11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Դիլիջանի նոր թունել են ուզում կառուցել, երբ, ինչպես ․․․

Գերմանիայի կանցլեր Բիսմարկն ասել է․ «Երբեք այնքան շատ չեն ստում, որքան պատերազմի ընթացքում, որսորդությունից հետո եւ ընտրություններից առաջ»։

Հրապարակ թերթը գրել է․ Հունիսի 7-ին տեղի կունենան ԱԺ հերթական ընտրությունները, արդեն իսկ իշխանության կողմից ստի մեծ չափաքանակ է շրջանառվում երկրում։ 2021թվականի նախընտրական խոստումները դրժած, սակայն 2026-ի ընտրություններով վերարտադրվելու նպատակ ունեցող իշխանությունն ընտրողների քվեները շահելու համար առաջնորդվում է ֆաշիստական Գերմանիայի պրոպագանդայի մինիստր Գեբելսի սկզբունքով՝ որքան մեծ է սուտը, այնքան դրան հեշտ են հավատում։

Այդ մեծ ստերից է նաեւ Դիլիջան – Սեւան ավտոմոբիլային նոր թունելի կառուցման խոստումը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը  հայտնում է․ «Փետրվարի 6-ին Սեւան քաղաքում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման եւ տարաբնակեցման հարցերի վերաբերյալ։ Մասնակցում էին

Գեղարքունիքի մարզպետարանի, Սեւանի համայնքապետարանի աշխատակիցներ, քաղաքացիներ։ Խորհրդատու կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին ծանոթացրել են բոլոր այն գործընթացներին, որոնց հետ առնչվելու են ազդակիր անձինք՝ հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագրի շրջանակներում։

Մասնավորապես, ներկայացվել են փոխհատուցում ստանալու իրավունքները, բողոքների լուծման մեխանիզմները եւ բազմաթիվ այլ թեմաներ։ Խորհրդատու կազմակերպությունների մասնագետները պատասխանել են նաեւ հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին օտարման ենթակա հողերի, ծառերի, մշակաբույսերի, շենք-շինությունների գնահատման մեխանիզմներին»։

Դիլիջանի համայնքապետարանն էլ տեղեկացնում է․ «Փետրվարի 24-ին, ժամը 12:00-ին Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում  կկայանա հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման աշխատանքների շրջանակում «Բնապահպանական ազդեցության գնահատման» հաշվետվության վերաբերյալ, որը մշակվել է ԱԶԲ-ի պահանջների համաձայն։ Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է»:

Դիլիջանի նոր թունելի կառուցման վերաբերյալ առայժմ քննարկումներ են ընթանում, իսկ Դիլիջանի գործող թունելը երկար տարիների մեծ ծախսերի եւ մեծ աշխատանքի արդյունք է։ Այդ թունելի շինարարությունը սկսվել է ԽՍՀՄ օրոք` 1970 թվականին, բայց 1992 թվականին ֆինանսավորման բացակայության պատճառով այն դադարեցվել է։

Վերսկսված շինարարությունը ֆինանսավորել է «Լինսի հիմնադրամը»՝ այդ նպատակով հատկացնելով 6,7 միլիոն դոլար։ 2257 մետր երկարությամբ, 8 մետր լայնությամբ, 5 մետր բարձրությամբ թունելը հանդիսավորությամբ բացվել եւ շահագործման է հանձնվել 2004թ․ հունիսի 4-ին։ Թունելի շինարարության կառուցման 2-րդ փուլում արտակարգ պատահարների հետեւանքով 2 բանվոր է զոհվել։

Նոր թունելի շինարարության հետ կապված՝ բազում հարցեր են առաջանում՝ ո՞ւմ ֆինանսավորմամբ, որքա՞ն է արժենալու այն, ե՞րբ է  հայտարարվելու նոր թունելի շինարարության մրցույթը, քանի՞ տարի է նախատեսված շինարարության համար։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար զանգահարեցի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ, որտեղից առաջարկեցին հարցերը գրավոր ուղարկել, ինչը կանեմ` ակնկալելով մանրակրկիտ պատասխաններ։

Նկատենք, որ այս իշխանությունը մեծ-մեծ խոստումներ տալու, գրանդիոզ պլաններ մշակելու մեծ մասնագետ է. ակադեմիական քաղաքը, մետրոյի Աջափնյակի կայարանը հորով-մորով արեցին, հիմա անցել են Դիլիջանի նոր թունելի շինարարությանը։ ՔՊ-ական իշխանության գրեթե 8 տարում շինարարական ոչ մեծ, ոչ էլ նույնիսկ միջին մեծության ծրագիր չեն իրականացրել, առավել եւս՝ բարդ կառույց հանդիսացող այդ ավտոմոբիլային թունելի շինարարությունը ո՞նց են իրականացնելու։

Թող գնան Վրաստան եւ տեսնեն, թե վերջին տարիներին ինչքան ավտոմոբիլային թունելներ, մեծ կամուրջներ ու ճանապարհներ են գործարկել, եւ այդ ամենը՝ սուսուփուս, առանց թմբկահարելու: