Վլադիմիր Պուտինը մերժել է հանդիպման և պատերազմը դադարեցնելու բանակցությունների առաջարկությունը, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ներկայացրել էր նրան հղած «բաց նամակով»։
ՌԴ նախագահը Զելենսկում հետ հանդիպման «իմաստ չի տեսել»։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանին ոչ թե երեք կամ վեց ամսվա հրադադար, այլ «պատմական նշանակության համաձայնություն» է պետք, որը «պետք է նախապատրաստեն մասնագիտական աշխատանքային խմբերը»։
Դիվանագիտական այս ձևակերպումը նշանակում է, որ Պուտինը պատրաստ է Զելենսկուն հանդիպել ոչ թե կարգավորման սկզբունքներ քննարկելու, այլ արդեն պատրաստի «համաձայնագիր» ստորագրելու համար։
Ելույթ ունենալով Պետերբուրգի տնտեսական խորհրդաժողովում, Ռուսաստանի նախագահը դիմել է Ուկրաինայում կռվող զինվորականներին և կոչ արել, որ նրանք «աշխատեն»։ Պուտինը հերթական անգամ հիշեցրել է, որ Ռուսաստանի զինված ուժերը «շփման գծի ողջ երկայնքով հարձակվում» են, իսկ Զելենսկու «բաց նամակը», նրա գնահատմամբ, մի նպատակ է հետապնդել՝ կանգնեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը։
Ռուսաստանի նախագահը փաստացի հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի Դոնբասը, Խերոսնի և Զապորոժիեի մարզերը «ազատագրելու» համար։
Տևական դադարից հետո Ռուսաստանի նախագահը Պետերբուրգում կրկին հիշել է Ուկրաինան «դենացիֆիկացիայի ենթարկելու» նպատակը։ ՌԻԱ Նովոստիի խմբագրականը Պուտինի այս թեզը գնահատել է որպես «Մյունխեն-2»՝ նկատի ունենալով 2007թ․ նրա հայտնի ելույթը, որից հետո Ռուսաստանը սառեցրել է արևմտյան կառույցների հետ համագործակցությունը։
Ըստ Ռուսաստանի պետական գործակալության, Պետերբուրգում Վլադիմիր Պուտինը արձանագրել է «միաբևեռ աշխարհակարգի ավարտը» և սահմանել Ռուսաստանի ազգային շահերը, այդ թվում՝ «նրա պերիֆերիայում»։
Խնդիրն, այսպիսով, հստակեցվում է․ Ռուսաստանը հետխորհրդային տարածքը համարում է «իր պերիֆերիա» կամ՝ ծայրագավառ։ Այս համատեքստում պետք է դիտարկել Ադրբեջանին ԵԱՏՄ անդամակցության առաջարկությունը, որ Պետերբուրգում հնչեցրել է ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը։
Ենթադրելի է, որ այդ գաղափարը Վլադիմիր Պուտինը քննարկել է ԵԱՏՄ Աստանայի գագաթաժողովում։ Ռուսաստանը քաղաքակրթական առումով «թուրքական աշխարհի» հետ որևէ խնդիր չունի։ Հետխորհրդային տարածքում Մոսկվայի համար «ցավոտ կետեր» են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը։
ԵԱՏՄ-ն, այսպիսով, Ռուսաստան-«թուրքական աշխարհ» քաղաքակրթական միջավայր է, որտեղ Հայաստանը «դիսոնանս» է ստեղծում։ Հայաստանին ներկայացված «վերջնագիրը» տնտեսական որևէ հիմնավորում չունի, բացառապես քաղաքական- քաղաքակրթական է, ուստի «ուկրաինական ճակատագրի» սպառնալիքը պետք է գնահատել խորքով։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան – Իրան հարաբերություններում Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
«Բռնապետության պայմաններում բաց քվեարկել է Ռուսաստանի օգտին»
Պուտինը Զելենսկիին. Ոչ մի խաղաղության բանակցություններ, և մի՛ անվանեք ինձ ծեր