Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ կայացել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, որ տևել է մոտ մեկուկես ժամ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա մանրամասնել է, որ ԱՄՆ նախագահը «դրական է գնահատել զատկի տոնների առթիվ հրադադարը», իսկ Պուտինը «այդ համատեքստում մայիսի 9-ին հրադադար հայտարարելու պատրաստակամություն է հայտնել»։
Բրիտանական The Telegraph-ի փոխանցմամբ, Սպիտակ տանը իր պատվին կազմակերպված ընդունելությանը ելույթում Չառլզ Երրորդը Դոնալդ Թրամփին հիշեցրել է ֆաշիզմի դեմ համատեղ հաղթանակը և սահմանել, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պարտավոր են միասնաբար կանգնել «Ուկրաինայի և նրա խիզախ ժողովրդի կողքին»։
Երևում է, բրիտանական միապետին այդպես էլ չի հաջողվել ազդել ԱՄՆ նախագահի վրա։ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը լրագրողներին ասել է, որ Ուկրաինան «արդեն փաստացի պարտվել է, իսկ այնտեղ պատերազմը «կարող է ավելի վաղ ավարտվել, քան՝ Իրանում»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռևս չի արձագանքել Ռուսաստանում զորահանդեսի օրը հրադադար հաստատելու առաջարկությանը։
Պուտինի օգնական Ուշակովը նաև հայտնել է, որ հեռախոսազրույցի առանցքային թեմաներից է եղել Իրանի շուրջ իրավիճակը։ Ռուսաստանի նախագահը «զգուշացրել է ռազմական գործողությունների շարունակության կործանարար հետևանքների մասին և ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի կարգավորման մի քանի տարբերակներ»։
Տպավորություն է, որ ուկրաինական և իրական «ճահճում խրված» Պուտինը և Թրամփը «դեմք փրկելու» համար ընտրել են միմյանց ապահովագրելու տարբերակը։ Ընդ որում, երկուսն էլ լուրջ խնդիրներ ունեն ոչ միայն արտաքին, այլև ներքաղաքական «ճակատում»։
Սեպտեմբերին Ռուսաստանում պետական դումայի, իսկ նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են սպասվում։ Երկուսն էլ վարկանիշային կորուստներ ունեն։
Մամուլի տեղեկություններով՝ Թրամփի թիմը «տրոհման եզրին» է։ Նույն վտանգի առաջ է կանգնած նաև Պուտինը։ Ըստ իրազեկ որոշ աղբյուրների, վարչապետ Միշուստինը, տնտեսական բլոկի նախարարները և Կենտրոնական բանկի նախագահ Նաբիուլինան կողմ են Ուկրաինայում առանց նախապայմանների հրադադարի հաստատմանը, իսկ արտգործնախարար Լավրովը, Պուտինի օգնական Պատրուշևը, հատուկ ծառայությունների ղեկավարներ Բորտնիկովը և Նարիշկինը «մինչև վերջնական հաղթանակ» դիրքորոշումն ունեն։
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը հաջորդել է Իրանի արտաքին գործերի նախարարի Ռուսաստան այցին։ Հավանական է, ՌԴ նախագահը Դոնալդ Թրամփին փոխանցել է իրանական կողմի առաջարկությունները։
Բայց ո՞րն է երաշխիքը, որ վաղը ԻՀՊԿ հրամանատարությունը Արաղչիին կրկին «իդիոտ» չի անվանելու և չի չեղարկելու Պուտինի հետ նրա ձեռք բերած համաձայնությունը։

Բաց մի թողեք
Թեհրանը հասկացրել է, որ պատրաստ է զինված դիմակայության ևս մեկ փուլի
Կողմերը ֆորմալ կշարունակեն հավատարիմ մնալ ռազմավարական գործընկերային համագործակցությանը
Պուտին – Թրամփ հեռախոսազրույցը Կրեմլում ավելի շատ հարցերի տեղիք է տվել