13/02/2026

Անկեղծորեն կդժվարանամ ասել, թե Փաշինյանի վարած քաղաքականությունը կոնկրետ ինչ ներքաղաքական հետեւանքների դուռ կարող է բացել. Վիգեն Հովսեփյան

«Հրապարակի» զրուցակիցն ամերիկահայ գործիչ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանն է։

– Նախօրեին Իրանն առաջին անգամ բացահայտորեն դեմ արտահայտվեց Թրամփի երթուղուն՝ TRIPP-ին, պնդելով, որ դա սպառնալիք է իր երկրի ազգային անվտանգությանը, եւ այն անվանեց Զանգեզուրի միջանցք։ Բաքվում արդեն հիստերիա են բարձրացրել, Երեւանում դեռ զգուշավոր են, թեպետ Հայաստանի դիրքորոշումը հայտնի է։ Կկարողանա՞ Թեհրանն իրապես հակազդել Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ համատեղ նախագծին, լուրջ քայլերի գնալ, թե՞ սա ընդամենը դիվանագիտական հուսահատ ուղերձ է։

– Ենթադրում եմ, որ «դեմ» արտահայտությունը, որի մասին ակնարկում եք, Ալի Աքբար Վելայեթիի վերջին ակնարկն է այն մասին, թե TRIPP-ը, որպես ամերիկյան ռազմավարական արժեք ներկայացնող ծրագիր, ինքնին կարող է վտանգ ներկայացնել Իրանի շահերին: Սակայն մենք գիտենք արդեն, որ մի քանի ամիս առաջ Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերի ստորագրությունից մինչեւ Վելայեթիի այս վերջին հայտարարությունը, Իրանի արտգործնախարարությունն առնվազն երկու առիթներով հայտարարություններ էր արել՝ ոչ միայն ողջունելով TRIPP-ը, այլեւ ԱԳ նախարարն այս ընթացքում մեկ հայտարարություն արեց՝ այդ նախագծում հավանական շահեր տեսնելով նույն Իրանի համար։ Բացի այդ, ժամանակին նմանօրինակ ակնարկներ արեց նաեւ ՀՀ-ում Իրանի դեսպանը, որը վերոհիշյալ համաձայնագրի մեջ նկատեց Իրանի համար տնտեսական շահերի հավանականություն։ Հետեւաբար, առաջին հերթին պետք է շեշտել, որ պետության պաշտոնական դիրքորոշումն արտահայտվում է իր ԱԳՆ-ի կողմից, իսկ մեկ այլ պաշտոնյայի ակնարկը կարելի է վերագրել անհատական կարծիքի դրսեւորման կամ նույնիսկ այլ քաղաքական (ներքին թե արտաքին) հաշվարկներով կատարված դարձվածք, մինչեւ անգամ երրորդ կողմի հետ ընթացող բանակցությունների մեջ կշիռներ խախտելու ճիգ։ Սա ասում եմ մանավանդ այն համոզումով, որ այն, ինչ վերաբերում է TRIPP-ին, նախաստորագրումի օրից այս կողմ որեւէ նոր կամ տարբեր թղթածրար դուրս չի եկել կամ որեւէ շոշափելի նորություն դուրս չի եկել, որպեսզի «հող» ծառայի Իրանի՝ ավելի վաղ հայտարարած դիրքորոշման փոփոխության համար։ Ուստի, ես հակված եմ հիմնական համարել Իրանի սկզբնական-պաշտոնական հայտարարությունը, քանի դեռ իսկապես ծանրակշիռ հակադիր հաստատում չի հնչել, որը կարող է եւ ազդանշան լինել դիրքորոշման փոփոխության։

– Ռուսաստանն էլ իր հերթին հայտարարել է Հայաստանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության շուրջ խորհրդակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով, որ իր մասնակցությունն այդ նախագծին անհրաժեշտություն է։ Ինչո՞վ կբացատրեք այս մոտեցումը։ Գուցե՝ ակնա՞րկ, որ մտադիր չէ դուրս մղվել տարածաշրջանից՝ ի հեճուկս Արեւմուտքի այդ մտադրության։

– Հավանաբար, Ռուսաստանի ղեկավարությունը համոզված է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությունը մեծ հավանականություն ունի ճամփա «կտրելու» եւ այնքան ժամանակ, որ ինքը, սեփական շահերից ելնելով, շատ լուրջ պատճառներ չունի հակառակելու TRIPP-ին, այսպիսով փորձում է «խաղից դուրս» չմնալ։ Միշտ պետք է հասկանալ, որ այնքան ժամանակ, քանի դեռ ռուս-ուկրաինական պատերազմը չի ավարտվել, եւ տակավին դրա շուրջ ընթացող բանակցությունները շարունակվում են, Ռուսաստանը չի ցանկանա ԱՄՆ-ի շահերին հակադրվող կամ ԱՄՆ-ին խայտառակող դիրքի մեջ գտնվել եւ ուստի իրավիճակներից լրիվ դուրս չմնալու նպատակով է հայտարարում խորհրդակցություններին մասնակցելու մտադրության մասին։ Մեկ խոսքով, եթե Ռուսաստանը եզրակացրել է, թե ինքն այս հանգրվանում ուժ չունի TRIPP-ի գործընթացը խանգարելու, ապա կձգտի առնվազն «խաղին» մասնակից դառնալ։

– Բաքվում վաղուց սկսել են հաշվել TRIPP-ի օգուտները, հայտարարում են նաեւ, որ դա Հայաստանին եւ տարածաշրջանին մեծ եկամուտներ կբերի։ Հայաստանն ի՞նչ կարող է շահել, ի վերջո, այս նախագծից, եւ ի՞նչ ռիսկեր կան, որոնք պետք է հաշվի առնել` ինչպես անվտանգային, այնպես էլ՝ ռազմավարական ու տնտեսական իմաստով։

– Ինչպես մի քանի առիթով ասել եմ, տակավին շատ վաղ է խոսել TRIPP-ի անմիջական շահերի եւ ռիսկերի մասին, քանզի մանրամասնությունները հայտնի չեն, ընդհանրապես գոյություն չունեն։ Պարզ է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն այս ծրագրի ճանապարհով իր ներկայությունն է ապահովում տարածաշրջանի մեջ եւ, ենթադրաբար, որոշ շոշափելի ռազմավարական եւ տնտեսական շահեր ունի այս տարածաշրջանում, սա իսկ բավարար երաշխիք է, որ ԱՄՆ-ն զսպիչ դեր կարող է ունենալ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին հակազդելու տեսակետից։ Այնքան ժամանակ, որ Ռուսաստանը մեծ հաշվարկներ ունի Ադրբեջանի հետ կապված, որոնք անկախ են Հայաստանի հետ իր ունեցած հաշվարկներից ու մինչեւ իսկ ավելի ծանրակշիռ են, ԱՄՆ-ը կարող է որոշ չափով զսպող դեր խաղալ՝ անշուշտ, հստակ սահմանափակումներով։ Վերադառնալով ՀՀ-ի ձեռքբերելիք տնտեսական շահերի հավանականությանը, ինչպես նշեցի, մանրամասնությունները պակասում են, որպեսզի որեւէ կանխատեսում կատարենք, եւ բոլոր հաստատումները՝ լինեն դրանք լավատեսական, թե հոռետեսական, այս հանգրվանում խիստ տեսական կարող են լինել եւ գուշակությունների սահմանները չեն կարող հատել։

– Ենթադրվում է, որ TRIPP-ը կնպաստի Երեւանի ու Բաքվի միջեւ վերջնական ու երկարատեւ խաղաղության հաստատմանը։ Արդյո՞ք Փաշինյանի վարած քաղաքականությունը՝ հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի, ինչպես նաեւ՝ ՀՀ-ում սպասվող ընտրությունները, լրացուցիչ խոչընդոտներ չեն ստեղծի այդ հեռանկարի տապալման համար։ Թե՞ Փաշինյանն ամեն գնով կօգտագործի այս նախագծի իրականացման ռեսուրսները, որպեսզի վերստին մնա իշխանության ղեկին։

– Անկեղծորեն կդժվարանամ ասել, թե Փաշինյանի վարած քաղաքականությունը կոնկրետ ինչ ներքաղաքական հետեւանքների դուռ կարող է բացել։ Բոլոր հարցախույզներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակությունը համաձայն է Ադրբեջանի հետ հավանական խաղաղությանը, նույնիսկ եթե այն ունի լրջագույն կասկածներ եւ մտավախություններ, առավելաբար նաեւ, որովհետեւ այլընտրանքային ճանապարհ չի տեսնում, որ կարող է ծառայել Հայաստանի շահերին։ Ավելին, նույնիսկ ամենից թերահավատ քաղաքացին համոզված է, որ Ադրբեջանի հետ որեւէ ընդհարման կամ պատերազմի դեպքում Հայաստանն առավելությամբ դուրս չի գա, հատկապես՝ մերօրյա աշխարհաքաղաքական իրավիճակների մեջ, որտեղ տասնյակ հազարների ջարդը՝ աշխարհի որեւէ կետում, կարող է ոչ մի շոշափելի միջամտություն չունենալ։ Հետեւաբար, շարքային հայ մարդու, թե քաղաքական վերլուծաբանի մոտ նստած է այն կարծիքը, որ ներկա հանգրվանում Հայաստանն ի վիճակի չէ Ադրբեջանի հետ պատերազմական ռիսկերի գնալ եւ ուղղակի պետք է ժամանակ շահի, որպեսզի կարողանա իր տնտեսությունն ու պաշտպանության դիրքերը հզորացնել։ Այս իմաստով, ընդդիմության համար դժվար պիտի լինի նվազագույն իսկ չափով հանդես գալ խաղաղության նկատմամբ անհաշտ դիրքերից, եւ ուրեմն գեթ ա՛յս օրակարգով այն խնդիր պիտի ունենա ամբոխային տրամաբանության հետ։

«Հրապարակ». Ռուսաստանը մտածել է` եթե ուժ չունի TRIPP-ին խանգարելու, ուրեմն առնվազն «խաղին» մասնակից կդառնա