29/04/2026

EU – Armenia

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի երկարաձգումը հարվածում է ԱՄՆ-ի և նրա նախագահի հեղինակությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտել է, որ իրանական պատերազմին վերջ տալու և մյուս հարցերի շուրջ բանակցությունները տարվում են Իսլամական հանրապետության խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Գալիբաֆի հետ:

Մի շարք աղբյուրներ ավելի վաղ այդ մասին հայտնել են, բայց Ղալիբաֆն անձամբ հերքել է ամերիկացիների հետ բանակցությունների փաստը:

Ստեղծված չափազանց բարդ իրավիճակում նույնիսկ դժվար է հավատալ, որ ԱՄՆ-ի նախագահը բացահայտել է գոնե իրականությանը մոտ տեղեկություն: Վերջին օրերին Դոնալդ Թրամփը Իրանի վերաբերյալ մի քանի հակասական հայտարարություններ է արել:

Ընդհանուր տպավորություն է, որ ԱՄՆ-ը առաջարկում է Հորմուզի նեղուցում ազատ նավագնացությունը վերականգնելու դիմաց մեկամսյա հրադադար հաստատել, որի ընթացքում պետք է «կայանա գործարքը»:

Արաբական աղբյուրների գնահատմամբ, Իրանը այսօր «ավելի կոշտ դիրքորոշում ունի, քան Ժնևի բանակցություններում, երբ թվում էր, թե համաձայնությունը հասանելի» է: Միացյալ Նահանգները, երևում է, հաշվարկ է կառուցել այն հեռանկարով, որ իրանական «վարչակազմը թեև ոչնչացված չէ, բայց մեծապես թուլացել» է: Ըստ Թրամփի, վերնախավում «չկա մեկը, որ պատրաստ է լինել Իրանի առաջնորդ»:

Արտառոց է, որ ԱՄՆ-ը բանակցությունների «գործընկեր» է ընտրել Ղալիբաֆին: Նա պրոֆեսիոնալ զինվորական է, լուրջ կապեր ունի ԻՀՊԿ հրամանատարության հետ, բայց, ինչպես անկախ աղբյուրներն են փաստում, «երբեք հանրային լուրջ հարգանք չի վայելել»:

Այդ գնահատականը հաստատելու համար վկայակոչվում է փաստը, որ 2007-2024 թվականներին նա մի քանի անգամ նախագահի թեկնածու է առաջադրվել, բայց հաջողության չի հասել:

Բացառված չէ, որ Միացյալ Նահանգների իրական նպատակը Իրանի տարածքում ցամաքային ռազմագործողությունն է, իսկ Ղաիբաֆի հետ «լավ, խորը և կառուցողական բանակցությունների» մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունը «միայն ուշադրություն շեղելու համար» է:

Այսպես, թե այնպես, փորձագիտական բոլոր հեղինակավոր աղբյուրները մի հարցում համաձայն են: Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի երկարաձգումը հարվածում է ԱՄՆ-ի և նրա նախագահի հեղինակությանը: Մեծ է հավանականությունը, որ հետկոնֆլիկտային Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը «դոմինանտ չի լինի»: