20/05/2026

EU – Armenia

Մելոնին անդրադարձել է «Սումուդ»-ի անդամների նկատմամբ վերաբերմունքին․ Իսրայելի դեսպանը կանչվել է բացատրությունների

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին գրել է․

«Իսրայելի [ազգային անվտանգության] նախարար Բեն Գվիրի պատկերներն անընդունելի են։ Անընդունելի է, որ այս ցուցարարները, այդ թվում՝ բազմաթիվ իտալացի քաղաքացիներ, ենթարկվում են մարդկային արժանապատվությունը խախտող այս վերաբերմունքին։

Իտալիայի կառավարությունը անհապաղ ձեռնարկում է ամենաբարձր ինստիտուցիոնալ մակարդակներում բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ներգրավված իտալացի քաղաքացիների անհապաղ ազատ արձակումն ապահովելու համար։

Իտալիան նաև պահանջում է ներողություն խնդրել այս ցուցարարների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի և Իտալիայի կառավարության բացահայտ խնդրանքների նկատմամբ ցուցաբերված լիակատար անհարգալից վերաբերմունքի համար։

Այս պատճառներով Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը անհապաղ կանչում է Իսրայելի դեսպանին՝ տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ պահանջելու համար»։

Ավելի վաղ կադրեր էին տարածվել, որ Իսրայելի անվտանգության ուժերը՝ Բեն Գվիրի ներկայությամբ, դաժան վերաբերմունք են ցուցաբերում միջազգային «Սումուդ» ֆլոտիլյայի անդամների նկատմամբ։

Իսրայելը 2 օր առաջ կալանավորել է նավատորմը, որն ուղևորվել է դեպի Գազայի հատվածի ափեր։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ձերբակալվել է ընդհանուր առմամբ 430 մարդ։ Ըստ հրեական պետության պաշտոնական հայտարարարության՝ նավատորմի կողմից Գազա մարդասիրական օգնություն հասցնելու փորձը «պարզապես PR հնարք» է եղել պաղեստինյան «Համաս» խմբավորման համար։