01/03/2026

EU – Armenia

Պուտինի և Թրամփի միջև «Անքորիջի ոգին չի վերածնվի»

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Ժնևում հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆի հետ իր մոտ երկու ժամ տեւած հանդիպումը, որ տեղի է ունեցել իրանա-ամերիկյան միջնորդավորված բանակցությունների ընդմիջմանը, արդեն կանխատեսելի էր, որ Իրանին հրթիռային հարվածներն անխուսափելի են, ինչը և տեղի ունեցավ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հանդես են եկել ուղերձով և չեն թաքցրել, որ նպատակը Իրանում կրոնապետության տապալումն է: Այն, իհարկե, գունազարդվում է Իրանի ժողովրդին բռնապետությունից ազատելու, նրան բարեկեցիկ և արժանապատիվ կյանք ապահովելու գեղեցկախոսությամբ:

Իրականում, սակայն, դրված է Մերձավոր Արևելքում գաղափարական պետության կազմաքանդման խնդիր, որի լուծումը պետք է «խզի չարիքի առանցքը»՝ Ռուսաստան-Չինաստան-Հյուսիսային Կորեա-Իրան ոչ ֆորմալ, բայց փաստացի գործող դաշինքը:

Ըստ էության, փետրվարի 26-ին Ժնևում նախատեսված ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը չի կայացել: Ուիթկոֆը առանձին հանդիպումներ է ունեցել Դմիտրիևի և Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ումերովի հետ:

Մեկ օր հետո Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների փոխանակում են իրականացրել: Քաղաքական հարցերում ոչ մի առաջընթաց չի արձանագրվել:

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումից կարճ ժամանակ անց ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղեկալ Դմիտրի Մեդվեդևը սոցցանցային գրառում է կատարել և Ժնևում իրանա-ամերիկյան բանակցությունները գնահատել որպես Միացյալ Նահանգների իրական մտադրությունը քողարկելու միջոց:

Անցյալ տարի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներն Ալյասկայում հանդիպել են իրանա-իսրայելական տասներկուօրյա պատերազմից մոտ երկու ամիս հետո: Մոսկվան մի քանի անգամ պնդել է, որ ուկրաինական կարգավորման հիմքում պետք է լինեն «Անքորիջի ընդհանուր ընկալումները»:

Խոսքն ի՞նչ «ընդհանուր ընկալումների» մասին է, Ռուսաստանը դեռեւս չի բացահյտել: Ոչ ոքի, բայց առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների, համար գաղտնիք չէ, թե Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը Իրանից ինչ որակի և ծավալի աջակցություն է ստանում:

Այս իմաստով Իրանի դեմ ցանկացած սահմանափակում, բայց մանավանդ ռազմական ուղղակի գործողություն առարկայորեն շոշափում է Ռուսաստանի թե առհասարակ աշխարհաքաղաքական, թե հատկապես ուկրաինական ուղղությամբ շահերը:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին փետվարի 27-ին բացահայտ պաշտպանել է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու տարբերակը:

Իրանում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունները, կարծես, վկայում են, որ եթե անգամ անցյալ տարվա օգոստոսին Թրամփը և Պուտինը Անքորիջում «հասել են ընդհանուր ընկալումների», ապա իրական քաղաքական ռեժիմում ԱՄՆ նախագահը դրանք «ջրել» է:

Նոյեմբերին Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են, դրանց արդյունքները որոշիչ են ոչ միայն Թրամփի հետագա պաշտոնավարման, այլև 2028թ. նախագահական մրցապայքարի համար: Ամերիկացիների մեծ մասը դեմ է Պուտին-Թրամփ «ընդհանուր ընկալումներին:

Ամերիկացիներն, իհարկե, չեն ողջունում նաև Իրանի դեմ ռազմագործողությանը, բայց հաջողության հասնելու դեպքում Թրամփը դա կարող է ընտրողներին մատուցել այնպես, որ միայն իրեն է «հաջողվել վերացնել քառասունյոթ տարի Ամերիկային մահ ցանկացող ռեժիմը»:

Սեպտեմբերին Ռուսաստանում պետդումայի և ռեգիոնալ խորհրդարանների ընտրություն է: Մինչ այդ, ամենայն հավանականությամբ, Պուտինի և Թրամփի միջև «Անքորիջի ոգին չի վերածնվի»: