06/05/2026

EU – Armenia

ԱԱԾ-ից բացի ովքեր են գաղտնալսման հնարավորություն ունենալու

Ազգային ժողովում ներկայացվել է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը, որը զեկուցել է Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ հստակ կարգավորված չեն ծառայողների պաշտոնային տեղափոխման՝ բարձր, հավասար կամ ցածր պաշտոնների նշանակման գործընթացները, ինչն անհրաժեշտ է հստակեցնել։ Նախագիծը նպատակ ունի լրացնել կիրառման ընթացքում բացահայտված բացերը, իրավական լուծում տալ առկա խնդիրներին և կանխել հնարավոր դժվարությունները գործնականում։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ընդլայնել ծառայողների սոցիալական երաշխիքները։ Մասնավորապես՝ արձակուրդների ցանկում ներառվելու է հայրության նպատակային արձակուրդ, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի իրավունք կտրվի նաև տղամարդ ծառայողներին։

Նախագիծը նաև անդրադառնում է ծառայողների լիազորություններին։ Առաջարկվում է հստակեցնել ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ միջոցների կիրառման դեպքերը, ինչպես նաև սահմանել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի իրավասությունը՝ հաստատելու այդ միջոցների ցանկը և դրանց օգտագործման, հաշվառման ու պահպանման կարգը։

Բացի այդ, նախատեսվում է ներդնել լրացուցիչ արձակուրդ երկարամյա ծառայության համար։ Մասնավորապես՝ 15-25 տարվա և 25-ից ավելի աշխատանքային ստաժ ունեցող ծառայողները կստանան հավելյալ հանգստի հնարավորություն՝ երկարատև ծառայության ծանրաբեռնվածությունը փոխհատուցելու նպատակով։

Փոփոխությունների փաթեթով առաջարկվում է նաև հնարավորություն ստեղծել ծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը սահմանված ժամկետից շուտ հանելու համար, ինչը ներկայումս օրենքով նախատեսված չէ։

Օրենքի նախագծում առանձին շեշտադրվում է, որ ծառայության պետի և նրա տեղակալի պաշտոնները կարող են զբաղեցնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Միևնույն ժամանակ նախատեսվում է ընդլայնել ծառայության գործառույթները՝ թույլատրելով նրան ինքնուրույն իրականացնել թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության օպերատիվ-հետախուզական վերահսկում՝ սեփական տեխնիկական միջոցներով։