26/12/2025

Տիրադավների պարտությունը, ինչ են անելու նրանք հունիսի 8-ին

Էջմիածնի Մայր տաճարի վրա 10 տիրադավ եպիսկոպոսների իրականացրած արշավի տապալումն առաջացրել է լուրջ հարց վարչապետի աթոռից կառչած անձի համար:

Վերջինս վստահաբար պատասխան չունի «ի՞նչ անել այսուհետ» հարցին, քանի որ պարտություն, ի տարբերություն 44-օրյա պատերազմի, նախատեսված չէր:

Իսկապես, ով էլ լիներ նրա փոխարեն (կյանքը ցույց տվեց, որ այդպիսիք բազմաթիվ են), ձեռնարկի պարտության մասին չէր մտածի: Որովհետև այն, նախ, ավելի քան կես տարի նախապատրաստվել էր քարոզչական գրոհներով: Երկրորդ, փորձարկվել էր իրական հողի վրա՝ գրավելով այս կամ այն եկեղեցին՝ թեկուզ ժամանակավորապես:

Երրորդ, սկսվելով կարգազանց քահանաների որսով՝ ծավալվել էր մինչև արքեպիսկոպոսի մակարդակը: Այդքանից հետո ի՞նչ էր մնում նրան՝ եթե ոչ ընդամենը մեկ-երկու ժամով Մայր տաճարը գրավելը: Ինչին էլ կհետևեր Վեհափառին  «հանգստի կոչելու» օպերացիայի կազմակերպչական գլխավոր հարվածը:

Բայց տեղի ունեցավ անկանխատեսելին՝ ՀԱԵ Արագածոտնի թեմից հայտարարվեց, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ին:

Դա նշանակում էր, որ այդ օրն ու այդ ժամին Մայր տաճարը զբաղված է լինելու: Իսկ, ինչպես իրենց հայտարարության մեջ նշել են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, «տիրադավությունն իրենց ճակատին որպես աղվեսադրոշմ դաջած» հոգևորականներն արդեն նախատեսել էին հենց նույն օրն ու ժամին գրավել Մայր տաճարն ու, իրենց ասելով, «աղոթել ժողովրդի, ազգի, հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար»: Եվ քանի որ հանձնարարականններն արդեն իջեցված էին ԱԱԾ-ին ու ոստիկանությանը, տիրադավների արշավանքի օրն ու ժամը չփոխվեց:

Ինչն էլ ավելի թուլացրեց նրանց դիրքերը:

Ի դեպ, մի այդպիսի երևույթ տեղի է ունեցել Հայրենական (այո, հենց Հայրենական) պատերազմի ժամանակ: 1943թ.-ի գարնանը խորհրդային հետախուզությանը հայտնի է դառնում, որ գերմանական հակահարձակումը տեղի է ունենալու Կուրսկի շրջանում և այն սկսվելու է հուլիսի 5-ի առավոտյան: Դրանից մի քանի ժամ առաջ հսկայական քանակությամբ սովորական և ռեակտիվ հրանոթային համազարկեր են արձակվում թշնամու ուղղությամբ:

Ինչի արդյունքում նրա ողջ առաջնագիծն ու նաև մոտակա թիկունքային մասը վերածվում են քաոսի: Բայց քանի որ հարձակման հրամանին համապատասխան նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են եղել՝ գրոհն, այնուամենայնիվ, սկսվում է: Ավելի քան մեկուկես ամիս տևած ծանրագույն ճակատամարտում թշնամին պարտություն է կրում, ինչն էլ դառնում է Հայրենական պատերազմի շրջադարձային պահը:

Ինչևէ, որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա՝ կարծես թե ոչ համեմատելի այս երկու իրադարձությունները հանգեցնելու են նույն արդյունքին: Ինչպես Երրորդ ռեյխը դրա վերջնարդյունքում պարտություն կրեց, այնպես էլ նույնը սպասվում է գործող իշխանությանը: Որովհետև նրա կողմից փորձ կատարվեց խեղճացնելու ոչ թե ընդդիմությանը, ինչը կարող էր և ստացվել, այլ հայության սրբությանն ի դեմս շուրջ երկհազարամյա հայոց եկեղեցու:

Բայց այստեղ հարց կառաջանա, թե ի՞նչ կարող է լինել դրանից հետո: Չեմ կարծում, թե նման հարձակումը կկրկնվի ավելի ուշ: Վարչապետի աթոռից կառչած անձն այլևս չի անի այնպիսի երկրորդ սխալ քայլ, որ վտանգի տակ կդնի իր իշխանությունը: Չնայած կասկած չկա, որ դավերը շարունակվելու են թե՛ տիրադավների և թե՛ նրանց դրդող իշխանության կողմից:

Առաջինները կպայքարեն այնքան ժամանակ, որքան դեռևս կհանդիսանան հոգևորականներ: Իհարկե, նրանց կարգալույծ անելուց հետո ևս չեն հանդարտվի անմիջապես, բայց նրանց փուքսն արդեն իջած կլինի: Կարծում եմ, որ դրանից հետո «մեծարգո վարչապետի» կողմից դեն կնետվեն որպես օգտագործված ու փչացած գործիք:

Այդպիսին է այն մարդկանց ճակատագիրը, ովքեր կամավոր թե բռնադատված, այլոց ձեռքին վերածվում են գործիքի: Իսկ «մեծարգոն», բնականաբար, շարունակելու է իր ազգակործան գործունեությունը՝ այն գեղեցիկ ձևով փաթեթավորելով կիսագրագետ զանգվածների համար:

Իսկ ընդդիմադիր և հայրենասեր հատվածի և այդ թվում եկեղեցու նկատմամբ առկա վերաբերմունքը կշարունակվի մինչև 2026 թվականի հունիսի 7-ը: Իսկ հունիսի 8-ին վստահաբար մենք արթնանալու ենք մեկ այլ, ոչ նիկոլական իրականության մեջ: