01/02/2026

Ադրբեջանը «կորցնում է իսլամական աշխարհում Իսրայելի միակ հուսալի դաշնակցի համարումը»

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հունվարի 27-ին այցելել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: Այդ մասին Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը հղելով՝ հայտնել է tengrinews-ը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նույն օրը նրան ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը: Կողմերը քննարկել են հարաբերությունների զարգացումը, համագործակցության խորացումը և ««Աբրահամի համաձայնություններին» Ղազախստանի մասնակցության գործնական իրականացումը»:

Բանակցությունների արդյունքներով Ղազախստանը և Իսրայելը ստորագրել են «հրապակային դիվանագիտության և դիվանագետների պատրաստման ասպարեզներում համագործակցության մասին հուշագիր» և «երկու երկրների միջև վիզային ռեժիմը չեղարկելու մտադրության մասին հայտարարգիր»:

Ղազախստանցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարը լրագրողներին ասել է, որ «առանձնահատուկ քննարկվել է անվտանգության խնդիրը»:

Նա հավաստիացրել է, որ Իսրայելը «պաշտպանում է Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը» և ընդգծել, որ այն հնարավոր է իրացնել «միայն ՀԱՄԱՍ-ի զինաթափման և ակնկլավի լիակատար ապառազմանականացման դեպքում»:

Իսրայելի արտաքին գործերի նախարարն այնուհետեւ բացահայտել է տարածաշրջանային անվտանգության իսրայելական պատկերացումը. «Կայունությունը հնարավոր չէ առանց Մերձավոր Արևելքում իրանական պրոքսի-կառույցների, Գազայում՝ ՀԱՄԱՍ-ի, Լիբանանում՝ «Հըզբալա»-ի և Եմենում հութիների չեզոքացման»:

«Գեդեոն Սաարի ԱՍտանա այցի վերաբերյալ արարողակարգային ձևակերպումների տողատակերում ավելի լայն տեղաշարժ է թաքնված: Ղազախստանը վիզային ազատականացման և քաղաքական սինխրոնացման մասին համաձայնություններով մտնում է Իսրայելի տարածաշրջանային ճարտարապետության ուղեծիր:

Այդ ֆոնին Գազայի և իրանական պրոքսիի մասին նրա հայտարարությունները հնչում են որպես ազդակ ոչ միայն Թեհրանին, այլև «Աբրահամյան համաձայնությունների» նոր գործընկերներն, դա ընտրություն է, որ Ղազախստանն արդեն կատարել է»,- Աստանայում իսրայելա-ղազախստանյան բանակցությունների մասին գրել է Israel Insite-ը:

Ավելի վաղ շատ զգուշավոր կարծիք էինք հայտնել, որ, միգուցե, Ադրբեջանը «կորցնում է իսլամական աշխարհում Իսրայելի միակ հուսալի դաշնակցի համարումը»: Գեդեոն Սաարի Աստանա այցի շուրջ տեղեկատվական առաջին հոսքը, կարծես, այդ տպավորության օգտին է խոսում:

Իրական քաղաքական ռեժիմում ինչպե՞ս կզարգանան իսրայելա-ղազախստանյան հարաբերությունները, չափազանց մշուշոտ է պատկերվում: Աշխարհաքաղաքական դասավորությամբ Ղազախստանը փաստացի «ներկալված է» Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջակայքում:

Ղազախստանը Թուրքական պետությունների կազմակերպության անդամ է։ Թուրքիան Ղազախստան-Իսրայել համագործակցության միջանցք կապահովի՞։