Երեկ ասպարեզ իջավ նոր քաղաքական ուժ՝ «Ուժեղ Հայաստան» անունով, որը հայտ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում իշխանության գալու։
Հրապարակ թերթը գրել է․ Բայց, ինչպես 2021-ին ամենաընդդիմադիր քաղաքական ուժը՝ «Հայաստան» դաշինքը, քաղաքական դաշտում հայտնվեց միայն այն բանից հետո, երբ նրա առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական-քաղաքական հետապնդում ծավալեց Փաշինյանի իշխանությունը, այնպես էլ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Մեր ձեւով» շարժումն առաջացան իրենց առաջնորդի՝ Սամվել Կարապետյանի դեմ սանձազերծված քաղաքական ապօրինի հետապնդումից հետո։
Ինքը՝ Կարապետյանն անձամբ, տարիներով աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, տնտեսական ծրագրեր էր իրականացնում։ Նիկոլ Փաշինյանը կարծես «զոռով» ստիպում է, որ քաղաքականությամբ չզբաղվող մարդիկ մտնեն քաղաքականություն՝ նրանց նկատմամբ նողկալի քաղաքական հետապնդումներով այլ ելք չթողնելով, քան քաղաքականություն մտնելն է։
Առհասարակ, ցավալի բան կա այս ամենում․ հայ մարդը, մինչեւ անձնապես իրեն չեն դիպչում, չի հասկանում, որ երկրում վիճակը վատ է, եւ կառավարող ուժը մեր կյանքը խաթարող, մեր պետությունը կործանող չարիքի է վերածվել, որ իշխանության քայլերը հակասահմանադրական են ու ապօրինի, մեր պետությանը, հասարակությանը վնասող։
Չեն տեսնում, որ այդ իշխանությունը թշնամու առաջ «հարգեւոր հարս» է, մեր երկրում՝ «ամեհի գազան»։
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում, որ պետության արտաքին պարտքը կրկնապատկվել է, թոշակառուները գրոշներ են ստանում, իսկ ՔՊ-ական անարժան պաշտոնյաները՝ միլիոններ, որ կալանավայրերը լիքն են կալանքի ոչ ենթակա մարդկանցով, եւ 2018 թվականից ի վեր համաներում չի հայտարարվել երկրում, որ սպառողական գներն աճում են, եւ անգամ ասֆալտն էր միֆ՝ հալվեց-մաշվեց-գնաց։
***
Գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախընտրական ակտիվ աշխատանքների մեջ է, բոլոր համայնքներում գրասենյակներ են բացում, հանդիպումներ ունենում, թիմ հավաքում, ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալել, ինչը խիստ անհանգստացնում է իշխանություններին։
«Ուժեղ Հայաստան»-ի դեմ ագրեսիվ հակաքարոզչություն իրականացնելուց զատ, իշխանական պատժիչ մեքենան է նաեւ գործի անցել։ Տեղեկություններ ունենք, որ իշխանության տարբեր օղակներից փնտրում-գտնում են բոլոր այն սեփականատերերին, որոնք վարձակալությամբ գրասենյակներ, տարածքներ են տրամադրում Կարապետյանի թիմին, համագործակցում են նրանց հետ, եւ փորձում են ճնշումներ բանեցնելով՝ ստիպել, որ հետ կանգնեն նոր քաղաքական ուժի հետ համագործակցելուց։ Անգամ սկսել են ստուգել անշարժ գույքի, գրասենյակների տարածքների սեփականության օրինականությունը, փորձելով վախի մթնոլորտ ստեղծելով՝ մարդկանց հետ պահել ընդդիմադիր շարժմանն աջակցելուց։

Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
Ալկոհոլ օգտագործածներին բուժօգնություն չցուցաբերելու դեպքով ՄԻՊ-ը սպասում է