17/04/2026

EU – Armenia

Ռուսաստանը մինչև վերջ հավատարիմ է մնացել Ադրբեջանի «ներքին գործերին չմիջամտելու» պարտավորությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպմանը հաջորդած՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող ռուսաստանցի պաշտոնյաների, մասնավորապես՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարություններին:

Դիվանագիտական նրբանկատությամբ կազմված տեքստի հիմնական ձևակերպումն այն է, որ Մոսկվան «բարձրացրել է բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող հարցեր»:

Ավելի վաղ այդ առթիվ նկատել ենք, որ Լեռնային Ղարաբաղի «Փառուխ առ Փառուխ» հանձնումը սկսվել է 2022 թ. փետրվարի 22-ին, երբ ՌԴ և Ադրբեջանի նախագահները Կրեմլում ստորագրել են կողմերի ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը:

Այդ փաստաթղթի առաջին կետով Ռուսաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը և միաժամանակ պարտավորվել, որ կողմերից մեկը մյուսի ներքին գործերին չի միջամտի:

Մի իրավիճակում, երբ Լեռնային Ղարաբաղում տեղաբաշխված էին ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողներ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանի ներքին գործերին չմիջամտելու պարտավորությունը փաստացի նշանակում էր, որ ղարաբաղյան խնդիրը ճանաչվում է Ադրբեջանի «ներքին գործ», որը կարգավորելու ուղղությամբ պաշտոնական Բաքվի ձեռնարկելիք ոչ մի քայլի Մոսկվան չի միջամտի:

Հետագա իրադարձությունների, այդ թվում և ԼՂ շրջափակման, ընթացքում Ռուսաստանը մինչև վերջ հավատարիմ է մնացել Ադրբեջանի «ներքին գործերին չմիջամտելու» պարտավորությանը:

Արձանագրելով, որ ռուսաստանցի պաշտոնյաները «բարձրացրել են բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող հարցեր», Ադրբեջանի արտաքին գործերի պարզապես հիշեցնում է այդ առթիվ չորս տարի առաջ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրով Ռուսաստանի ստանձնած պարտավորությունը և բացահայտում, որ նման խոսույթի անթույլատրելիության մասին զգուշացում է արվել ՌԴ նախագահի աշխատակազմին և ԱԳՆ-ին:

Դիվանագիտական լեզվով ավելին չեն ասում: