենը:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ; քաղաքագետ


Բաց մի թողեք
1.5-ից 3 միլիոն դրամ զորացրվող զինվորին, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պարտադիր վճար
Ավելի ահավոր բան չեմ պատկերացնում, քան՝ մանկապղծությունը
Կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը», հիբրիդային պատերազմի «գիտակները» ևս լուռ են